Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային շուկայում ձկան կերը թանկացել է մոտ 10 տոկոսով, ինչը կանդրադառնա Հայաստանում արտադրվող ձկան ինքնարժեքի, հետեւաբար` նաեւ գնի վրա. լրագրողներին այսօր ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Կարեն Աթոյանը:
Նա նշեց, որ այս թանկացումով հայկական ձկնաբուծության եւ ձկնարդյունաբերության համար ի հայտ կգան նոր խնդիրներ, որը հնարավոր կլինի լուծել միմիայն կառավարության անմիջական ու գործուն մասնակցության շնորհիվ: Մասնավորապես` կառավարությունը պետք է փորձ անի օգնելու մանր ու միջին ձկնաբուծական տնտեսություններին գոնե ինքնարժեքով կեր ստանալու հարցում: Հակառակ պարագայում` այդ տնտեսություններից շատերը կսնանկանան:
Կարեն Աթոյանը անդրադարձավ նաեւ կառավարության, մասնավորապես` գյուղնախարարության հայտարարած` ձկնաբուծության եւ ձկնարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին: Հայ ձկնաբույծների միավորման նախագահը նշեց, որ Հայաստանում բացառվում է փակ ցիկլով ձկնարտադրության մոդելի ներդրումը` կապված անհրաժեշտ տեխնիկական միջոցների բավականին թանկության հետ: Իսկ կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների տեխնոլոգիան ներդնելն էլ, թեեւ պահանջվող ծախսերը քիչ են, սակայն, նույնպես անիրատեսական է: Եվ որպեսզի այն դառնա իրատեսական կառավարությունը պետք է որոշակի միջոցառումներ իրագործի: Մասնավորապես` էժան վարկային միջոցներ տրամադրի ձկնաբույծներին, կերերի ձեռքբերման հարցերում օգնի եւ այլն:
Կարեն Աթոյանը նշեց նաեւ, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտում ինքը նկատում է մենաշնորհացման միտում: Չնշեց, թե ովքեր են փորձում մենաշնորհային դիրքեր գրավել, միայն ասաց, որ այդ միտումը գոյություն ունի: Եվ դրա համար էլ նա առաջարկում է իրավական եւ տնտեսական այնպիսի գործիքների կիրառում, որոնք կբացառեն այս ոլորտը եւս մենաշնորհային դարձնելը:
Բանախոսը չնշեց նաեւ, թե ովքեր են այս ոլորտը տանում մենաշնորհացման: