կարևոր
727 դիտում, 9 ժամ առաջ - 2025-05-15 13:50
Հասարակություն

Ֆաշիզմը շարունակվել է նաև Արցախում. «Պատիվ ունեմ»-ն առաջարկում է ԱԺ-ին դատապարտող բանաձև ընդունել

«Հայտարարությունը մեր համար կարևորվում է առաջին հերթին Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ և հաղթանակում ունեցած բավականին մեծ ներդրմամբ»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտնեց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ներկայացրեց «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ԱԺ-ի հայտարարության նախագիծը։

Նշելով, որ ընթացիկ տարում տարբեր միջոցառումներ են լինելու աշխարհի տարբեր հատվածներում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն և ընթերցեց այն.

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության:

Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում  բեկումնային էին  Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից  անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:

Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում:

Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր: Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում:

Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը:

Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը:

Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով:

Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ:

80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:

2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման:

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում: Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին:

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»: