Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ երկրներ կճանաչեն Արցախի անկախությունը. ըստ NovostiNK.ru-ի` հունական Ef.Syn պարբերականի հետ զրուցում ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես սկսվեցին ապրիլյան ռազմական գործողությունները, նախարարը հիշեցրել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը գործում է 22 տարի, և այդ ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խախտել է այն: «Մենք տեսնում ենք աճող ագրեսիայի նախանշաններ Ադրբեջանի կողմից, նաև` սահմանին զորքերի կուտակումներ: Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին տեղեկացրել ենք այդ մասին, սակայն և' դիվանագետները, և' միջազգային ԶԼՄ-ներն անտեսել են այդ տեղեկությունները: Ադրբեջանը երկար տարիներ պայմաններ էր ստեղծում պատերազմի վերսկսման համար»,- ասել է նա:
Միրզոյանի խոսքով` իրականում Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ուղղված էր ոչ միայն Արցախի, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերի դեմ: Նա նաև կարծիք է հայտնել, որ դրա պատճառը Ադրբեջանի ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներն են:
«Չխորանալով պատճառների մեջ` ասեմ ընդամենը, որ Ադրբեջանի ղեկավարությունը և այդ երկրի նախագահը չեն ցանկանում հարցը լուծել դիվանագիտական և բանակցային ճանապարհով: Չստանալով իրենց ցանկացածը` նրանք կարող են վերսկսել պատերազմը: Այնպես որ` նրանք են պատասխանատու պատերազմի սանձազերծման համար: Մենք համոզված ենք, որ Բաքուն կշարունակի ռազմական ճանապարհը»,- նշել է Կարեն Միրզոյանը:
Խոսելով Թուրքիայի դերի մասին, մասնավորապես` ապրիլյան պատերազմից առաջ Էրդողանի հնչեցրած հայտարարության մասին, թե «Անկարան մինչև վերջ աջակցելու է Բաքվին», նախարարը հիշեցրել է, որ Անկարան մշտապես, անգամ` ԽՍՀՄ փլուզումից առաջ, աջակցել է Բաքվին: «Տարիներ շարունակ Թուրքիան զինում և պատրաստում է ադրբեջանական բանակը, որի նպատակը պատերազմն է»,- ասել է նա:
Հարցին` ո՞րն է ԼՂ հակամարտության լուծումը, ԼՂՀ արտգործնախարարը պատասխանել է, որ հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե տարածաշրջանի ժողովուրդները շարժվեն ժողովրդավարական ճանապարհով` հիշեցնելով, որ ԼՂՀ-ն իր անկախությանը հասել է հենց այդ ճանապարհով:
«Ցանկանում եմ, որ պարզ լինի` եթե Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռի, դա կլինի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացի և կարգավորման դիվանագիտական հնարավորության վերջը: Այդ կարծիքին են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և եվրոպական երկրները: Ավելորդ է ասել, որ եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը` որպես անկախ պետություն»,- հայտարարել է Կարեն Միրզոյանը:
Նա նաև ընդգծել է, որ սխալ է զուգահեռներ տանել Ղարաբաղի և Կոսովոյի կամ Կիպրոսի միջև: «Դրանք տարբեր դեպքեր են` իրենց առանձնահատկություններով: Նրանք, ովքեր պնդում են, թե նմանություններ կան, չեն ցանկանում լուծել հակամարտությունը: Խնդիրները լուծվում են ոչ թե զենքով, այլ ազատ կամաարտահայտության միջոցով»,- շեշտել է Կարեն Միրզոյանը: