կարևոր
1198 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-15 10:18
Հասարակություն

Ապագա կա՞, արդյոք, Երևանի 5 թանգարանում. լայն քննարկում մեկնարկ

Ապագա կա՞, արդյոք, Երևանի 5 թանգարանում. լայն քննարկում մեկնարկ

Yerkir.am-ը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թանգարանների 2023, 2024 թվականների և 2025 թվականի առաջին կիսամյակի այցելությունների քանակի, իրականացված կրթական ծրագրերի, ֆինանսական մուտքերի, եկամուտների, գիտական և գիտակրթական միջոցառումների, տեղական ցուցադրությունների, միջազգային ցուցադրությունների, համալրված առարկաների և կամ միավորների, վերականգնված, կոնսերվացված առարկաների վերաբերյալ, յուրաքանչյուր տարվա համար եռամսյակային կտրվածքով:  

Խնդրել էինք նաև տեղեկություն առ այն, թե Երևանի քաղաքապետարանի կողմից ինչպիսի՞ աջակցություն են ստացել իր ենթակայության տակ գտնվող թանգարանները: Վերջին անգամ ե՞րբ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանների աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Եթե տեղի չի ունեցել, ապա խնդրել էինք նշել պատճառները և հիմնավորումները: 

Հարցրել էինք նաև, թե թանգարաններն ի՞նչ միջազգային համագործակցություն են ունեցել վերը նշված ժամանակաշրջաններում: Միջազգային ծրագրերից քանի՞սն են իրականացվել և քանիսը՝ ոչ: Եթե նախատեսված միջազգային ծրագրերը չեն իրականացվել, խնդրել էինք նշել պատճառների մասին:   

Տեղեկատվություն էինք խնդրել նաև, թե նշված տարիներին թանգարանների քանի՞ աշխատակից է արժանացել շնորհակալագրի, պատվոգրի և կամ այլ խրախուսման Երևանի քաղաքապետարանի կողմից։

Կից ներկայացնում ենք քաղաքապետարանի կողմից մեզ տրամադրված տեղեկատվություն-աղյուսակները: Քաղաքապետարանը աղյուսակներին կից նաև հայտնում է, որ Երևանի ենթակայության թանգարանները Երևանի քաղաքապետարանի կողմից ստանում են սուբսիդիա, ինչպես նաև Երևանի ենթակայության թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը եղել է 2023 թվականի հունվարի 1-ից` նվազագույն ամսական աշխատավարձը։ 

Քաղաքապետարանից նաև հավելում են, որ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում սիստեմատիկ պեղումներ են իրականացվել, դրանք են՝  2023թ. Կարմիր բլուրում հայ-ավստրիական, 2023թ. Արին բերդում հայ-ֆրանսիական, 2024թ. Կարմիր բլուրում հայ-ռուսական, 2024թ. Արին բերդում հայ-ֆրանսիական, 2025թ. Կարմիր բլուրում հայ-ավստրիական։ 

«Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի մասով քաղաքապետարանը հայտնում է, որ թանգարանը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես «ԷՅ ԸՆԴ ԷՅ ՎՈՐԼԴՎԱՅԴ» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչության (ՌԴ) երկու, TRUICA EVENT Brrand (Ռումինիա) երկու, ART Treasurres կազմակերպության (ԱՄՆ) երկու, PIVKA ժամանակակից արվեստի կենտրոնի (Սլովենիա)` մեկ նախագծերով։ Միաժամանակ կազմակերպվել է Խաչատուր Բելիի (ՌԴ), Միրեյ Գոգիկյանի (Լիբանան), Լյուսի Չուլակյանի (Կանադա), Ջավեդ Վասսեիհ (Գերմանիա) սփյուռքահայ և օտարազգի արվեստագետների անհատական ցուցահանդեսներ։ Նախատեսված միջազգային նախագծերից բոլորը իրականացվել են։

Հավելենք նաև, որ Yerkir.am-ն առաջիկայում դիմելու է ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներին և վերջիններիս միջոցով պատրաստվում է հանրային լայն քննարկման արժանացնել այս հարցերն ու ներկայացված տեղեկատվությունը: