կարևոր
1375 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-15 13:50
Հասարակություն

Գիտնականը, խմբագիրը և հրատարակիչը. լույս է տեսել Անուշավան Զաքարյանի կենսամատենագիտությունը

Գիտնականը, խմբագիրը և հրատարակիչը. լույս է տեսել Անուշավան Զաքարյանի կենսամատենագիտությունը

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, խմբագիր և հրատարակիչ Անուշավան Զաքարյանի կենսամատենագիտությունը: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գրքույկում զետեղված են նվիրյալ գիտնականի կյանքն ու գործունեությունը բնութագրող ակնարկներ, 1979-2024 թվականներին նրա հրատարակած աշխատությունների մատենագիտական ցանկեր (կազմել է պ.գ.թ. Ստյոպա Պետոյանը) ու գիտնականին վերաբերող օժանդակ նյութեր: Կենսամատենագիտության հրատարակման առիթը Անուշավան Զաքարյանի ծննդյան 70-ամյակն է (ծնվել է 1954 թ.):

Yerkir.am-ն ստորև ներկայացնում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի՝ «Գիտնականը, խմբագիրը և հրատարակիչը» վերտառությամբ  ծավալուն հոդվածը, որտեղ ներկայացված է Անուշավան Զաքարյանի կյանքը,  գործունությունը և ամբողջական վերլուծություն՝ գիտնականի գիտական աշխատանքների (մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, հրապարակումներ, գրախոսականներ և այլն) մասին:

 

***

Լրացավ բա­նա­­սիրական գիտություն­նե­րի դոկ­­տոր, «Պատմա­բա­նա­սիրական հան­­դես»-ի գլ­խա­վոր խմբագիր, ԳԱԱ արվեստի ինս­տի­­­տուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, «Գիտության աշխարհում» հանդեսի հայագիտական բաժնի խմբագիր Անո­ւ­շա­վան Հազա­րա­պետի Զաքար­յանի ծննդ­­­յան 70-ամ­յա­կը: Խմբագրի, հրատա­րակ­­­չի, լրա­գրո­ղի, ման­կա­վարժի, գի­տ­աշ­­խատողի վաս­տա­կած անունն ու­ղեկ­ցում է նրան աշ­խա­­տան­քային առաջին իսկ քայ­լե­րից, որ իր ճա­նա­­պարհն անցել է Հա­յաս­տանի Հան­րա­պետության գի­տութ­­յուն­­ների ազ­­գային ակա­դե­միայի համա­կար­գում: Զբա­­ղեց­նե­լով միջազ­գա­­յին համ­բավ ունեցող հայա­գի­տական այս հանդեսի գլխա­­վոր խմբա­գրի շատ աշխա­տա­տար պաշտոնը՝ նա միա­­ժա­մա­նակ արդ­յու­նավետ գոր­ծու­­նեություն է ծա­­­վա­լում գիտա­հետա­զո­տական աս­պա­րե­զում. դրա վկա­յութ­յունը նրա բազմաթիվ մենա­գրութ­յունները, կազմած ժողո­վա­ծու­ներն ու հոդված-հրապա­րա­կում­ներն են:

Ա. Զաքարյանը ծնվել է 1954 թ. հունվարի 1-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի (պատմական Գողթան գավառի) Փառակա տոհ­միկ հայոց գյուղում, բժշկի ընտա­նի­քում: Մտավորական էր ամ­բողջ գեր­դաս­տանը և հիմնական ուղ­­ղվա­ծութ­յամբ՝ բանասիրական, ինչն իր ան­ջինջ կնիքն է դրել Ա. Զա­քարյանի մաս­նա­գիտական և բուն հա­յագիտա­կան ուղղվա­ծու­թյան վրա:

Վաղ տարիքից ընտանիքի հետ բնակություն է հաստատել Երևա­նում, որտեղ 1961 թ. ընդունվել, 1971-ին ավարտել է Նադեժդա Կրուպ­ս­­կա­յայի (այժմ՝ Նի­կոլ Աղբալյանի) անվան 19-րդ միջնակարգ դպրո­ցը: Այնուհետև ուսումը շա­րու­նակել է Խ. Աբովյանի անվան հայ­կական պետական մանկավարժական ինս­­­տիտուտի բա­­նա­սի­րա­կան ֆակուլ­տե­տում: Ինստիտուտը չավարտած՝ գոր­ծուղ­վել է ու­սուց­չութ­յան՝ Հոկ­տեմ­բերյանի շրջանի (այժմ՝ Արմավիրի մարզ) Նոր Ար­տա­գերս գյու­ղի միջնակարգ դպրոց: Շատերի պես նա կարող էր մնալ գյու­ղում, աշ­խա­տել մինչև զորա­կոչային տա­րիքի լրանալը, սա­կայն խառն­ված­քով լինելով դժվա­րու­թ­­յուններից չփախչող՝ որոշեց կա­տա­րել զինվո­րա­­կան պարտքը. 1975–1976 թթ. որպես նշանառու հրե­տանավոր ծա­ռայել է Հեռավոր Արևել­քում՝ Խա­բարովսկի երկրա­մասի Օբ­լուչիե քաղաքում տեղակայված զորամասում:

Ա. Զաքարյանի գործունեության ոլորտը լայն է և ընդգրկուն. խմբա­­­­գրա­կան-հրատարակչական աշխատանք, պետական ծա­ռա­յութ­յուն, գի­տա­հե­տա­զո­տական ուսումնասիրություններ: Հարկ է նշել, որ այս բնա­գա­­վառներում մեր հո­բել­յարի կայացմանը մեծապես նպաս­տել են նշանավոր պատմաբան, ԳԱԱ ակա­դե­միկոս Վարդ­գես Միքա­յել­յանը և հորաքույրը՝ անվանի գրակա­նա­գետ, բանա­սիրա­կան գիտութ­յուն­ների դոկտոր Ալմաստ Զաքարյանը:

1977 թ. որպես խմբագիր աշխատանքի է ան­ցել ՀԽՍՀ գիտութ­յուն­ների ա­կա­դեմիայի հրա­տարակչությունում: 1977–1980 թթ. խմբա­­գրել է երկու տասնյա­կից ավելի գիտական ու­սում­նասիրություն ու մենա­գրութ­­յուն: Խմբագրի գործն այդուհետև դառ­­նում է նրա աշխ­ա­տան­քա­­յին հիմնա­կան բնագավառներից մեկը, որը պա­հանջում է հայերենի անթե­րի իմացություն, մտքի գիտական կար­գա­պա­հութ­յուն և հեղինակների հետ աշ­­խա­տելու հմտու­թ­յուն ու համ­բե­րութ­յուն: Այս ամենը նախա­պայ­ման­ներ էին, որ ակա­դեմիայի «Լրա­­­բեր հասա­րա­կական գի­տութ­յունների» ամ­սա­գրի գլ­­խա­­վոր խմբա­գիր Վ. Մի­­քա­­յել­յանը 1980 թ. հուն­վա­րին նրան՝ իբրև պա­տաս­խա­­նա­­տու քար­տուղար աշ­­խատանքի հրա­վիրեր ամ­սագրի խմբա­գ­րութ­յուն: Այս­տեղ նա աշ­խա­­տում է շուրջ 13 տարի. սա աշ­խա­տան­քա­յին փոր­ձա­ռութ­յան իս­կա­կան դպրոց էր:

1988 թ. Ա. Զաքարյանն ավարտել է ՀԿԿ կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի հա­մալ­սարանի կուսակցական-տնտեսական ակտիվ ֆա­կուլ­տետի «Գաղափա­րա­­խոսական աշխատանք» բաժինը: Այնու­հետև դար­ձել է ԽՄԿԿ անդամ:

1989–1990 թթ. Ա. Զաքարյանը վարել է նաև «Հայաստան» հա­սա­րա­կա­կան-քաղաքական կազմակերպության «Գոյամարտ» շաբա­թա­թերթի պա­տաս­խա­նատու քարտուղարի պարտականությունը:

1990-ական թվականների սկզբին Ա. Զաքարյանն արդեն իսկ խմբա­­գրա­կան-հրա­տա­րակ­չական գործի հմուտ կազմակերպչի ա­նուն վաս­տա­կած, պա­հանջ­ված մաս­նագետ էր: Ուստի ամենևին պա­­տա­հական չէ, որ «Հայ­կա­կան հան­րա­գիտարան»-ի գլխավոր խմբա­գիր, նշանավոր պատմաբան Կոս­տան­դին Խու­դա­վերդ­յանը, այնու­հետև Մ. Մաշտոցի անվ. Մա­տե­նա­դա­րանի փոխտնօ­րեն, հայագետ Բաբկեն Չուգասզ­յա­նը նրան քա­նիցս առաջարկում են աշխա­տան­քա­յին գործունեութ­յունը շա­րու­նա­կել իրենց ղե­կավարած հիմ­նարկ­նե­րում: Կյանքը, սակայն, այլ հունով տա­րավ մեր հոբելյարին:

1993 թ. հոկտեմբերին Ա. Զաքար­յանն աշխատանքի է հրավիրվել ՀՀ գե­րա­­գույն խորհրդի աշխատակազմ՝ որպես հրատարակչական բաժնի վարիչ: Կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում նա կարողացավ ըստ ամենայնի կար­գավորել Գե­րա­­գույն խորհր­դի՝ տարիներով կու­տակ­­ված նստա­շրջան­ների նիստե­րի և ըն­թացիկ նիստերի սղագրութ­յուն­­ները, կազմա­կերպել Գերագույն խորհրդի՝ հա­յերեն և ռուսերեն երկ­շա­բաթյա տեղե­կագրերը ժա­մա­նակին հրատարակելու գործը:

1995 թ. հոկտեմբերից Ա. Զաքարյանը ղեկավարել է նոր ձևա­վոր­ված Ազ­գա­յին ժողովի աշ­խա­տակազմի կառուցվածքային տարբեր ստո­րա­բա­­ժա­նում­ներ. եղել է արձա­նագրային-հրատարակչական բաժ­­­նի վա­րի­չի տեղակալ, թարգ­­­մանչական-հրա­տա­րակչական են­թա­բաժնի վարիչ, գրասենյակի ղեկա­վար (դրա կազմի մեջ մտնում էին ընդհանուր, կադ­րերի և նամակների բաժին­ները), քարտու­ղա­րութ­­յան պետի տեղակալ:

Ա. Զաքարյանի կազմակերպչական ունակությունները և գործու­նեութ­­յու­նը լավագույնս դրսևոր­վել է ՀՀ կառավարության աշխա­տա­կազմի նո­րա­ս­տեղծ՝ «Հա­յաստանի Հան­րա­պե­տութ­յան պաշտոնա­կան տեղե­կագիր» ՊՓԲԸ-ի գոր­ծա­­դիր տնօրենի պաշ­տո­նում (1998 թ.): Այդու­հետև նա կրկին Ազգային ժողովի աշխա­տա­կազ­մում էր. 2000–2019 թթ. եղել է ԱԺ աշ­­խա­­տա­կազմի, ապա դրա տարբեր ստո­րա­բա­ժա­նում­ների կազմում՝ որպես հրատարակ­չա­կան բաժնի վա­րիչը: Նրա ան­միջական ղեկա­վա­րությամբ են ստեղծվել «Հա­յաս­տա­նի Հանրա­պե­տութ­­յան Ազ­գային ժողով» (երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ, հինգ­երորդ գու­մա­րում­ներ) պատ­­­կե­րազարդ եռա­լե­զու (հայե­րեն, ռուսերեն, անգ­լե­րեն) գրքերը. մի հրա­տա­րակու­թյուն, որն իր նախ­օրինակը մեզանում չի ու­նե­ցել:

Գիտությունների ազգային ակադեմիայի հետ Ա. Զաքարյանի կա­պերն այս ընթացքում չեն ընդհատվել. 1999 թ. «Պատմաբա­նա­սի­րա­կան հանդես»-ի գլխա­­վոր խմբագիր Վ. Միքայելյանի առա­ջար­­­կութ­յամբ նա ստանձ­նել է հան­դե­­­սի պատասխանատու քար­տու­ղարի, 2003-ին՝ նաև գլխավոր խմբա­գրի տեղա­կալի պաշտոնը: 2018 թ. Ա. Զա­­քարյանն ընտրվել է պար­բե­րա­­կանի գլխա­վոր խմբա­գիր: Այս բոլոր պաշտոններում նա իրեն դրսևորել է լավագույն կող­մերով՝ եղել է աշ­խատանքի հմուտ կազմակերպիչ, հե­ղի­նակ­նե­րի հետ վարել է բան­իմաց խմբա­գրական երկխոսություն, տպա­գրութ­յան հա­մար ոչ միայն նյու­թեր է ըն­դու­նել, խմբագրել, այլև պատվիրել է, չի շրջան­ցել հի­շար­ժան տարե­թվերն ու հո­բելյանները: Ինչպես Ա. Զա­քարյանի, այնպես և խմբա­գրութ­­յան ներ­դաշնակ ու արդյունավետ գոր­ծու­նեութ­յան շնորհիվ ար­դեն իսկ 66-ամյա ամ­սա­գիրը միշտ լույս է տե­սել ժա­մա­նակին և այսօր իր առա­ջատար ան­ու­րա­նա­լի տեղն ու­նի­ հայ­­րե­նիքում ու արտերկրում տպա­գրվող հա­յա­­գի­տա­կան հանդես­նե­րի շար­քում:

2022 թ. փետրվարից Ա. Զաքարյանն աշխատում է նաև ԳԱԱ ար­վես­տի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կա­պե­րի բաժ­նում՝ որպես ավագ գիտաշխատող:

2024 թ. մարտից ԳԱԱ «Գիտության աշխարհում» բազմաուղղվա­ծութ­յուն ունեցող հանդեսի հայագիտական բաժնի պատաս­խա­նատու խմբագիրն է:

Ծանրաբեռնված լինելով խմբագրական-հրա­տա­­րակչա­կան,  պե­տա­կան գործունեությամբ, դրան զուգա­հեռ՝ մշտա­­պես նրա ուշա­դրու­­թյան կենտրոնում է գի­տական աշխա­տան­քը: Այս­օր նա 16 մենա­գրութ­յ­ան և 7 ժողովածուի, ավելի քան 250 հոդ­ված­ների, հրա­­պա­րա­­կում­նե­րի ու գրա­խոսա­կանների հեղինակ է: Գի­տա­հետա­զո­տական ու վեր­լու­­ծա­կան ան­­վիճելի կարո­ղութ­յուն­նե­րը, աղբ­յու­­­­րա­­գիտական գի­տե­լիք­ները, մա­մու­լի և ար­խիվային նյու­թե­րի իմա­ցությունն ապահովել են նրա գիտա­­կան հե­տա­քրք­րու­թյունների մտա­­հորիզոնը: Այս ամենը նախևառաջ ընդգր­կում է հայ-ռուս պատ­մա­մշա­կու­թային փոխհարա­բե­րութ­յունների լայն շրջա­նակ, XX դա­րի առաջին երեսնամյակի հայ իրա­­­կա­նութ­յան հարցեր, Հայկական հար­ցի և Հա­յոց ցե­­ղասպա­նութ­յան՝ առա­վել քիչ ու­սումնասիրված հիմնա­խն­դիր­ների լուսա­բա­նում:

Հայ-ռուսական պատմամշակութային կապերը, մասնավորապես՝ XX դ. առա­ջին տասնամյակի մեր հոգևոր կյանքի պատմության՝ Ա. Զա­քար­յանի կող­մից նո­րովի բացահայտված էջեր են: Այդ աշ­խա­տութ­յունները վերաբերում են հայ-ռուս գրական-մշակութային կա­պե­րին՝ հա­մա­­­պար­փակ ընդգրկումով, որի ազ­դարարը եղավ 1985 թ. նրա պաշտպանած թեկնա­ծուա­կան ատե­­նա­խո­սութ­յունը՝ «Ռուս գրող­­ները Անդրկովկասում և հայ գրա­կան կյանքը», իսկ 2005 թ.՝ «Ռուս գրա­կան գործիչները և հայ իրա­կա­նութ­յունը (XX դա­րի 10-ական թվա­կան­ներ)» թե­մա­յով դոկտորական ատե­նա­խո­սութ­յունը: Թեկ­­­նա­ծուական և դոկ­տո­րա­կան ատե­նախոսություն­նե­րը գիտ­նա­կա­նի ճա­նա­պար­հի հենակետերն են, որոնք ժա­մանակի ընթացքում ար­­գասավորվում են բազ­մաթիվ աշխատութ­յուն­­ներով: Այս­տեղ է երևում իսկա­կան գիտ­նա­կա­նը, որը բավարարվում է ոչ թե ձեռք բե­րա­­ծով, այլ միշտ առաջ է նայում, որով­հետև միտքն աշխատում է: Ա. Զա­քարյանի դեպ­քում հատկանշական է այն իրողու­թ­յունը, որ մինչև վեր­ջերս նա չի աշխա­տել ԳԱԱ գիտահետազոտական որևէ հիմ­նարկում և չի ու­նե­ցել գիտական առումով որևէ պարտա­կա­նութ­յուն՝ պլանային թեմա և այլն:

Ա. Զաքարյանի հետազոտություններում միավորված են գրա­կա­նա­­­գետը, պատմաբանը, մշակութաբանը, ժամանակագիրը, հասա­րա­­­կագետը. այս­­տեղ կա­պերն են ու անդրադարձները, ազդակները և առն­չութ­յունները, ուս­տի նրան ավելի հարմար է տալ հայագետ բնո­րոշումը, որն ավելի ամ­բող­ջա­կան է ներ­կայացնում նրա գի­տա­կան կերպարը: Նրա ուսում­նա­սիրութ­յան մե­թոդը պատ­մահա­մե­մա­տա­կանն է, պատմամշակութայինը, որոնք միա­վոր­վում են ավե­լի ընդ­­գրկուն համադրական մեթոդի մեջ: Այդպես է ժա­մա­նա­կա­կից հու­­մա­նիտար մտածողության կառուցվածքը, որը հանուն ուսում­նա­սի­­րվող նյու­թի լրիվ ընդ­գրկման ու ամբողջական բացահայտման պատ­­րաստ է բոլոր հնա­­րա­վորությունների օգ­տագործման:

Համադրական մեթոդը համա­կող­մանի աշխատանքի բնական շա­րունա­կութ­­յունն է, և այս տեսակետից իրա­վացի էր Ա. Զաքար­յա­նի դոկտո­րական ատե­­նախոսության ընդդիմախոս, ան­վանի գրա­կա­նագետ, ԳԱԱ թղթա­կից անդամ Գառնիկ Անան­յանը. «Ա. Զա­­­­քար­յանը չի խուսա­փում գիտու­թյան մարդու համար կարծես ոչ այն­քան ան­հրաժեշտ սև աշխատանքից: Նա սիրում է փնտրել, պրպտել, հայտ­­­նաբերել նոր դեմքեր, իրադարձություններ, փաս­տեր ու փաս­տա­թղթեր: Կա­­րելի է պատ­կե­րացնել, թե արխիվային որքան փոշի է կուլ տվել, որքան պար­­բերականներ թերթել՝ ուսումնա­սի­րութ­յան թե­ման ամբողջացնելու, գրա­կան֊հասարակական կյանքի համա­պատ­կե­րը ներկա­յաց­նելու համար: Թերևս «մա­քուր» գիտ­նա­կան­ների քմծիծաղը շարժող այս առա­վելությունը բնութագ­րում է հետա­զո­տո­ղին, պատ­կե­րացում տալիս նրա նկա­րա­գրի և աշխա­տան­քի այլևայլ կող­­մերի մասին»:

Մտավոր առաջընթացի հիմքը գրապատմական հարուստ ժա­ռան­­գութ­յունն է՝ արխիվային նորահայտ վավերագրերով, որոնք, շա­ղախ­վելով մամուլի եր­­բեմն շատ կցկտուր վկայությունների հետ, ստեղծում-վերականգնում են մի կո­­րած աշ­խարհի պատկերը: XX դ. առաջին տասնամյակը քա­­ղաքական առու­մով հայ ժո­ղովրդի համար որքան վտանգ­­ված, նույնքան գրական-մշակութային առու­մով ոսկի ժա­մանակ էր, երբ ռուս հասա­րա­կայնության միջավայրում մեծապես աճում էր հետաքրք­րութ­յունը Հա­յաս­տա­նի, նրա պատմության և մշա­կույթի նկատ­մամբ: Դա հիմնա­կա­նում պայ­մա­­նավորված էր Առա­­ջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովր­դի հա­սարակական-քաղաքական ծանր կացությամբ: Հայտ­­նի է, թե որ­քան շնոր­հակալ և արդյունավետ գործ են կա­տա­րել ռուս գրա­կան-հասարակական գոր­ծիչ­ները Հայաստանն իրենց ժողովրդին ներ­կա­յաց­նելու և ծանոթացնելու առումով: Սակայն հայ-ռուս գրա­պատ­մա­կան առն­չութ­յուն­­ների բացահայտումը նոր կառուցվածք ու նոր բովան­­դա­կութ­յուն ստա­­ցավ, արդիական հնչեղություն ունեցող նո­րութ­յուն­­նե­րով հարստացավ Ա. Զա­­քարյանի աշխատություններում: Դրանց մի մասը լույս է տե­սել նաև ռու­սերեն՝ ի նպաստ սլավո­նա­գի­տությանը, որ գի­տա­կան մտքի մեծ աշ­խարհ է:

Ռուս գրական-հասարակական գործիչների շար­քում կան հայտ­նի կամ քիչ հայտնի անուններ. վերջիններս անծանոթ էին ոչ միայն լայն հան­րութ­­յա­նը, այլև՝ մասնագետներին: Այս առումով Ա. Զա­քար­յանի՝ «Ռուս գրող­­ները Անդր­կով­կա­­սում և հայ գրական կյանքը (19141920)» (1984 թ., հա­յերեն), «Ռուս գրա­գետ­ները և հայ իրականութ­յունը (XX դա­րի 10-ական թթ.)» (1994 թ., ռուսե­րեն), «Հայ ժողովրդի ող­­բերգությունը ռուս գրագետների գնա­հատ­մամբ» (2003 թ., ռուսե­րեն) մենագրություններն այդ բացը լրաց­նե­լու ա­ռաջին քայլերը պետք է համա­րել: Հենվելով նորահայտ հա­րուստ, բազմա­բնույթ փաս­­տ­երի վրա՝ նա ներկա­յացնում է ռուս գրա­կան այն գոր­ծիչ­ների՝ հրա­­­­պա­րա­կա­խոս­ների, լրագրողների, քիչ հայտնի գրա­գետների, գրա­քննա­դատ­ների, գրողների, բա­նաստեղծների (Ս. Պոլյակովա, Յու. Կրյու­կո­վա, Վյաչ. Պո­լոնսկի, Ի. Յա­սինսկի, Ալ. Վոզնե­սենսկի, Վ. Նե­մի­րո­վիչ- Դան­չեն­կո, Ա. Տիր­կո­վա, Ի. Սևերյանին, Վ. Մայա­կովս­­­կի, Վ. Կա­­մենսկի, Ա. Կրուչոնիխ, Ի. Զդա­նևիչ, Կ. Բալմոնտ, Ֆ. Սո­­­լո­գուբ, Վ. Բրյու­­սով, Ս. Գորո­դեցկի, Ա. Կուպ­րին, Ս. Ռա­­­ֆա­լովիչ, Պ. Սիբիր­ցև, Ռ. Իվնև,   Ի. Էրեն­բուրգ, Բ. Լազարևսկի և շատ ուրիշներ) գրական-հա­­­սա­­­րա­կա­կան գործու­նեութ­յունը, որոնք խնդրո ա­ռար­կա ժամանա­կա­­շրջա­նում եղել կամ ապրել ու ստեղ­ծա­գործել են Արևմտյան Հա­յաս­­­տա­նում և Անդրկովկասում: Հանգամանորեն լուսաբանվում են նրանց տա­րա­բնույթ անաչառ վկայութ­յուն­ները, կարեկցական վերա­բեր­­մուն­­քը հայ ժողովրդի ողբեր­գութ­յան նկատմամբ, որոնք արտա­ցոլ­վել են նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում, հա­սա­րա­կական գոր­ծու­նեության մեջ, հայ մտա­վո­րա­կա­նութ­յան հետ ու­նե­ցած կապերում, Հայաստանին ու հայ ժողովրդին ցու­ցա­բերած գործ­նա­կան օգնութ­յամբ:

Ա. Զաքարյանի հաջորդ մենագրությունը՝ «Ալեքսանդր Կուլեբ­յա­կի­նը և Հա­յաս­տանը» (2003 թ., ռուսերեն) վերնագրով, նվիրված է Առա­ջին համաշ­խար­­հա­յին պատերազմի Կովկասյան ճակատում՝ Արևմտ­յան Հայաստանում, ռու­սական բանակի ծավալած ռազ­մա­կան գործո­ղութ­յուններին առաջին իսկ օրից ակտի­վորեն մաս­նակ­ցած Թերեքի կազակ, գնդապետ, ապա գեներալ-մա­յոր, Վանի ջո­կատի, այ­նու­­հետև՝ Կովկասյան 4-րդ բանակային կոր­պուսի հրա­մա­նա­տար Ալեք­սանդր Կուլեբյակինի գործունեութ­յանը: Մենագրության մեջ առաջին ան­գամ հանգամանորեն ներկայացվում և լուսա­բան­վում է փա­ռա­պանծ զորա­հրա­մանատարի անցած մարտական ուղին: Նրա հրա­մա­նատարության տակ ոխերիմ թշնամու՝ թուրքերի դեմ ուս ուսի կռվել են ռուս զինվորներն ու հայ կա­մա­վո­րա­կան­ները: Ա. Կու­լեբ­յա­կինն ականատես է եղել Արևմտյան Հայաստանի ավե­րա­ծութ­­յանը, հիացել է հայերի քաջությամբ, պայքարի նրանց ան­կոտրում կամքով: Ռազմական մի շարք գործողություններ է իրա­­կանացրել հայ նշանա­վոր զորավարներ Անդրանիկի, Համա­զաս­պի և այլոց հետ: Նրան գե­րել է Հայաստանի պատմությունը, մշա­կույթը, բնությունը: Իր ամեն­օրյա տեսածի ու ապրածի ան­մի­ջա­­­­կան տպա­վո­­րություններով հյուսել է բանաստեղծություններ, մշա­կել հայ ժո­ղովր­դական էպոսը, անդրա­դարձել լեգենդներին, կա­­տարել թարգ­մանություններ Հովհ. Թուման­յանի ստեղծա­գոր­ծութ­­յու­ններից: 1917 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Մհերի դու­ռը: Վանի արձա­գանք­ները» գիրքը:

Կովկասից ռուսական բանակի հե­ռա­նալուց հետո մնալով Անդր­կովկասում, ապրե­լով Թիֆլիսում՝ «պոետ-գեներալն» ակ­տի­վորեն մաս­­նակ­ցել է հասարա­կա­կան-քա­ղաքական, գրական-մշակութային կյան­քին, մասնա­վորապես՝ հայ հասա­րակայ­նութ­յանը հու­զող կարևոր հար­ցերի ու խնդիրների լուծմանը: Նա բարե­կա­մա­կան, ըն­կե­րական հարա­բե­րութ­յուններ է ունեցել, աշխատել է հայ մշա­կույ­թի, գրա­­­կա­նու­թ­յան, հասա­րա­կա­կան-քաղաքական, զինվորական բա­զում նշա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի հետ: Առանձնապես մտերիմ է եղել հայ բանաս­տեղ­ծության նահապետ Հովհ. Թումանյանի հետ: Ան­գնա­հա­տելի է հատ­կապես Կուլեբյակինի կա­­­­­տա­րած աշխա­տանքը «Համ­աշ­խարհային պա­տե­րազմում հայ ժողովրդի կրած վնաս­ների քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում»՝ որպես ռազ­մա­պատ­մա­կան բաժնի վա­­­­­րիչ, և «Մայիլ­յան եղ­բայր­ների գիտա­տնտե­սա­կան արշա­վա­խմբում»:

XX դ. 10-ական թվականներին ռուս գրական գործիչների շար­քում, որոնք ի­րենց գրական-հասարակական գործունեության մեջ մեծ տեղ են հատկացրել հայ իրականությանը, առանձնահատուկ տեղ ունի ժամանակի հայտնի ար­ձա­կա­գիր Բորիս Լազարևսկին, որին էլ նվիրված է Ա. Զաքարյանի «Բորիս Լա­զարևսկին Հայաս­տա­նի և հայ կանանց մասին» վերնագրով ուշագրավ մենագրությունը (2004 թ., հայե­րեն): Ինչպես ցույց է տալիս գրականագետը, 1919 և 1920 թթ. Ռոս­­­­տովում, Արմավիրում, Թիֆլիսում, Երևանում, Կ. Պոլսում «Հայ օրիորդ­նե­րը և կանայք» թեմայով նրա կարդացած դասախոսութ­յուն­նե­­րի շարքը, Թիֆ­լիսում հրատարակվող «Слово» թերթում տպագրած «Բրոշկա» և «Օտարության մեջ» պատմ­վածք­­նե­րը (դրանցում գլխա­վոր հերոս­նե­րը հայ կանայք են՝ չքնաղ մի աղջնակ՝ «թախծոտ աչքե­­րով», և տա­րեց մի կին) մեծ հետաքրք­րութ­յուն են առա­ջաց­րել ոչ միայն հայ հա­սա­­րա­կայ­նության շրջանում: Գրքում առա­ջին անգամ հանգա­մա­նո­րեն լուսա­բանվել են Բ. Լա­զարևսկու հիշ­յալ շրջանի գոր­ծու­նեութ­յունը, նրա առնչությունը նաև Հովհ. Թումանյանի հետ:

Ա. Զաքարյանը հայ մամուլի պատմության քաջատեղյակ մաս­նա­գետ է, մասնավորապես փայլուն գիտի XX դարասկզբի մամուլը, դրա­նում տպագրված բազմաբնույթ ու բազմազան նյութերը: Հենց դա էլ նպաստել է, որ նա անդրադառնա Ալեքսանդր Շիր­վանզադեի՝ 10-ական թվականների հրապարա­կա­խոսական ժառանգութ­յանը, որն անծանոթ էր հայ հանրությանը, քանզի տեղ չէր գտել գրողի եր­կերի ժողո­վա­ծու­ներում, և 2006 թ. հրատարակի «Շիր­վան­զադեի հրա­պարա­կա­խո­սա­կան ժա­­ռանգությունից (1914–1919 թթ.)» աշ­խա­տութ­յունը: Մա­մուլի էջերում սփռված՝ գրողի այդ հոդվածները հայ ժո­ղո­վր­դի պատ­մական ծանր ժամանակ­նե­­րի ամենօրյա արձա­գանք­­­ներ են, փաս­տացի վավերագրեր, ո­րոնք ար­ծար­ծում են ազգային, քա­­ղա­քական կյան­քի բազմաթիվ ու բազմա­պիսի և արդիա­կան մեծ հնչե­ղութ­յուն ունեցող հարցեր: Այդ աշխատանքը նկատեց ու բարձր գնահատեց նաև Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագրությունը (03. III. 2009, էջ 4):

Առաջին աշխարհամարտի ու դրան հաջորդած տարիներին՝ 1916-1921 թթ., Արևմտյան Հա­յաստանում և Անդրկովկասում ապրել ու գործել է ռուս ան­վա­նի բանաստեղծ, գրող, հրա­պա­րակախոս, թարգ­մա­նիչ և հասարակական գոր­ծիչ Սերգեյ Գորոդեցկին, որին էլ նվիր­ված են Ա. Զաքարյանի՝ «Սերգեյ Գորո­դեց­­կին Արևմտ­յան Հա­յաս­տանում և Անդրկով­կա­սում (1916–1921 թթ.)» վերնա­գրով մենա­գրութ­­յուն­ները (2010 թ., հա­յերեն և 2015 թ., ռու­սե­րեն): Հեղի­նակի այս աշ­խա­տութ­յուն­ները ստեղծ­վել են տա­րիների տևական հետա­զո­տա­կան աշ­խա­տանքի շնոր­­հիվ և մինչև ամ­բող­ջանալը, առանձին գրքե­րով ըն­­թեր­­­ցողին ներ­կայացվելը գի­տական հան­րութ­յան, մաս­նա­գետների, լայն հա­սա­րա­կայ­նության ուշադրութ­յանն են ար­ժա­նացել բազ­մա­թիվ հոդ­­ված­նե­րով, հաղորդում­ներով, հրա­պա­րա­կում­ներով: Ա. Զա­քար­յա­նի բնորոշ­մամբ՝ Ս. Գորո­դեցկին այն գոր­ծիչ­նե­րից է, ով գրա­կան-մշա­կու­թային, հա­սա­րա­կա­կան-քաղաքական իր հաս­տա­­տուն քայ­­լե­րով, Հայաս­տա­նում տեղի ունեցող իրա­դար­ձութ­յուններին, երկ­րի ներ­քին ու ար­տաքին քա­ղա­քա­կա­նութ­յանն ակնդետ հետևող, հայա­նպաստ գոր­ծու­­նեությամբ հայերիս համար հարազատ անուն է դարձել: Տարա­ծա­շր­ջա­նում նրա կա­տարածի վեր­հանումն ու լու­սա­բանումը մեր օրերում էլ գիտական ու քա­­ղա­­քական խիստ կա­րևոր և ար­դիա­կան հնչե­ղութ­յուն ունեն: Այս առու­մով հի­շա­տակելի է դեռևս 1919 թ. մարտի 23-ին «Кав­казс­кое слово» թերթում նրա հրա­պա­րակած «Ղա­րա­բաղ» վեր­­նա­գրով ուշագրավ հոդվածը, որտեղ հեղի­նա­կը Ղա­րա­բաղը համարել է բնիկ հայկական տարածք … Նույն թվա­կանի հու­լիսի 15-ին էլ Գորո­դեց­կին Բա­թումում հետաքրքիր դասախոսություն է կար­դա­ցել Հայ­կական հարցի մասին:

Թիֆլիսում Ս. Գորոդեցկու գործունեությանն է առնչվում նաև Ա. Զա­­քար­յանի «Սերգեյ Գորոդեցկու «Բանաստեղծների համ­քա­րութ­յունը» և «Ակ­մե» ժո­ղո­վածուն» վերնագրով գիրքը (2011 թ., ռուսե­րեն):

2012 թ. Ա. Զաքարյանը մեկ գրքով՝ հայերեն և ռուսերեն, հրա­տա­­րա­կել է «Իլյա Էրենբուրգի թիֆլիսյան օրերը», որտեղ փաս­տա­կան նո­րա­հայտ նյութերով ներկայացրել է ռուս նշա­նավոր գրողի, հրա­պա­րա­կախոսի գրական-հասարա­կա­կան գոր­ծու­նեությունը Թիֆ­լիսում 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, շրջա­նա­ռության մեջ է դրել ռուս բանաս­տեղծներին՝ Ալ. Բլոկին, Վ. Բրյուսո­վին, Կ. Բալ­մոն­տին և Վ. Մա­յա­կովսկուն նվիրված դի­մանկարների շարքը:

Ա. Զաքարյանի գիտական ուսումնասիրությունների մեջ ուրույն տեղ է գրավում «Արևմտահայ իրականությունը ռուս հրապա­րա­կա­խոս Տ. Օլգենինի գնա­հատմամբ» մենագրությունը (2014 թ., հայերեն): Այստեղ առաջին անգամ հանգամանորեն ներկայացված են XX դարասկզբի ռուս հայտնի հրապա­րա­կա­խոս, լրագրող Ան­տու­ան Բերեզովսկի-Օլգինսկու (կեղծանունը՝ Տ. Օլգենին)՝ 1913 թ. հուն­վարի վերջից մինչև մա­­յիսի կեսերն Արևմտյան Հայաստանի վեց նա­­հանգներ (Էրզրում, Վան, Բիթլիս, Տիգրանակերտ, Սեբաստիա, Խար­բերդ) կատարած ուղևո­­րության մանրամասները, թուրք-քրդական լծի տակ հեծող արևմտա­­հայության տնտեսական, քաղա­քական և սոցիա­լական կա­ցութ­յան մա­սին գրած թղթակցութ­յունները, նաև՝ Թիֆլիսում ու Բաք­վում «Անհե­տա­ցող Հա­յաստանը» խոսուն վեր­նա­գրով կարդացած դասախոսությունները:

Ռուս ականավոր բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, գրա­քննա­դատ և պատմաբան Վալերի Բրյուսովի վաստակը հայ գրա­կա­նության, մաս­նա­վո­րա­պես՝ պոեզիայի ուսումնասիրության ու քարոզ­չութ­­յան ուղղությամբ հայ և ռուս գրականագետների աշխա­տություն­ները հիմնականում գնահատվել են «Հայաս­տանի պոե­զիան» անթո­լո­գիան կազմելու, խմբագրելու, հրատա­րակ­ելու առու­մով: Դրան զուգ­ըն­­թաց՝ նա նաև լայն գործունեություն է ծավալել հայ գրա­կա­նու­թյունը, մշակույթը, պատմությունը ռուս և հայ հասա­րա­կայ­­նութ­յան մեջ տարա­ծելու ուղղությամբ: 1916–1917 թթ. Բաքվում, Թիֆլիսում, Երևա­նում, Էջ­միած­­նում կարդացած դասախոսութ­յուն­ները՝ «Հայոց բանաս­տեղ­ծութ­յունը» և «Հայաս­տա­նի պատմական շրջան­ները և հայ բանաս­տեղ­ծութ­յունը», «Էմիլ Վերհարնը և հե­րոսական Բելգիան», «Ուսուցիչների ուսու­ցիչները (մարդկության հնա­գույն մշա­­կույթների մա­սին)», Ա. Ս. Պուշ­կինի հասարակական հայացքների վերա­բեր­յալ, ժամանա­կա­գրա­­կան իրողություն­ների, հայ գրական-հասարակական կյան­քի հետ շփում­նե­րի՝ հանգա­մանք­ների և նշանակության հիմնա­հար­ցերի կտրված­քով հա­տուկ ու­սում­նասիրության նյութ չեն եղել: Ահա այդ բացը լրացնելու նպա­տակն է հե­տա­պնդել գրակա­նագետը՝ հրա­տա­րակելով «Հայաս­տա­նը Վ. Բրյու­սովի գրա­կան-հասարա­կա­կան գոր­ծունեության մեջ» մենագ­րու­թ­յունը (2016 թ., ռուսերեն): Ընդ­գծե­լով, որ «Հայաստանի պոեզիան» ժողովածուն դարձավ յուր­օրինակ հուշա­կո­թող Հայոց ցեղասպանության զոհերի հիշա­տա­կին, հեղինակը եզրակացնում է՝ Հայաստանի հետ կապված իր ողջ գոր­ծունեությամբ Վ. Բրյուսովը զինվորագրվում է հայ ժո­ղովր­դի իրա­վունք­ների պաշտ­պանության, հայ գրականության, պատ­մութ­յան ու մշակույթի մաս­սա­­յականացման գործին, որին հավա­տար­մորեն ծա­ռայում է մինչև կյանքի վերջ:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիր­ված՝ Ա. Զաքարյանը հրատարակել է «Ռուս գրողները և Հովհաննես Թու­մանյանը» գիրքը (2019 թ., հայերեն), որտեղ ի մի է բերել և հան­գա­մա­նո­րեն ներկայացրել Թիֆլիսում ապրած ու գործած ռուս գրողներ Կ. Բալ­մոն­տի, Վ. Բրյուսովի, Ս. Գո­րո­­­դեցկու, Բ. Լա­զարևս­­կու և Ա. Կուլեբյակինի ստեղ­ծա­գոր­­­ծա­կան առնչու­թ­յունները, մարդկային պարզ ու անմիջական շփումները հայ բա­նաստեղծի հետ:

2019 թ. Ա. Զաքարյանը մեկ գրքով՝ հայերեն և ռուսերեն, հրա­տա­րա­կել է «Ռուս կոմպոզիտոր Թոմաս Հարտմանը և Կոմիտասը» վեր­նագրով ուշագրավ աշ­խա­տութ­­յունը­, որտեղ առաջին անգամ ներ­կա­յաց­ված է մեծանուն երա­ժշ­տա­գետ և կոմ­պո­զիտոր Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության արժևորման գոր­ծում ռուս կոմ­պո­զի­տորի վաս­տակը:

Ռուս (ծագումով՝ հրեա) արվեստի տեսաբան, թարգմանիչ Օսիպ Ման­­դելշ­տամն առանձնահատուկ տեղ ունի խորհրդային գրա­կա­նութ­յան պատ­մութ­­յան անդաստանում: Նրա անունը նաև մեծապես կապ­ված է Հայաստան երկրի ու հայ ժողովրդի հետ: 1930 թ. վեց ամիս Հա­յաստանում ապրելը, երկրով մեկ ճա­­նա­պարհորդելը ճակա­տա­գրա­կան դարձավ նրա համար, քանզի հետագա կար­­ճա­տև կյանքը շաղ­կապված մնաց Հայաստանի, հայ մշակույթի հետ, կապ, որը ռուս բանաստեղծը շատ թանկ էր գնահատում: Օ. Մանդելշ­տամ­ի կյանքի, գոր­ծունեության և ստեղծագործությունների ուսումնա­սի­րութ­յան, Հա­յաս­­տա­նի հետ առնչություններին վերա­բերող հարուստ գրա­կա­նութ­յուն կա ռու­սե­րե­­նով և օտար լեզուներով: Վերջինը, սակայն, հիմ­նա­կանում վերա­բերում է Հա­յաս­տա­նին նվիրված բանաստեղ­ծութ­յուն­­նե­­րի շարքին և «Ճանա­­պարհոր­դութ­­յուն դեպի Հայաստան» ար­ձակ գործին: Չեն մանրամասնվել գրա­պատ­մական կարևոր իրո­ղություն­ներ, Հայաստան կատարած այցե­լութ­­յան, հայ ժողովրդի կյան­քին վե­րա­բերող իրադարձութ­յուն­ների նկատմամբ նրա մոտե­ցում­ների խոր­քային դրդապատճառներն ու նախադրյալները և այլն: Խիստ արդիա­կան հնչեղություն ունեն Ղարաբաղ՝ Շուշի կատարած բանաստեղծի այցե­լության, ադրբեջանական հրոսակ­ների կողմից 1920 թ. քաղաքի հայ բնակչության կոտո­րածի ու ականատեսի աչ­քե­րով՝ ավերակի վերածված քաղաքի մասին հիշա­տա­­­­կությունները և այդ ամենի տպա­վորությամբ գրած «Կա­ռա­պանը» բանաստեղ­ծութ­յունը: Ահա այդ բացն է եկել լրացնելու 2022 թ. հրա­տա­րակ­ված՝ Ա. Զա­քարյանի «Օսիպ Մանդելշ­տամ. բա­նաստեղծը և Հա­յաստանը» վեր­նագրով աշխա­տան­քը, որի մեջ առաջին անգամ հայերենով ներ­կա­յացված են նաև Օ. Մանդելշտամի կյանքը, գործունեությունը, ստեղ­ծագործական ուղին և առնչությունները Հայաստանի հետ:

2023 թ. հայերենով լույս տեսավ Ա. Զաքարյանի նոր մենա­գրութ­յու­նը՝ «Դավիթ Ան­ա­նուն. կյանքը և գործունեությունը»: Աշ­խա­տու­թյան մեջ բազ­մաթիվ ու բազմապիսի փաստական-հուշագրական, ստեղ­ծա­­­­գոր­ծական վկա­յա­կոչումներով քննակա­նո­րեն ներկայացվում են XX դարի առաջին երես­նամ­յակի հայ իրականության կարկառուն դեմ­քերից,  Լեռնային Ղարաբաղի Մեծ շեն գյուղից սերված Դավիթ Անա­նունի՝ Դավիթ Օհանի (Հովհաննեսի) Տեր֊Դանիելյանի (1880–1943) կյան­քն ու գործունեությունը: Հասարակական-քաղաքական գործիչ, պատ­­­­­­մա­բան-տնտեսագետ, փիլիսոփա֊սոցիոլոգ, հրապա­րա­կա­գիր֊խմբա­գիր, գրականագետ, այսինքն՝ հայագետ, Դ. Անա­­նու­նը թողել է գիտական, քաղաքական ու գրական հարուստ ժա­ռան­գություն: Դա հիմնա­կանում ցրված է տարբեր երկրներում լույս տե­սած մա­մուլի էջերում: Եթե նրա ուսումնասիրությունների, հոդ­ված­նե­րի, խմբա­­գրա­կան­ների, հրապարակումների, գրախո­սութ­յուն­ների, կա­տա­րած թարգ­մա­նությունների բոլոր նյութերը (իր անու­­նով և ծածկանուններով) ի մի հավաքվի, ապա դրանք կարող են կազ­մել տասնյակի հասնող հատորներ՝ ներառյալ «Ռու­սա­հա­յերի հասա­րա­կական զարգա­ցու­մը» եռահատոր կապիտալ ուսում­նա­սիրությունը: Այդ բոլոր նյութե­րում հետևողականորեն ար­ծարծվում է Հայաս­տա­նում հայության հա­վաք­ման գաղափարը, այն է՝ կուլ­տու­րա­կան վերածնունդ, նյութա­կան հզորություն, ազգային ինք­նա­գի­տակ­ցութ­յուն և հայկական տա­րածք­ների միավորում: Իսկ այդ ամե­նի նա­խա­պայմանն անկա­խութ­յան անհրաժեշտությունն էր: Իր այս առաջ­նա­հերթ խնդիրներն էլ կյանքի կոչելու համար նա իր բազ­մա­բնույթ գոր­ծունեությամբ մեծա­պես նպաստել է ինչպես Հա­յաստանի առաջին Հանրապետության, այն­պես էլ Խորհրդային Հա­յաս­տանի առաջին տարիների կայաց­մանը: Իր կենսա­գոր­ծու­նեութ­յան ողջ ընթացքում՝ հատ­կապես 1918–1920 թթ. Լեռնային Ղարա­բա­ղում տիրող իրավիճակը խորապես մտահոգել է Դ. Անանունին, և նա քանիցս այցելել է երկրամաս, իր տպա­­վո­րութ­յունները հոդ­վա­ծա­շա­րի միջոցով հա­ղորդել հանրութ­յա­նը: Ուշագրավ է 1920 թ. սեպ­տեմ­­բերին նրա հրա­տարակած «Ղարա­բաղ» վերնագրով հոդ­վա­ծը, որտեղ քննական-վերլուծական նուրբ դիտարկումներով ապա­­ցուցում է, որ տնտե­սական, քաղաքական և տարածքային ա­ռումներով Ղարարաղը պատ­կանում է Հայաստանին: Այս մասին տեղեկաց­նելով Հանրա­պե­տութ­յան վարչապետ Հ. Օհան­ջան­­­­յա­նին՝ հույս է հայտնում, որ Ղարաբաղի հարցում զիջողություն չի կարող լինել, և կար­ծում է, որ իր հոդվածն այդ ուղղությամբ ավելի կամրապնդի հայ գործիչներին իրենց համոզմունքների մեջ: «Եթե Հայաստանում հայրենիքի հավաք­ման համոզված գործիչներ կան՝ նրանք օրնիբուն պիտի խորհեն Ղարաբաղի մասին: Ղարաբաղը Հայաս­տա­նին!»», – ահա այս լավատեսությամբ է ավարտում իր հոդ­­վածն ան­վա­նի «հայ մարդը»՝ ինչպես նրան բնորոշել է  քաղաքական, պետական գոր­ծիչ, ճարտարապետ, Հայաստանի առաջին Հանրա­պե­­տության առաջին վարչապետ Հովհ.  Քաջազնունին: Ի դեպ, Ե. Չարենցն էլ Դ. Անանունին տվել է «վերջին իմաստուն հայը» որա­­կու­մը: Դ. Անա­­­նունի քաղաքական և գաղափարական հայացքները կա­տա­ղի քննա­դատության էին ենթարկվում, ինչը և խորհրդային իշխա­նութ­յան առաջին տարի­նե­րին հասցրեց նրա մեկուսացմանը, ապա՝ մահ­վանը:

Մեր հոբելյարի գիտական վաստակի մեջ առանձնակի տեղ են գրավում նրա կազմած ժողովածուները: Դրանք այնպիսի գործեր են, որոն­­ցում տեղ ունեն ոչ միայն բուն ասելիքը, այլև ժամա­նա­կա­շրջա­նին վե­րա­բե­րող, թվում է՝ ան­նշան փաստերը: Վերջիններս հի­շար­ժան իրո­ղությունների հետ ստեղ­­­­ծում են ժամա­նակի խիտ ու ամբողջական պատկերը և դառնում գի­տութ­­յուն, մեկ բառով՝ հա­սա­րա­­կա­գի­տութ­յուն: Այդ շղթայի մեջ իր ուրույն տեղն ունի Ա. Զա­քարյանի կազմած՝ առա­ջաբանով ու ծանոթագրութ­յուն­նե­րով, «Հայ ժո­ղովրդի կո­րուստ­ները Առաջին աշխար­հա­մար­տի տա­րի­ներին («Հա­­­­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հայ ժողովրդի կրած վնաս­­ների քննիչ հանձ­­նա­ժողովի» փաս­տա­թղ­թե­րի և նյու­թերի ժողովածու») (2005 թ., հայերեն և ռու­սերեն) գիրքը: Հրա­­պա­րակված վա­վե­րագրերը, որպես սկզբնաղբ­յուր­ներ, մեզ համար ունեն ոչ միայն ճանա­չո­ղա­կան, այլև պատ­մա­կան, քաղա­քա­կան և, անշուշտ, գործնա­կան-կիրա­ռական կարևոր նշա­նա­կություն:

Ա. Զաքարյանի նմանօրինակ հաջորդ աշխատանքը նվիրված է Տիգ­րան Հով­հաննիսյանի՝ 1919 թ. «Հառաջ» թերթում տպագրած և գի­տական հան­րու­թ­յանն անծա­նոթ «Տաճիկ կառավարությունը և իթթի­հա­թը մարդ­կութ­յան դա­տա­րանի առաջ» աշ­խատության հրա­տա­րա­կությանը (2007 թ.): Այս ուսումնասիրության տպագրությունը կարևոր­-վում է նրանով, որ աշխատությունը Հայոց ցեղաս­պա­նութ­յունը ժխտող թուրք կեղծարարների դեմ մեզանում հրատարակված եթե ոչ ամենա­առա­ջին, ապա առաջին գործերից մեկն է: Տ. Հովհան­նիս­յանի աշխա­­տությունը մասնագիտական հմտությամբ ու խո­րութ­յամբ գրված գործ է, որը մեր օրերում էլ կարող է իր նպաստը բերել Հայոց ցեղաս­պա­նության պատմական իրողության ժխտման դեմ պայ­քարի գործին:

Այս շարքին է դասվում նաև հայ ազգային-ազատագրական շարժ­ման լե­գեն­­դար հերոս Զորավար Անդրանիկի գնդի մարտական ուղուն (1918–1919 թթ.) նվիր­ված Ա. Զաքարյանի կազմած՝ Պորուչիկ Ալեքսեյ Կոլ­մա­կովի «Պատմական հայ­կա­կան վաշտը» վերնագրով ժողովա­ծուն (2009 թ., ռուսերեն):

Հայրենական մեծ պատերազմի տագնապալի օրերին՝ 1943 թ. նո­յեմբերի 25-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության և Հայ­կոմկուսի Կենտկոմի միջնորդությամբ ու ԽՍՀՄ Մինիստրների խորհր­դի որոշմամբ՝ ԽՍՀՄ գիտութ­յունների ակադեմիայի հայ­կա­կան մասնաճյուղի (Արմֆան, ստեղծվել է 1935 թ.) հիմքի վրա Հա­յաս­տանում հիմնվում է գիտությունների ակադեմիա: Դրա հիմ­նա­դրու­մը հայ գիտնականների նվաճումների և գիտական մեծ ներ­ուժի ճանաչման վկայությունն էր: Շուտով հաստատվում է ակա­դե­միայի կառուց­վածքը, կանոնադրությունը, նրա իսկական ան­դամ­ների կազ­մը: Կարկառուն հայագետ, վաստակաշատ մանկավարժ, ազ­գային֊հասարակական, գրական հայտնի գործիչ Մանուկ Աբեղ­յանն այն 23 անձանցից մեկն էր, ովքեր դարձան Խորհրդային Հա­յաս­տանի ԳԱ հիմնադիր անդամները: Եվ ահա գիտությունների ակա­դեմիայի հիմնադրմւսն 70-ամյակին ընդառաջ Ա. Զաքարյանը կազ­մել է, գրել առաջաբան, ծանոթագրություններ և 2013 թ. հրա­տա­րակել է «Էջեր Մանուկ Աբեղյանի պատմահրա­պա­րա­կա­խո­սա­կան ժառանգությունից» ժողովածուն: Դրանում ընդգրկված է Մ. Աբեղ­յանի գիտական ժառանգության մի ստվար հատված, որ դուրս է մնացել նրա երկերի հատորներից: Այս գործերից մի քա­նի­սում՝    ԳԱ֊ի հիմնադիր նիստում Մ. Աբեղյանի ելույթի ամբող­ջա­կան բնա­գրում, ազգային-հայրենասիրական-քաղաքացիական հա­տու շեշ­տա­դրում­ներով 1918–1919 թթ. գրած պատմա­հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդվածաշարերում արծարծված հիմնահարցերը չեն կորց­րել իրենց արդիական հնչեղությունը:

Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի 100-ամյակի առթիվ 2018 թ. Ա. Զաքարյանը կազմել և հրա­տա­րա­կութ­յան է պատրաստել «Հայաստանի առաջին Հանրապետության խոր­հր­­դարանը» վերնագրով ժողովածուն: Այստեղ ներկայացված են խորհրդարանի պատմությունը, խորհրդարանների առաջին նիս­տերի մասին մամուլի հաղորդումները, Խորհրդի կանո­նա­կար­գը, ընտրությունների մասին օրենքը, պառլամենտի ան­դամ­ների անվա­նա­­ցանկերը, խորհրդարանի նախագահների և կին պատ­­գամա­­վոր­­ների կենսագրականները: Նման հրա­տարա­կութ­յուն­ների շարքում ժողովածուն գրավում է ուրույն տեղ:

Ա. Զաքարյանը կազմել, առաջաբանով և ծանոթա­գրութ­յուն­նե­րով 2020 թ. հրատարակել է հայ անվանի գրող, թարգմանիչ, հրա­պա­րակախոս, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի «Ժո­ղո­վուրդի մը հոգեվարքը (Աքսո­րեալ հայերը Միջագետքի մէջ)» վեր­նա­գրով նյութը: Պատմություն, որ Զ. Եսայանը լսել ու գրի է առել Միջագետքի անապատներ աքսորված հայ ժողովրդի մի ստվար հատ­վածի ողբերգության ականատես֊վկա Հայկ Թորո­յանից: Պատ­մա­վավերագրական արժեք ունեցող այդ «արձանա­գրութ­յունները» ժա­­մանակին 1917 թ. հրատարակվել է Բաքվի «Գործ» ամսագրում և տարագիր հայության մասին եղած առաջին վկա­յություններից են: Դրանք հաստատում և համալրում են Միջա­գետքի անապատներում տեղի ունեցած եղերական իրա­դարձութ­յուն­ները վերապրածների ու այլազգի ականատեսների հաղորդած տե­ղե­կությունները, նկարա­գրութ­յունները, կոտորածներին վեր­ա­բերող մանրամասները:

Մի դիտարկում․ վերը հիշատակված աշխատությունների և ժողո­վածուների հրա­տա­րակման տարեթվերը փաստում են, որ 2003 թ. սկսած յուրա­քանչյուր տարի (բացա­ռությամբ 2008, 2017 և 2021 թթ.) Ա. Զա­քար­յանն ուսումնասիրություն է հրա­տարակել, երբեմն երկու ան­գամ մեկ տար­­վա մեջ: Այս իրողությունը, անտարակույս, վկայում է գիտաշխատողի՝ հետևո­­ղա­կանորեն իրականացվող և նպատա­կա­սլաց գործու­նեութ­յան մասին:

Ինքնատիպ էջեր են հայագիտության երախտավորների [Գ. Հով­սեփյան, Ստ. Մալխասյանց, Ս. Տեր-Հակոբյան, Ե. Օտյան, Պ. Մա­կինց­յան, Ա. Չո­պան­յան, Մ. Բաբայան, Կ. Միքա­յել­յան, Լ. Լիսիցյան, Կո­­մի­տաս, Զ. Եսա­յան, Իրա­զե­կ (Հ. Տեր-Հակոբյան), Դ. Անանուն և շատ ուրիշ­ներ] գործունեությանը վե­րա­բե­րող ար­խի­վային նյու­թերի՝ նա­մակագրություն, հուշագրություն, գրականագետի հրա­պա­­րա­­կում­ները, որոնք ներածական խոսքի ու գիտական հմտա­լի ծանոթա­գրութ­­յուն­­ների շնորհիվ նոր կողմերով են բացա­հայտում նրանց կյանքն ու գոր­ծու­­նեութ­յ­ունը:

Հարկ է նաև նշել, որ Ա․ Զաքարյանը վերոգրյալ աշխատանք­նե­րին զուգա­հեռ խմբագրել, կազմել և հրատարակության է պատ­րաս­տել գի­տա­քաղա­քա­կան արդիական հնչեղություն ու բովան­դա­կութ­յուն ունե­ցող շուրջ վեց տասն­յա­­կ աշխատություն և ժողովածու:

ՀՀ ԳԱԱ համակարգում ունեցած խոշոր վաստակի համար Ա. Զա­քարյանը 2013 թ. ԳԱԱ նախագահի կողմից պարգևատրվել է «Վաս­տակագրով»:

Նշենք, որ 2014 թ. Ա. Զաքարյանը մասնակցել է «Գրակա­նա­գիտություն» մասնագի­տութ­յամբ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի տեղի համար հայտարարված ընտ­րութ­յուններին և հավաքել է հաղ­թողից (17 ձայն) 1 ձայն պակաս:

Գիտնականը 1989-ից հանրապետության տարբեր բու­հերում (Երևա­­նի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, «Գա­­լիք» և «Գլա­ձոր» հա­մալսարաններ, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. ման­­կա­վարժական հա­մալսա­րան) զբաղվել է նաև դասա­խո­­սա­կան-ման­կավարժական գործու­նեութ­յամբ, եղել է պետական ավար­­տա­կան քննական հանձ­նա­ժողովների նախա­գահ, Հանրա­պետական դպրոցական օլիմ­­պիա­­դա­ների՝ հայ գրակա­նության գծով գործող հանձնա­ժողովի անդամ, նա­­խագահ: Բազմիցս ուշագրավ ելույթներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտա­ժողովներում:

Ա. Զաքարյանը 2015–2018 թթ․ եղել է «Կանթեղ» գիտական պար­բե­րականի խմբա­գրական խորհրդի անդամ:

2006 թվականից գրականագետ-բանասերը ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ՀՀ ԿԳՆ ԲՈԿ-ի (այժմ՝ ՀՀ ԲԿԳԿ)  Ժ.01.03․ – «Ռուս գրա­կա­նութ­յուն» և Ժ.01.07․– «Արտասահ­­ման­յան գրակա­նություն» մաս­նա­գի­տութ­յուն­­նե­րով գի­տա­կան աստի­ճան շնորհող մասնագիտական խոր­հուրդ­­ների ան­դամ է: Եղել է ատե­նա­­խո­սա­կան աշխատանքների պաշտոնական ընդդիմախոս, բազ­միցս այդպիսի աշ­խա­­տութ­յուններին տվել է փորձագիտական եզրա­կա­ցութ­յուններ:

Ա. Զաքարյանը 1986 թ. ԽՍՀՄ, ապա Հայաստանի ժուռնա­լիս­տ­ների միու­թ­յան անդամ է:

2021 թ. նոյեմբերի 29-ին ընտրվել է Հու­մա­նիզմի պրոբլեմների ակադեմիայի իս­կական անդամ:

Թեև ծան­րա­բեռնված պետական ու գիտական աշխատանք­ներով՝ Ա. Զա­քար­յանը կանգ­նած է եղել «Նախիջևան» հայրենակ­ցական միության ստեղծ­ման ա­կունք­ներում, տարիներ շարունակ եղել է վար­չության անդամ, իսկ 1996–1998 թթ.՝ միության փոխնախագահ: Վարել է հասա­րակական-քա­ղաքական ակտիվ գործու­­նեութ­յուն՝ 1999, 2000, 2003 և 2007 թթ. լինելով Ազ­գային ժողովի գումարում­ների պատ­գամավորության թեկ­նածու:

2015 թ․ մարտի 24-ին նրան շնորհվել է ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդա­կա­նի դա­­­սային աստիճան:

Ա. Զաքարյանն առօրյա և կենցա­ղա­յին հարցերից ու շահերից վեր կանգ­նած անհատ է: Սկզբունքայնությունը, լայ­նա­խոհությունը, պա­հանջ­կոտությունը սե­փական անձի և շրջապատի նկատ­մամբ՝ ահա այս հատկանիշներն են մարդ-քաղա­քա­ցու բնութագրիչ­նե­րը: Այս առու­մով էլ նա արժանի հարգանք ու հեղի­նա­կութ­յ­ուն է վաստակել գի­տա­կան հա­նրության, հասարակական-քա­ղաքական շրջա­նակ­ներում և իր միջա­վայ­րում:

Թերի կլիներ Ա. Զաքարյան մտավորականի, գիտության նվիրյալի, քա­ղաքացու դիմապատկերը, եթե չնշեինք, որ նա բազմանդամ ավան­դապաշտ ընտանիքի սիրված ու հոգատար ղեկավար է, ունի եր­կու աղջիկ և տղա, վեց թոռ:

Այսօր էլ 70-ամյակը բոլորած հա­յա­գետը լի է տարբեր ծրագրերով, որոնց իրա­կանացմամբ ավելի ամբող­ջա­կան կդառնա XIX դարա­վերջի – XX դարի առաջին երեսնամյակի հայ պատ­­մագրական-մշա­­կութային կյանքի համա­պատ­կերը: Նրա վաս­տակն ար­ժանի է բարձր գնա­հատության, որովհետև ժա­մա­նա­կա­կից հայա­գի­տութ­յան մեջ նա ստեղծել է իր ուրույն տեղը, և, երբ գիտական շրջա­նակ­ներում որևէ առի­թով շրջանառվում է նրա ա­նու­նը, աչքի առաջ են գալիս նրա աշխա­տութ­յուն­ները, որոնք նրա կյանքի ճանա­պար­հի նշանաձողերն են դեպի հայտ­­նություն:

Դավիթաշենի իր բնակարանից մինչև Գիտությունների ազգային ակադեմիայի իր աշխատասենյակ, շուրջ 5–6 կմ ճանապարհ, հան­գս­տ­յան շաբաթ և կիրակի օրերն էլ հետը, նա ամեն օր անցնում է ոտ­քով: Դա ոչ միայն առողջության ճանապարհ է, այլև՝ նվիրումի: Այդ ճա­նապարհի իմաստավորմամբ էլ Անու­շա­վան Զաքարյանին մաղ­թենք քաջառողջություն և հա­վա­­տի պես անբեկանելի նվիրում՝ ի փառս մեզ հա­մար գիտություններից առաջ­­նահերթին, որ հայա­գի­տութ­յունն է:

 

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր