Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Էրեբունի ամրոցը համարվում է մայրաքաղաք Երևանի շատ կարևոր հուշարձաններից մեկը: Երևանի քաղաքապետն իր երդմնակալությունն իրականացնում է՝ ձեռքը դնելով Երևանի ծննդյան վկայանը համարվող Արգիշտի Առաջին արքայի թողած սեպագիր արձանագրության վրա:
Ներկայումս խայտառակ վիճակում են գտնվում Էրեբունի ամրոցի որմնանկարները: Քայլելով ամրոցի տարածքում` կարելի նկատել տարբեր հատվածներում խզբզվածքներ, վանդալիզմի հետքեր, ընկած որմնանկարների մասեր: Այս ամենը չի կարող լավ տպավորություն ստեղծել Էրեբունի ամրոցի այցելուների համար և խիստ բացասական ընկալում է ստեղծում համապատասխան մարմինների կողմից մեր մայրաքաղաքի հուշարձանների հոգածության մասին:
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ պարզելու համար, թե 2018 թվականից սկսած ի՞նչ քայլեր է իրականացրել Երևանի քաղաքապետարանը այդ որմնանակարները և դրանց պատերը ամրակայելու, վերականգնելու համար և ե՞րբ է պատրաստվում Երևանի քաղաքապետարանը համալիր մոտեցում ցուցաբերել այս կարևորագույն խնդրի լուծման համար:
Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը գրավոր ներկայացրել է պատասխան, որն ամբողջությամբ և անփոփոխ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Սարգսյան,
ի պատասխան Ձեր 10.04.2025թ. հարցման՝ ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի 2018 թ. սկսած Էրեբունի ամրոցի որմնանկարները և դրանց պատերը ամրակայելու, վերականգնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած քայլերի վերաբերյալ, տեղեկացնում եմ հետևյալի մասին:
Նշված որմնանկարները ստեղծվել են 1968 թ. և հանդիսանում են Էրեբունի ամրոցից հայտնաբերված որմնանկարների բեկորների վերակազմություններ: Բնօրինակ ոչ մի որմնանկարների բեկոր չի գտնվում ամրոցի պատերին: Բոլոր որմնանկարների բեկորները՝ հայտնաբերված Արին բերդի տարբեր տարիների սիստեմատիկ պեղումներից, հաշվառված են և պահպանվում են Էրեբունի թանգարանի հնագիտական ֆոնդում 1980 թվականից՝ ԳՄ-16, ԲՄ-16 հնագիտական ժողովածուում՝ թվով 35 բեկոր:
Խորհրդային տարիներին կատարված և սխալմամբ ուրարտական ներկայացվող վերակազմությունների տեսքը խաթարվել է տարիների ընթացքում բնակլիմայական պայմանների և այցելուների որոշակի շրջանակի ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Ցանկանում եմ նաև նշել, որ այս տարի իրականացվող Թանգարանների գիշերի շրջանականերում, Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունում ներկայացվելու են պեղումների ընթացքում հայտնաբերված որմնանկարների բնօրինակ բեկորները:
Միաժամանակ՝ բարձրացված խնդրի կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ 2023 թ. փետրվարին ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության որմնանկարների մասնագիտական խորհրդի նիստ, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կողմից ստեղծվել է վերը նշված որմնանկարների վերականգնման տեխնիկական առաջադրանք: Առկա որմնանկարների ամրակցման և վերականգնման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ճարտարապետի եզրակացություն, ուստի հարցը գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության տիրույթում: Որմնանկարների վերականգնման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացության տրամադրման և նախագծի ֆինանսական գնահատականի առկայության դեպքում հարցին կտրվի համապատասխան ընթացք»:
Պատասխանից կարելի է եզրակացնել, որ խնդիրը գտնվում է բյուրոկրատական քաշքշուկների տեղապտույտում և բազմաթիվ օղակների լաբիրինթոսում այն մոտ ապագայում ոչ մի լուծում չի ստանալու: Արդյունքում՝ հայոց քաղաքակրթական ժռանգության ամենաառանցքային նմուշներից մեկի՝ Էրեբունի ամրոցի որմնանկարները դեռ երկար ժամանակ այցելուներին են ներկայանալու խայտառակ վիճակում:
Հավելենք նաև, որ Yerkir.am-ն առաջիկայում դիմելու է ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներին և վերջիններիս միջոցով պատրաստվում է հանրային լայն քննարկման արժանացնել այս հարցերն ու ներկայացված տեղեկատվությունը:
Վ. Սարգսյան