կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 17:24
Հասարակություն

Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը մերժել է նաև Վերաքննիչ վարչական դատարանը

Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը մերժել է նաև Վերաքննիչ վարչական դատարանը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2021թ. մարտի 3-ին մերժել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ներկայացուցիչներ Կարեն Հեքիմյանի և Թաթուլ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

ՔԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հիշեցնենք, որ ՔԻՊ-ը 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ ՔԻՊ-ի վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ, մերժել է բողոքը։

Նշենք, որ իրավաբանական համայնքի, այդ թվում՝ ՔԻՊ-ի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունն իրավական առումով՝ առ ոչինչ է, և դրա հասցեատիրոջ վրա՝ տվյալ դեպքում ՀՀ-ի վրա, դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։

Նշենք նաև, որ 10.11.2020թ եռակողմ հայտարարությամբ ոչ իրավաչափ պարտականություններ են դրվել ՀՀ քաղաքացիների վրա, ոչ իրավաչափորեն սահմանափակվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ ՀՀ-ն ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ։

Այսու՝ ՔԻՊ-ը մնում է նույն կարծիքին, որ 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը (ըստ էության՝ համաձայնագիրը) ՀՀ մասով վերացնելը էական ներդրում կլինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ, չնայած, Վարչական դատարանի և Վերաքննիչ վարչական դատարանի երկու դատավորներ մերժեցին հակահայկական բնույթի համաձայնագրի վերացման արդարացի պահանջը, ՔԻՊ-ը շարունակելու է համապատասխան քայլեր կատարել նոյեմբերի 10-ի հայտարարությունը ՀՀ մասով վերացնելու ուղղությամբ»: