Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տարբեր փորձագետներ, մասնագետներ մատնանշում էին, որ հարկերի հավաքագրման ցուցանիշը բավականին ցածր է սահմանվել՝ հաշվի առնելով նախորդ` 2018 թվականի փաստացի ցուցանիշները և մի շարք հարկերի դրույքաչափերի բարձրացումը։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։
Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները և պետական տուրքն աճել են 21,6 տոկոսով, որը հիմնականում ապահովվել է ի հաշվի ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շահութահարկի, շրջանառության հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքերի։ Անշուշտ, այս աճի ապահովման գործում մեծ ներդրում ունեն ոչ միայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այլև իրավապահ մարմինները։
Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Ինչպես միշտ, մեծ շուքով է հրապարակվում խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծությունը, կարծես դա մեր տնտեսության փրկությունն է։ Մի կողմ թողնելով այն, որ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն հարկերի հավաքագրում, այլև դրանց ծախսում՝ ըստ ծրագրերի (հատկապես՝ կապիտալ ծախսերի ծրագրերի, որոնք ձախողել է այս կառավարությունը)։
Պետք է փաստել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։ Սա բաժակը կիսով դատարկ կամ կիսով լիքը տեսնելու հարց չէ։ Զարգացած, սոցիալապես արդար տնտեսական համակարգ ունեցող երկրներում փոքր և միջին բիզնեսը վճարում է ընդհանուր հարկերի շուրջ 70 տոկոսը, ինչը վկայում է, որ այդ տնտեսության մեջ ստեղծվող արդյունքը բաշխվում է հասարակության լայն խմբերի միջև, ոչ թե մի քանիսի, ինչպես մեզ մոտ։ Դրա վառ ապացույցը մանրածախ առևտուրն է, որտեղ խոշոր սուպերմարկետները, առանց սահմանափակումների կամ լրացուցիչ հարկման, ընդլայնում են իրենց գործունեության աշխարհագրությունը և մեծածախ գներով մանրածախ վաճառք իրականացնում՝ մեծացնելով իրենց մասնաբաժինը շուկայում, ինչի արդյունքում բազմաթիվ փոքր և միջին խանութներ, կրպակներ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Ի դեպ, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի 44,7 տոկոս ավելի շրջանառության հարկ է վճարվել, այսինքն՝ փոքր բիզնեսից հարաբերականորեն ավելի շատ են հավաքագրվել հարկեր, քան խոշոր հարկատուներից։
Իսկ ինչ վերաբերում է խոշոր հարկ վճարողների տասնյակում ընդգրկված կազմակերպություններին, ապա 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանք վճարել են 21.5 մլրդ դրամ կամ 12.6 տոկոս ավելի։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ր ոլորտներում են գործում այդ ընկերությունները, և ի՞նչ ազդեցություն է ունեցել այս ընկերությունների գործունեության վրա ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը։
Խոշոր հարկ վճարող ընկերություններից են «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-ը, որոնք հանքարդյունաբերական ընկերություններ են, և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունը ուղղակիորեն կախված է միջազգային շուկայում մետաղների գների հետ։ Այս տարվա ընթացքում մետաղների գները միջազգային շուկայում համեմատաբար բարձր են եղել, ինչն էլ նպաստել է նրանց շրջանառության ծավալների և հարկերի վճարումների աճին։ Հանքարդյունաբերության երկնիշ աճի պայմաններում անհասկանալի է բնապահպանական հարկից և բնօգտագործման վճարից մուտքերի զգալի նվազումը՝ 4,6 տոկոս։ Ըստ էության՝ շարունակվում է ընդերքի գերշահագործումը։
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ», «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունները ծխախոտ արտադրող և ներկրող ընկերություններ են, որոնց վճարած հարկերի ներկա մեծությունը պայմանավորված է իրացման ծավալների և 10 տոկոսով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունները բնական մոնոպոլիաներ են, որոնց կողմից հարկերի ավելի վճարումները բացատրվում է կորուստների կրճատմամբ։
«ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունները զբաղվում են բենզինի և դիզելային վառելիքի ներկրմամբ և մանրածախ վաճառքով. տարբեր գնահատականներով՝ նրանց է բաժին ընկնում ներկրվող վառելիքի 75-80 տոկոսը և բենզալցակայանների ցանցի շուրջ 1/3-ը։ Այս շուկայում տարիներ շարունակ իրականացվում է միասնական գնային քաղաքականություն, այս և մյուս փոքր ներկրողները միաժամանակ գները բարձրացնում և իջեցնում են։ Օրինակ՝ այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում հեղուկ վառելիքի գներն աճում էին՝ արժևորվող դրամի և միջազգային շուկայում նավթի գների նվազման պայմաններում։ Տարիներ շարունակ այս ընկերությունները, օգտվելով իրենց՝ ներկրող լինելու հանգամանքից, ընդլայնել են իրենց բենզալցակայանների ցանցը և պետական գնումները բաշխել միմյանց միջև։ Ցավոք, արդեն կես տարուց ավելի է՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ ուսումնասիրությունների փուլում է, և ըստ էության, այս շուկայում չունենք մրցակցության բարելավում։ Բացի այդ՝ այս շուկան շարունակում է մնալ ստվերային, զգալի են թերլիցքավորման և անորակ վառելիքի դեպքերը։
Հանրությանը հետաքրքրում է նաև, թե ինչպե՞ս է՝ խոշոր հարկատուների տասնյակում չի հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ Դա նույնպես իր բացատրությունն ունի: Այսպես՝ 2018 թվականի մայիսին «Ալեքս Գրիգ» ընկերությունն իր գործունեության ոլորտները բաշխեց 8 ընկերությունների միջև, այսինքն՝ տարբեր ապրանքների ներկրումը, արտադրությունը և սուպերմարկետների ցանցը գործում են «Ալեքս Գրիգի» և յոթ այլ ընկերությունների միջոցով։ Անշուշտ, նպատակը ռիսկերի նվազեցումն էր, մեծածախ-մանրածախ շղթայի՝ թեկուզև ձևական առանձնացումը, ինչպես նաև տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դեպքում հնարավոր խոշոր տուգանքներից խուսափելը և այլն։ Հանրագումարում այդ 8 ընկերություններն ավելի շատ հարկ են վճարել, ինչը տեղի է ունեցել ի հաշիվի ստվերային եկամուտների հայտարարագրման և շուկայի մենաշնորհացման ընդլայնման։
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին խոշոր հարկ վճարողների տասնյակը |
|
1. |
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» |
2. |
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» |
3. |
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» |
4. |
«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» |
5. |
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» |
6. |
«ՖԼԵՇ» |
7. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» |
8. |
«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» |
9. |
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» |
10. |
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» |
Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ
1․ հարկերի հավաքագրման և տնտեսական զարգացման վրա կառավարության տնտեսական քաղաքականության ազդեցությունը շատ փոքր է,
2․ տնտեսության մենաշնորհացման գործընթացը շարունակվում է,
3․ մենք չունենք ներառական աճ, իսկ եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ավելի է խորանում։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու
Սուրեն Պարսյան