Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք գրող Աբդուլլահ Գազելը «Աքբեզ. վերջին բերդը» վեպում պատմել է իր ծննդավայր Հաթայ նահանգի Աքբեզ գյուղից հայերին տեղահանելու մասին:
Ըստ Haberturk-ի՝ հայտնելով, որ գրքից ստացած եկամուտը նվիրելու է Աքբեզի նախակրթարանին, հեղինակն ասել է. «Անատոլիայի ամեն կողմում տարածված իմպերիալիստական կրակը հասել է նաև իմ գյուղ: Ուսումնասիրել եմ տեղահանումից առաջ՝ 1900-ական թվականների սկզբին, տեղի ունեցածները: Այդ օրերի կենդանի վկաների՝ մեր գյուղի բնակիչների հետ եմ խոսել ու գրառումներ արել: Այս գիրքում, որը ես համարում եմ կենդանի ժառանգություն, ցանկանում եմ պատմել տարիներ շարունակ չդադարող իմպերիալիստական խաղերի մասին»:
Գազելը գրքում պատմել է, որ հայ ազգականների հետքերով գնալիս հասել է մինչև Բեյրութ և ներկայացրել նրանց հետ հանդիպումը: «Գրքի շապիկին մի շատ հետաքրքիր լուսանկար կա: Ձախ կողմի կինը հորաքույրս է՝ Սուլթանը, իսկ նրա կողքին հայրս՝ Քուշո Մեմեթը: Ոտքի կանգնած տղամարդը հորեղբայրս է՝ Ներսեսը, իսկ նրա մոտ կանգնած կինը նրա կին Սուլթանը: Հորեղբայրս ու նրա կինը հայ են, քրիստոնյա, իսկ հայրս և հորաքույրս մուսուլման են: Այս տարօրինակ պատմության գլխավոր հերոսը պապս՝ Հալիլ աղան է, ով 1900-ականների սկզբին հայ կնոջ հետ է ամուսնացել, ով ունեցել է երկու որդի՝ Պետրոսն ու Ներսեսը: Այդ ժամանակ երեխա եղած հորեղբայրներս ապրել են պապիս տանը՝ պահպանելով իրենց կրոնը: Այսինքն` քրիստոնյա և մուսուլման բոլոր բարեկամներս տարիներ շարունակ մեր տանն են ապրել»:
Գազելը նշել է, որ 1909 թվականի Ադանայի դեպքերի ժամանակ էլ, 1915 թվականի հայերի տեղահանության ընթացքում էլ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել:
«Գյուղի մուսուլման և քրիստոնյա բնակչությունը, միմյանց գրկելով, թույլ չի տվել, որ նման դեպքեր տեղի ունենան: Հայերն սկսել են արտագաղթել, երբ ֆրանսիացիներն են եկել: Ես տարիներ շարունակ իմ հայ ազգականներին փնտրեցի և Բեյրութում վերջապես գտա նրանց, որից հետո այս ցնցող պատմությունները ցանկացա ներկայացնել պատմական լույսի ներքո»,- ասել է Գազելը:
Նա հայտնել է գրքից ստացած գումարը նախակրթարանին նվիրելու պատճառը` ասելով, որ 1901 թվականին մի շարք պետական պաշտոնյաներ եկել են գյուղ և Աբդուլ Համիդ 2-րդի գահակալության 25-ամյակի առթիվ ցանկացել գյուղում դպրոց կառուցել, սակայն գյուղում դպրոց կառուցելը պետք է տևեր մեկ տարի:
«Երբ պապս դա լսել է, իր առանձնատունը նվիրաբերել է դպրոցին: Այդ դպրոցն արդեն մոտ 100 տարի է` ծառայում է մեր գյուղին և մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է Գազելը: