Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը և Ռուսաստանը մոտենում են Ուկրաինայի տարածքում ուղղակի ռազմական առճակատման: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե փետրվարի 11-ին Մինսկում «նորմադական քառյակի» շրջանակում հնարավոր չլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հանգել համաձայնության, ապա սկսելու է օրինական կերպով զենք մատակարարել Ուկրաինային: Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի նման որոշումը կընդունի որպես իր անվտանգության ուղղված սպառնալիք և կդիմի դրանից բխող գործողությունների: Եթե Ռուսաստանը չհամաձայնի իրեն առաջադրված՝ ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզին, ապա լայնամասշտաբ պատերազմից խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ ԵՄ-ն զգուշացրել է, որ չի խանգարի Վաշինգտոնին՝ զինտեխնիկա մատակարարել Կիևին:
Բեռլինում մինսկյան պայմանավորվածությունները ստորագրած կողմերի դիվանագետների միջև բանակցություններ են ընթանում առկա հակասությունները վերացնելու ուղղությամբ: Փաստացի դրա արդյունքներից է կախված՝ կկայանա՞, արդյոք, փետրվարի 11-ին քառյակի գագաթաժողովը Մինսկում, և հնարավոր կլինի՞ խուսափել պատերազմից: Այս իմաստով փետրվարի 11-ը համաշխարհային ընդգրկման ջրբաժանային նշանակություն է ստանում: Ռուսաստանի կողմից զիջումների չգնալու պարագայում աշխարհը թևակոխելու է սառը պատերազմի թատերաբեմ, որը չի կարող այլևս շրջանցել որևէ տարածաշրջանում առկա որևէ հակամարտություն, որտեղ խաչվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը:
Սա խոշոր մարտահրավեր է Հայաստանի համար: Առ այսօր ԼՂ հիմնահարցը եղել է այն եզակի հանգրվանը, որտեղ ԱՄՆ-ը և Ռուաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրներ, նույնիսկ արտաքուստ համագործակցության ցանկություն են դրսևորում: Չափազանցություն չի լինի ասել, որ հիմնահարցը մասշտաբային պատերազմի չի վերածվում հենց այս պարիտետի կենսունակության պատճառով:
Ուկրաինայում պատերազմի սկսումը վտանգավոր է նրանով, որ նեղացնում է աշխարհաքաղաքական մնացած խնդիրների համատեքստում Վաշինգտոնի և Մոսկվայի փոխըմբռնման դաշտը, և դա, ինչ-որ պահից սկսած, կարող է արտացոլվել նաև Մինսկի խմբի ձևաչափի վրա՝ միտում ունենալով Ռուսաստանին օտարել դրանից: Այս տարվա հունվարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, կանցլեր Անգելա Մերկելը ոչ միայն Ռուսաստանին մեղադրեց հակամարտության գոտում պատերազմ հրահրելու մեջ, այլև հայտարարեց ՄԽ-ի ձևաչափում ընդգրկվելու` Բեռլինի ցանկության մասին: Ադրբեջանը և Թուրքիան չեն թաքցնում ՄԽ համանախագահների ձևաչափը փոխելու և դրանում Գերմանիային ու Թուրքիային ներգրավելու հավակնությունները, ինչը ուկրաինական դիմակայության ֆոնին կարող է Արևմուտքում դիտարկվել որպես նրանցով Ռուսաստանին փոխարինելու և համանախագահների ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու միջոց: Պատահական չէ, որ, ակնհայտորեն մերժելով միջնորդների բոլոր առաջարկությունները, Բաքուն փորձում է ստեղծել այն պատրանքը, թե մադրիդյան սկզբունքների տապալման ներկայիս ֆոնին ՄԽ այս ձևաչափն այլևս ի վիճակի չէ ռացիոնալ լուծումներ առաջարկել Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման համար և դարձել է ինքնանպատակ:
Ուկրաինայում պատերազմի ծավալումը պարարտ հող է ստեղծում Բաքվի կողմից շփման գծում իրավիճակն էլ ավելի պայթյունավտանգ դարձնելու միջոցով համանախագաների ձևաչափի անարդյունավետությունը ցուցադրելու համար: Մյուս կողմից՝ ուկրաինական թնջուկը ուժային մեթոդներով լուծելու` Մոսկվայի և Վաշինգտոնի համառությունն ամրապնդում է ԼՂ հիմնահարցը նույն եղանակով լուծելու` Ադրբեջանի համոզմունքը: Չի բացառվում, որ դա թյուրիմացաբար Բաքվում ընկալվի որպես իր կողմից ռազմական գործողությունների դիմելու պլանների լեգիտիմացում: Համաշխարհային հանրության ուշադրությունն ամբողջությամբ սեւեռված կլինի Ուկրաինայի դրամատիկ զարգացումների վրա, և Բաքուն կարող է դա իր համար նպաստավոր համարել` «կայծակնային պատերազմ» սկսելու փորձ կատարելու համար՝ հաշվի առնելով, որ, խրված լինելով ուկրաինական ճահճի մեջ, Ռուսաստանը կա'մ չի ցանկանա օգնել Հայաստանին, կա'մ կփորձի Ադրբեջանի այդ քայլն օգտագործել հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու համար: Այդ ազդակները Բաքուն ստացել է` Հայաստանի Տավուշի մարզը «փորձի համար» գնդակոծելիս Մոսկվայի անտարբերությանն առնչվելով:
Եթե Ռուսաստանը ներքաշվի ուկրաինական պատերազմի մեջ, նրա ֆինանսական համակարգը հնարավոր է չդիմանա այդ ծանրությանը, մանավանդ, եթե նկատի ունենանք Արևմուտքի սպառնալիքները տնտեսական պատժամիջոցների շրջանակը մեծացնելու և նույնիսկ վճարումների SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու մասին: Այս ամենն ուղղակիորեն հարվածելու է թե' դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների ծավալներին և թե', առհասարակ, հայաստանյան տնտեսությանը, որը հուսահատ ճիգեր է գործադրում ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրվել դեպի անդունդը գլորվող ռուսական շուկաներին:
Այս մարտահրավերների ֆոնին, Հայաստանը, որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ, գործնականում գոյություն չունի: Հայաստանում թե' իշխանությունը և թե' քաղաքական ուժերն զբաղված են մանր ինտրիգներով, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև արհեստական բաժանարարներ անցկացնելով: Այն դեպքում, երբ նույնիսկ պասիվ արտաքին քաղաքականությունը ներկայումս հավասարազոր է ինքնասպանության, Հայաստանը գործնականում հրաժարվել է արտաքին քաղաքականությունից: Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին անգամ արտերկրյա այցելություն է կատարել 2014թ. դեկտեմբերի վերջին: Երևանը չի մասնակցել որևէ խոշոր միջազգային ֆորումի, այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը միայն վերջին ամսվա ընթացքում 4 պաշտոնական այցելություն է ունեցել՝ Թուրքիա, Գերմանիա, Շվեյցարիա՝ բոլոր դեպքերում հետևողականորեն ամրապնդելով Հայաստանի՝ ագրեսոր լինելու «տեսությունը»: Մյունխենում Ալիևը արդարացնում է ուժի կիրառումից խուսափելու` իր պարտավորությունից հրաժարվելու հանգամանքը՝ դա հիմնավորելով «ագրեսորներին» իր տարածքներից հեռացնելու իրավունքով, իսկ Հայաստանում հրճվում են ընդամենը նրանով, որ մի քանի երկրորդական դիվանագետները Ալիևին ինչ-որ ստանդարտ հարցեր տալու համարձակություն են ունեցել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը սրտնեղում է, թե Ալիևը մյունխենյան քննարկումների ժամանակ հրաժարվել է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքները: Իսկ ի՞նչ է արել ԱԳՆ-ն, բացի հերթապահ հայտարարություններից, դա թույլ չտալու, ԼՂ հակամարտության էությունը համառորեն և արդյունավետորեն խեղաթյուրելու` Ալիևի ձեռնարկումները կասեցնելու, ՄԽ ձևաչափին սպառնացող վտանգները կանխելու ուղղությամբ: Անգամ, երբ Ռուսաստանը գրեթե բացահայտ է արտահայտում Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորությունը չկատարելու դիրքորոշումը, Հայաստանը չի փորձում քայլեր ձեռնարկել իր անվտանգության համակարգը փոքրիշատե դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Հաշվարկվե՞լ է, արդյոք, թե մեզ համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ուկրաինայում պատերազմի սկսման պարագայում Ռուսաստանի հնարավոր պարտությունը կամ այդ պատերազմի` անորոշ ժամանակով երկարաձգումը: Սրանք հարցեր են, որ իսպառ բացակայում են ներքին գզվռտոցներով սահմանափակվող հայաստանյան ճղճիմ պետական, հասարակական-քաղաքական օրակարգից: Ինչպես ասում են՝ գորտի համար իր ճահճից ավելի լավ տեղ չկա:
Գևորգ Աղաբաբյան