կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 16:06
Հասարակություն

Իմ` այնտեղ մնալը լրացուցիչ բեռ կլինի. Թոքմաջյանը հեռանում է պոլիտեխնիկից

Իմ` այնտեղ մնալը լրացուցիչ բեռ կլինի. Թոքմաջյանը հեռանում է պոլիտեխնիկից

Հունիսի 21-ին տեղի ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները. 19/11 կողմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը:

Ընտրություններից առաջ Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը նշել էր, որ եթե մեկը պարտվում է, պետք է հեռանա ու մյուսի շնչին չնստի:

Այսօր փորձեցինք պարոն Թոքմաջյանից ճշտել` ի՞նչ ծրագրեր ունի, արդյո՞ք հեռանալու է բուհից: Նա պատասխանեց, որ բուհում չի շարունակի աշխատել, քանի որ ճիշտ չէ` երկու ռեկտոր նույն տեղում աշխատեն:

«Նախկին ռեկտորներ չեն լինում, իսկ երկուսի` նույն տեղում աշխատելն էլ ուղղակի ճիշտ չէ: Իմ այս որոշումը բխում է պոլիտեխնիկի շահերից, որ պարոն Մարուխյանն էլ, իր հերթին, կարողանա իր ծրագրերը կյանքի կոչել: Անկեղծ ցանկանում եմ, որ նա կարողանա ավելին անել, քան արեցի ես իմ պաշտոնավարման 1 տարի 2 ամսում: Մարուխյանը հենք ունի, պոլիտեխնիկի հենքը պրոֆեսորադասախոսական կազմն է, որն էլ հնարավոր է ավելի զարգացնել: Ես նրան հաջողություններ եմ ցանկանում»,- ասաց Թոքմաջյանը:

Հարցին, թե բուհում չի՞ շարունակելու գիտական գործունեությունը, պատասխանեց` ոչ, գիտական թեմայի ղեկավարի պաշտոնից էլ է հրաժարվել: «Գտնում եմ, որ իմ` ցանկացած պաշտոնում այնտեղ մնալը լրացուցիչ բեռ կլինի Մարուխյանի համար: Սա էմոցիոնալ քայլ չէ, այլ գիտակցված: Սա վերաբերմունք է կյանքի նկատմամբ. որևէ դժգոհություն չունեմ կյանքից, ընտրություն էր, եղավ-անցավ»,- ասաց Թոքմաջյանը:

Ի՞նչ ծրագրեր ունի` այդ դեպքում, ինչո՞վ է զբաղվելու այսուհետ: Թոքմաջյանը նախ ծիծաղելով նշեց, թե վաղը չէ մյուս օրը, օրինակ, Երևանի ավագանու հերթական նիստին է մասնակցելու, ապա ավելացրեց. «Մի քիչ հանգստանամ, կորոշեմ: Կյանքը շարունակվում է, ես պոլիտեխնիկի տաղանդավոր կազմին ցանկանում եմ նոր հաջողություններ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց տեղից շարժել և, նախկին ցուցանիշի համեմատ, բավականին բարձրացնել պոլիտեխնիկը վերջին 1,5 տարում»:

Իսկ ի՞նչ է լինելու այն դատական գործերի ճակատագիրը, որոնք սհարուցվել էին վերջին շրջանում: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ դրանով պետք է պոլիտեխնիկի նոր ղեկավարը զբաղվի: «Դրանք պոլիտեխնիկի պատասխանատվության ներքո են, ես դրանցով չեմ զբաղվելու: Ես անձնական խնդիրներ չեմ ունեցել, պետական խնդիրներ են, որոնք նրանք պետք է կարողանան առաջ տանել»,- ասաց նա: