կարևոր
172 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 12:23
Իրավական

Սա ի սկզբանե խեղաթյուրված քրեական վարույթ է. փաստաբանը՝ հղի կնոջ վրաերթի մասին

Պնդում եմ, որ փորձագետի կողմից որևէ դիտավորություն չկա, աբսուրդային  է, որ պաշտպանյալ Բալոյանը փորձագետին մեղադրում է դիտավորության մեջ: Փորձագետը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող օրվա իշխանությանը դեմ գնալ: Հակառակը՝ մենք կարող էինք պնդել, որ կեղծված է փորձաքննության արդյունքը: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 18-ին,  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված  և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունից հետո ասել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: 

«Ես պնդում եմ, որ մեքենայի արագությունը գերազանցվել է: Պնդում եմ նաև, որ դա քրեական վարույթում հաստատված է:

Մնացած աճպարարական հնարքներում միտում եմ տեսնում, որպեսզի ձգձգվի դատական պրոցեսը», - ասել է փաստաբանն ու հավելել՝  իր համար տեղի ունեցողն իրավական տիրույթում չի տեղավորվում: 

Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Դատական նիստի ընթացքը կարող եք տեսնել այստեղ և այստեղ։