Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պոլիտեխնիկի մարզական տարածքների մասին քանիցս մամուլում հրապարակումներ են եղել: Քանի որ «լուսաբանված» խնդիրների հետ ես անմիջական կապ ունեմ (հանդիսացել եմ «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ), ապա ինձ հարկադրված եմ համարում տալ որոշակի պարզաբանումներ` «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Պոլիտեխնիկում «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը ունի երկար տարիների պատմություն և ունեցել է մեծ դերակատարություն մեր հանրապետությունում` ինչպես ուսանողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտի զարգացման համար: Դրա մասին են վկայում այն բազմաթիվ մեդալները և պատվոգրերը, որոնց արժանացել են մեր մարզիկները տեղական և միջազգային մրցաշարերում: Ինձ համար անընդունելի է, երբ համալսարանի նոր ղեկավարը՝ ռեկտորի ժ/պ Հովհաննես Թոքմաջյանը, հետևողականորեն փորձում է վարկաբեկել մեր տարիների աշխատանքը: Այս ամենի մեջ առավել վիրավորականն ու ցավալին այն է, որ սպորտային համալիրում տարված աշխատանքների վարկաբեկման թոքմաջյանական գործընթացին միացել են նաև մեր որոշ գործընկերներ՝ ի դեմս ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արարատ Ղոչիկյանի:
Ես բազմիցս եմ արտահայտվել, որ Թոքմաջյանի ապակառուցողական քայլերի արդյունքում պոլիտեխնիկին, մասնավորապես, նրա սպորտային համալիրին հասցվել է հսկայական ու անդառնալի վնաս: Թոքմաջյանը առաջ է տանում այն թեզը, որ իր օրոք պոլիտեխնիկի սպորտային համալիրը տալիս է համալսարանին զգալի եկամուտներ և, որ մինչ այդ, սպորտային համալիրի կոմերցիոն շահագործումից համալսարանը գրեթե կամ բացարձակապես եկամուտներ չի ունեցել: Թվում է, թե ինչ առարկություն կարելի է անել ասվածի դեմ. մնում է միայն բացականչել՝ Թոքմաջյանի նմանը չկա և զարմանալ՝ բա նախկինում այդ եկամուտները ինչո՞ւ չկային, արդյո՞ք նախկինում սպորտային համալիրը շահագործվել է այդքան ապաշնորհ, միգուցե՞ գումարների յուրացում է տեղի ունեցել և այլն:
Բարեբախտաբար վերոնշվածից ոչ մի բան չի արտահայտում իրողությունը, հակառակը այդ ամենը խեղաթյուրում է այն: Հարցի էությունը ընկալելու համար, պետք է հասկանալ, որ, ի տարբերություն վերջին տարիների, նախկինում սպորտային համալիրի հզորությունների միայն չնչին մասն էր օգտագործվում կոմերցիոն նպատակով: «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը կոմերցիոն նպատակով իրավունք է ունեցել օգտագործել սպորտային համալիրի հզորությունների միայն 10-15 տոկոսը: Օրինակ, լողավազանի կտրվածքով «Պոլիտեխնիկ» մարզական ակումբին գումար վաստակելու համար տրամադրված է եղել մեկ լող ուղի, այն էլ 16.00-ից՝ դասերի ավարտից հետո, հիմնականում մինչև երեկոյան ժամը 19.00: Հարկ եմ համարում անդրադառնալ ներկայիս ֆիզկուլտուրայի ամբիոնի ղեկավարի այն պնդմանը, թե իբր կոմերցիոն պարապմունքները տևել են մինչև գիշերվա ժամեր:
Ինչպե՞ս նման բան կարող է պնդել պարոն Ղեչիկյանը, ով 2009-2011-ին եղել է մեջքի հիվանդության պատճառով, ըստ էության, անկողնուն գամված: Ինչպե՞ս կարող է ամբիոնը մեկ-մեկ ցերեկվա ժամերին 1-2 ժամով սպորտ համալիր այցելող անձնավորությունը պնդել, թե երեկոյան ժամերին ինչ է կատարվում: Բնականաբար հարց է ծագում՝ ի՞նչ ծառայություներ էր ստանում պոլիտեխնիկը մարզական ակումբից` իր սպորտային համալիրի հզորությունների 10-15 տոկոսի տրամադրման դիմաց:
«Պոլիտեխնիկ» մարզական ակումբը իր վրա էր վերցնում ամբողջ սպորտային համալիրի կոմունալ, շահագործման ծախսերը, կատարում էր ուսումնական պրոցեսին անհրաժեշտ համալիրի համար սպորտային գույքի ձեռքբերում և նորոգում, տարբեր մարզաձևերից անվճար սպորտային խմբակների աշխատանքի կազմակերպում, պոլիտեխնիկի տարբեր մարզաձևերից հավաքականների համար մարզիչների տրամադրում, սպորտային միջոցառումների կազմակերպում, ընթացիկ նորոգումներ, բարեգործություն… Ցանկության դեպքում այս ցուցակը կարելի է շարունակել /բժկական և անվտանգության ծառայություններ, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում և այլն /, բայց, կարծում եմ, այն էլ լիովին բավարար է պատկերացում կազմելու համար, որ ակումբը սպորտային համալիրում վաստակած իր ողջ գումարը ներդրել է այդ նույն համալիրի վրա:
Փաստաթղթերի մակարդակով դժվար չէ տեսնել, որ «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը Պոլիտեխնիկի սպորտային համալիրի շահագործումից շահույթ երբեք չի ստացել: Որպես նախագահ` վստահեցնում եմ, որ իր կանոնադրության համաձայն` մեր ակումբը երբեք շահույթ չի հետապնդել: Չնայած հայտնի և վաղուց ձևավորված կարծիքի, որ ուսանողական սպորտի զարգացման առավել արդյունավետ ձևը դա ակումբայինն է /շատ համալսարաններ նույնիսկ չունեն ֆիզկուլտուրայի ամբիոններ/, Թոքմաջյանն իր պոլիտեխնիկ գալը մեկնարկեց «Պոլիտեխնիկ» ակումբի հետ պայմանագրի խզումով: Չցանկանալով մեկնաբանել նրա այդ քայլը` ես պետք է կիսվեմ որոշ դիտարկումներով` կապված սպորտային համալիրի աշխատանքների հետ, մոտ մեկ տարի կտրվածքով, երբ նրանում «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը արդեն մոտ մեկ տարի է` ինչ չի գործում:
Ըստ վերը նշված կետերի` կարելի է արձանագրել հետևյալը, որ սպորտային համալիրի բոլոր կոմունալ, շահագործման ծախսերը վճարում է Պոլիտեխնիկը, ուսումնական պրոցեսին անհրաժեշտ համալիրի համար սպորտային գույքի ձեռքբերում և նորոգում իրականացնում է նույնպես Պոլիտեխնիկը, Պոլիտեխնիկում դադարել կամ դադարեցման եզրին են սպորտային խմբակների աշխատանքները /ու՞ր է Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցած Պոլիտեխնիկի մինի ֆուտբոլի թիմը /, պոլիտեխնիկի տարբեր մարզաձևերից հավաքականների համար մարզիչների վարձատրումը իրականացնում է Պոլիտեխնիկը, կազմակերպվող սպորտային միջոցառումների թիվը էապես կրճատվել է, համալիրում իրականացվում է հսկայածավալ շինարարական աշխատանք, բարեգործական ակցիաներ չեն իրականացվել:
Պարզ համեմատությամբ դժվար չէ համոզվել, որ գրեթե բոլոր կետերով /բացառությամբ շինարարությանը վերաբերվող կետի/, գրանցվել է հետընթաց, մասնավորապես, համալսարանը իրականացնում է զգալի ձախսեր: Խոսելով եկամուտի մասին, վերջինիս չափը մեծ ցույց տալու համար Պոլիտեխնիկի ղեկավարությունը չի ցանկանում նշել, որ սպորտային համալիրի շահագորշման համար արվել են ծախսեր: Չի մատնանշվում նաև այն հանգամանքը, որ Պոլիտեխնիկում գրեթե դադարեցվել են ուսանողական սպորտի զարգացմանը միտված միջոցառումները, որոնց հասանելիք գումարները պարզապես ներկայացնում են իբրև եկամուտ: Այսպիսով, ցույց չտալով ծախսերը և իրականացնելով խեղաթյուրված ուսումնական պրոցես` համալսարանի ղեկավարությունը փորձում է ստեղծել զգալի եկամուտների տպավորություն՝ ինչը, իհարկե, բացահայտ բլեֆ է:
Հարկ է նշել նաև այն, որ ներկայումս, նախկին 10-15 տոկոսի փոխարեն, կոմերցիոն նպատակով օգտագործվում է սպորտային համալիրի ողջ հզորությունը, գործնականում գրեթե ողջ օրը: Առանձին մեկնաբանման է արժանի շինարարությանը վերաբերվող հարցը: Պարոն Թոքմաջյանը, խոսք տալով 2014 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանձնել վերանորոգված լողավազան, ըստ էության, խաբեց պոլիտեխնիկցիներին: Այժմ պոլիտեխնիկի լողավազանը ներկայացնում է իրենից փլատակ: Ամենայն հավանականությամբ, Թոքմաջյանի շինարարական նախաձեռնությունը կործանեց պոլիտեխնիկի լողավազանը: Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ լողավազանի հատակում չի գոյացել ճաք, քանի որ նրա մակերեսի հին սալիկածածքի պոկման համար կիրառվել են կտրուկ և ուժգին հարվածներ հասցնող մեքենաներ:
Մինչ վերջերս Պոլիտեխնիկի հետ որևէ կապ չունեցած, ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը իր մի հարցազրույցում մատնանշել է սպորտ համալիրի եկամուտի 10 միլիոն դրամ չափը: Ցավոք, նշելով այդ գումարը` հայտնի գրոսմաստերը հաշվի չի առել իրեն իբրև ֆիզկուլտուրայի և սպորտի գծով ռեկտորի խորհրդականի աշխատավարձի հանգամանքը: Ի դեպ, «ձեռքի հետ» Պոլիտեխնիկ գալու համար Վահանյանը ամսական ստանում է մոտ 360.000 դրամ, ինչը կազմում է երկու պրոֆեսորի աշխատավարձ: Դժվար չէ հաշվարկել, որ Թոքմաջյանն իր սպորտի գծով խորհրդականին՝ պարոն Վահանյանին, տարեկան վճարում է 4 միլիոն դրամից ավել գումար: Վահանյանի աշխատավարձն արդեն համարվում է ծախս: Հետևաբար` սպորտ համալիրի եկամուտի վերաբերյալ պարոն Վահանյանի հնչեցված 10 միլիոն դրամը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, բայց Թոքմաջյանը, օգտվելով հայտնի շախմատիստ Վահանյանի անտեղյակության հանգամանքից, շահագործում է մեր բոլորի կողմից սիրված մարզիկի անունը:
«Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ՝ Սամվել Մեհրաբյան