Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ներկայացնում ենք գրողների ու գրականագետների սիրո խոստավանություններն' առ գիրք:
Հովիկ Չարխչյան /գրող, գրականագետ/
Ես սիրու՞մ եմ գիրքը: Ես դա չգիտեմ: Չեմ մտածել դրա մասին, որովհետև շնչելիս չես մտածում օդի հանդեպ քո զգացմունքների մասին, և քայլելիս էլ չես խորհում, թե ինչքան տարփանք կարող է լինել քո ոտնահետքերում, երբ դրանք հպվում են գետնին:
Չէ, հավանաբար չեմ սիրում, քանի որ գիրքն իմ ներսում միանգամայն այլ մղումներ է արթնացնում: Ես դառնում եմ շահամոլ ու հարստահարիչ, ես պատրատ եմ նրանից կորզել ամեն բան, պահել փակի տակ, չզիջել ոչ մեկին: Լավ գիրքը ինձ դարձնում է ագահ, վատը չարացնում է: Ուրիշի պահարանում տեսած գիրքն ինձ նախանձ է ներարկում, կորցրած գիրքն ինձ հուսահատության է մատնում: Վաճառվող գրքի հետ ես դառնում եմ վաշխառու, փոխանակելիս' հաշվենկատ, նվիրելիս' թալանված:
Ինչպե՞ս ես կարող եմ սիրել մի բան, ում հետ մշտական վեճի մեջ եմ, ով իմ օրերը դարձնում է իրենը, իմ ժամանակը քառատում է, ինձ խլում է նրանցից, ում իսկապես սիրում եմ, ինձ վարակում է իր բացիլներով:
Ես չեմ սիրում գիրքը: Ես նրա հիվանդն եմ:
Արքմենիկ Նիկողոսյան /գրականագետ/
... նրա համար, որ դու չլինեիր, ես այսպիսին չէի լինի, գուցե ավելի լավը լինեի, բայց այսպիսի՛ն չէի լինի, և միշտ անկեղծ ծիծաղիս համար, և հիշելուց չամաչեցնող արցունքիս համար, և սերերիս համար, և սեր լինելուս համար, աշխարհին ու մարդկանց արևի պես նայելու՝ գուցե մեծամիտ հնչող, բայց քո՝ ինձ պարգևած զարմանալի կարողության համար, իմ հրաշալի ընտանիքի համար, իմ՝ հենց ա՛յդ երեխաների, իմ հենց ա՛յդ կնոջ, իմ հենց ա՛յդ ընկերների համար, ու, ընդհանրապես, իմ հենց ա՛յդի համար:
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԳԻՐՔ, սիրում եմ, ինչպես մեր հին հեքիաթում Դավիթին սիրում էր իր ձին...
Հասմիկ Հակոբյան /գրականագետ/
Գիրքը՝ անհաղթահարելի սեր, որ միշտ տանում է քեզ իր մոտ:
1. Իմ խորհին համոզմամբ, գրքասիրությունը մարդուն տրված շնորհ է, ինչպես օրինակ լավ ձայնային տվյալները, պարելը, նկարելը... Մարդը կամ գրքասեր է լինում, կամ՝ պարզապես անտարբեր գրքին, միջին տարբերակ չկա:
2. Գիրքը մեծ աշխարհի քո բաժին մենությունը հաղթահարելու միջոց է: Կյանքի ամենաբարդ ու հիասթափված պահերին գիրքը կարող է քո միակ ընկերը լինել, ցրել քո հուսահատությունը: Գրքի ու ընթերցանության մեջ ներքին ֆիլտրացնող մի բան կա, որ քեզ մաքրում, հավասարակշիռ վիճակի է բերում:
3. Գիրքը զարգացնում է երևակայությունը, հնարավորություն տալիս երազել, երևակայել ու ապրել բազմապիսի կյանքերով հագեցած մի կյանք:
4. Գիրքն ընդլայնում է մեր գիտակցության սահմանները: Յուրաքանչյուր կարդացած գիրք՝ աշխարհը նոր դիտանկյունից տեսնելու մի լրացուցիչ հնարավորություն է: Ամեն մի կարդացած գրքից հետո դուք այլևս նույն մարդը չեք:
5. Գրդարակում տեղադրված գիրքը պարզապես իր է, բայց երբ ձեռքդ ես վերցնում այն, բացում ու ընթերցում' սկսում է գործել կախարդանքը: Տարիներ շարունակ քո գրադարակում քեզ հետ զուգահեռ ապրող հերոսները ակնթարթորեն քեզ իրենց անհավանական կյանքի մասնակիցն են դարձնում:
6. Գիրքը քո սրտից է խոսում... Եվ ինչպես է պատահում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկն այնքան ճշգրտորեն նկարագրել է քո բոլոր ապրումները, մտքերն ու զգացողությունները: Թարգմանված լինելու այդ ներքին բավարարությունը հնարավորություն է տալիս հաղթահարել բոլոր հիասթափություններն ու հուսահատ մտքերը:
7. Գիրքը նոր բան սովորելու ամենալավ միջոցն է, այն նաև զարգացնում է ձեր լեզվական հնարավորությունները, ընդլայնում բառապաշարը և հնարավորություն տալիս խոսել ու թարգմանել աշխարհն ավելի բովանդակ լեզվով:
Աշոտ Գաբրիելյան /բանաստեղծ/
Այսօր բոլորն են կարդում: Չկարդացող քիչ կա: Ինֆորմացիայի հոսքն այսօր այնքան մեծ է, որ դրա կողքով գրեթե ոչ ոք անտարբեր չի անցնում: Կարելի է ասել, որ կարդում են ու այն էլ չափազանց շատ:
Ամեն դեպքում, կարդալ ասելով, մենք առաջին հերթին գիրքը նկատի ունենք: Եվ սա լավ է, որ այսպես է: Որովհետև գիրք կարդալը ունի մի շարք կարևոր առավելություններ (նախապես ասեմ, որ կապ չունի գիրքն էլեկտրոնայի՞ն է, թե՞ թղթային): Ամենակարևոր առավելությունն այն է, որ գիրքը համակարգ է: Գիրքը նախ և առաջ պետք է ընտրել: Սա արդեն խոսում է անձի նախասիրությունների, ճաշակի ու յուրահատկությունների մասին: Սա մարդուն ինքնություն է տալիս, ինչը չի կարելի ասել համացանցում տեղից տեղ ցատկող, ամենակուլ, տարտամ որոնումների ու կցկտուր ընթերցվածի պարագային: Գիրքը, ինչպես նշեցի, առաջին հերթին համակարգ է: Էլ ի՞նչ գիտելիք առանց համակարգի: Նույնիսկ զգայական դաշտում ոչ մի պատկերացում առանց համակարգի չի ամբողջանում: Ես արժևորում եմ գիրքն առաջին հերթին այս համակարգի առկայության համար և կապ չունի, թե գիրքը ում է հասցեագրված:
Բոլոր հետաքրքրությունների ու նախասիրությունների մարդկանց համար անպայմանորեն հասցեագրված գրքեր կան: Սա ապացուցում է ևս մի բան' գիրք երևույթը կարող է յուրովի օգտակար ու պիտանի լինել բոլորին: Ընդամենը պետք է քայլ առաջ կատարել: Գիրք նվիրելու օրը ինձ համար յուրահատուկ է նրանով, որ ես փորձում եմ յուրաքանչյուրին նվիրած իմ գրքով ամենաանհրաժեշտն ու ամենակարևորը տալ: Պատկերացրեք, որ դա ստացվում է, քանի որ ես նվիրում եմ ոչ թե իմ սիրած ու նախընտրած գրքերը, այլև փորձում եմ հասկանալ դիմացինի հոգեբանական ու մասնագիտական առանձնահատկությունները:
Կարեն Անտաշյան /բանաստեղծ/
Կյանքի կողմից Երեխաներն ու գրքերն ինձ համար ամենաբացարձակ չափման միավորներն են: Ապրածի գնահատման ամենաարժանի չափման միավորները՝ մի դեպքում առ կյանքն ունեցած սրբազան պարտքի կատարումը, մյուս դեպքում՝ առ մարդկությունն ու քաղաքակրթությունը, որ եկել է դատարկություններով ու ցրտերով առլեցուն այս տիեզերքում կյանքի չափազանց փխրունության ու դատապարտվածության գիտակցումին: Եթե երեխաները մեր կենսաբանական հիշողության վերարտադրությունն են, ապա գրքերը՝ մեր անձնապես կուտակած փորձառության ու ճանաչողությամբ ձեռքբերված հիշողության հաղորդագրությունն են առ ապագա:
Երբևէ, հարյուր-հազարամյակներ առաջ մենք կտրվել ենք մեզ ծնած բնությունից ու շարունակում ենք հեռանալ ավելի ու ավելի ահռելի արագությամբ դեռևս անհայտ պատճառներով ու չգիտակցված ուղղությամբ, բայց քաղաքակրթությունից ինքնաոչնչացման ճգնաժամ միշտ մի անզգույշ քայլ է և պատմության ընթացքում մենք մեկ անգամ չէ, որ արել ենք այդ քայլը: Դրանք այն ժամանակներն են, երբ հանուն բացարձակ իշխանության սպանվել են երեխաներն ու այրվել գրքերը և դա վերջն է եղել ամեն ինչի: Երեխաներն ու գրքերը լցնում են մեր ու մեր բնության միջև խորացող ահռելի անդունդը, նրանք մեզ փրկում են ամեն օր:
Հովհաննես Թեքգյոզյան /արձակագիր, դրամատուրգ, դերասան/
Երբ փոքր էի, գրքերը հիմնականում ինձ հետաքրքրում էին իրանց էջերում պահված «նամակների» պատճառով: Գրադարանից վերադառնալով՝ անհամբերությունից դողողալով՝ գիրքը բացում ու մեծ ախորժակով «ուտում էի» թերթերի վրայի գրառումները, նշումները, արանքներում մոռացված բացիկները, օրացույցի թերթերը, էջանիշները, մատիտա-գրչանկարները, հեռախոսի համարները, անգամ ճաշոտ մատնահետքերը: Եվ գրքերը իմ հիշողության մեջ հաճախ մնում էին գրքից դուրս մեսիջներով...
Հետո՞... Ստացվեց այնպես, որ գրքերից մեկը ոչ մի արտառոց հղում չուներ, անգամ՝ նախկին ընթերցողի մատնահետքերը չէին երևում: Ինձանում այնպիսի տպավորություն էր, որ առաջին կարդացողը, բացահայտողը ես եմ: Ոչ մի արտաքին նամակ չունենալով՝ իմ իննամյա խելքով հանկարծ նկատեցի, որ գիրքը ուղղակի հեղեղված է գունադիտակի պատկերներով: Ընդ որում, յուրաքանչյուր էջը շրջելիս՝ գունադիտակի բյուրեղները նորովի էին հավաքվում՝ ստանալով բոլորովին նոր պատկեր: Երբ կարդացի՝ վերջացրի, գիրքը մի էնպիսի հպարտությամբ գրադարան վերադարձի, ասես նրա էջերում ինքս հազարավոր մեկնաբանություններ ու մեսիջներ էի թողել...
Նառա Վարդանյան /արձակագիր/
Ինձ ավելի շուտ գրքերն են սեր խոստովանում, քան' ես իրենց: Գրքեր կան, որ կարդալիս սիրահարվում են ինձ ու կողքիցս հեռու չեն գնում: Հետո ես իրենց ճանապարհները տեսնում եմ' ամեն մեկն իր ճանապարհով է գնում, իսկ ոմանք մեռնում են կես ճանապարհին: Բայց կան մի քանի գրքեր, որ փոխադարձաբար սիրում ենք միմյանց:
Այսօր ուզում եմ Սեր խոստովանեմ ի ՜մ Դոստոևսկու ի ՜մ «Ապուշին»: Գիրք, որ ինձ համար շատ հարցերի պատասխաններն արդեն ուներ: Գրող, որ իմ ընկերն է, ում կարելի է կարդալ և իմ ու իր մենակությունների համեմատության մեջ ես գտնեմ և՛ ինձ, և՛ իրեն:
«Չէ որ գլխավոր, ամենաիսկական ցավը, գուցե, վերքերի մեջ չէ, այլ գուցե նրա, որ գիտես՝ ահա մեկ ժամից, հետո տասը րոպեից, հետո արդեն կես րոպեից, հետո հիմա, հենց հիմա, հոգին դուրս կթռչի մարմնից, և այլևս չես կարող մարդ լինել...»: «Ապուշը»:
Սիրո խոստովանությունները «հավաքագրեց»` Կարինե Հարությունյանը