Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԳԱԼԱ-ն զրուցել է նախորդ շաբաթ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հոր հետ. «Հունվարի 29-ի վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանին հուղարկավորելուց հետո տեղեկություններ հրապարակվեցին,որ ռազմական ինստիտուտի բարձրաստիճան ղեկավար անձնակազմը՝այդ թվում ինստիտուտի տնօրենը, հրաժարականի դիմում են գրել:
Այս մասին իմացել են Հայկազ Բարսեղյանի հայրենի Նիզամի գյուղում, նրա ծնողները, բոլոր հարազատները: Մահացած կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի կարող թեթեւացնել այսօր իրենց վիրավոր սրտի ցավն ու կսկիծը, բայց գոնե մխիթարվում են, որ թերացածներին պատժելը կօգնի, որ նման հանցագործություններ այլեւս չկատարվեն, եւ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն իրենց գործին:
«Չեմ կարող ասել՝ ապագայում ինչ կլինի այնտեղ, բայց կարծում եմ, որ մի քիչ ավելի կխստացվի, գոնե ավելի ուշադիր կլինեն: Այդ հեռացված անձնակազմի մեջ կան սպաներ, ովքեր անգամ իմ Հայկազիկի հետ շատ լավ հարաբերություններ են ունեցել: Կարծում եմ՝ առաջին հերթին պիտի օրվա հերթապահ կազմը հեռացվեր: Հերթապահ սպան ոչ թե պիտի սենյակում նստած լիներ, այլ պիտի շրջեր, նա պիտի ոտքի վրա լիներ ամբողջ գիշեր, որ նման բաներ չլինեին»,-ասաց սպանված զինվորի հայրը: Արկադի Բարսեղյանն ասաց, որ իր որդուն սպանել են գիշերը՝ ժամը 3-ից հետո, քնած ժամանակ: Այս մասին նրան տեղեկություններ են տվել քննիչները, նաեւ ռազմական ինստիտուտի ղեկավարները:
«Դեպքը՝ սպանությունը, գիշերն է եղել. Հերթապահն ասել է, որ երեք անց կես շրջել է ննջարաններով, Հայկազը այդ ժամանակ քնած է եղել: Իսկ հետո ինքն էլ է գնացել քնելու, ու գործողությունը կատարել են հերթապահի ստուգումներից հետո: Այդ օրը բանակի օրն էին նշել: Ամեն ինչ հանգիստ է թվացել, ինքն էլ երեքից հետո հանգիստ գնացել է՝ քնի: Այդ մասին ինձ պետն է ասել: Ասաց՝ բերանը փակել են շորով, դանակով հարվածել են թեւին, նոր վերջում տարել կախել են: Դեմքին՝ շրթունքի վերեւի հատվածում, խփված էր, ու լավ գրիմ արած էր, ձախ այտի վրա հետք կար՝ գրիմով փակած էր: Թեւերը՝մինչեւ արմուկները արյան մեջ են եղել:
Ասացին, որ մահացել է շնչահեղձ լինելուց, քանի որ բերանը փակել են: Երեխիս տանջամահ են արել, հետո տարել, կախել են: ինձ թվում է՝ մահացած են եղել, նոր տարել են, որ կախեն իմիտացիա ստեղծեն, որ իբր կախված ա: Փաստորեն երեխայիս քնած ժամանակ մորթել են՝ նույն ձեւով, ինչ Գուրգեն Մարգարյանին: Նույն ձեռագիրն է գործել, պարզապես Հայկազիկիս սպանողները հայեր են»,- ասաց որդեկորույս հայրը:
Արկադի Բարսեղյանն ասաց, որ որդու հետ նույն սենյակում եւս 6 զինծառայող են քնած եղել, որոնք հիմա հարցաքննվում են:
«7 հոգի են եղել ննջարանում՝ Հայկազն էլ հետը, բոլորն էլ այնտեղ են եղել: Ենթադրենք՝ կողքի ննջասենյակից չեն լսել, բա հետը նույն սենյակում քնածնե՞րը: Հիմա 4-5 հոգի են, որոնք կասկածվում են սպանության մեջ, եւ վարկածներ կան, որ դրսից էլ է մարդ մտել՝ հասկանո՞ւմ եք գիշերը քաղաքացիական մարդ է մտել ինստիտուտ: Հիմա այդ ննջարանի բոլոր երեխաներին էլ տարել են հարցաքննության: Հասկացանք, որ երեխուս բերանը փակել են, նոր գործել, բայց դա չի նշանակում, որ ոտնաձայներ չեն լսել, կողքները մարդ են սպանել, հանել, տարել- կախել են, ո՞նց կարա իրանք խաբար չլինեն»:
Արկադի Բարսեղյանն ասաց, թե գրությունը, որ իբրեւ գտել են որդու գրպանում,անհեթեթ բան է եղել, քանի որ որդու ձեռագիրը չի եղել: Հետո ըստ նրա՝ եթե արթնացնեին Հայկազին, ստիպերին էլ, նա երբեք նման բան չէր գրի: «Իրանք մտել ու միանգամից քնած ժամանակ են գործողությունը կատարել: Էն, որ մտնեին, ասեին գրի՝սենց, ընենց, երկար պատմություն կլիներ: Համ էլ ես իմ տղային լավ գիտեմ, իմ տղան չէր գրի: Ես հավատացած եմ, որ նա մի կաթիլ արցունք էլ չի թափել:
Պինդ տղա էր իմ տղան, ինքը չէր գոռա՝ օգնեք, ասեին՝ ինքն էլ կասեր, խփեին՝ ինքն էլ կխփեր: Հենց դրա համար թուրքի պես են գործել. Քնած տեղն են արել՝ իր բնավարության գիծն իմանալով, որ ինքը չի հանձնվելու: Էդ կռիվը 7 օր շարունակվել է: Դրսից մարդ են հրավիրել, որ իրանց օգնի»:
Թե ինչ կռիվ է եղել, որ յոթ օր շարունակվել է, մանրամասներին Արկադի Բարսեղյանը չի տիրապետում, քանի որ որդին ո՛չ իրեն, ո՛չ տան անդամներից որեւէ մեկին ոչինչ չի պատմել: Ծառայակիցներից ու սպաներից կցկտուր մանրամասներ է լսել. «Մեկն ասում էր, որ ճաշարանում դեպք է եղել. ինքը նկատողություն է արել, ասելա փնթի մի՛ կերեք, բայց դա վարկած է: Այն, որ յոթ օր շարունակ ինչ-որ բաներ են եղել, դա ինձ քննիչն է ասել: Մի բան են ասում, ու ես էլ գիտեմ, որ իրեն նախանձել են: Քանի որ իրեն շատ են գովացել. լավ ծառայող է եղել: Իրեն նույնիսկ ուզեցել են սերժանտի կոչում տան, ինքը հրաժարվել է, եւ տվել են հենց այն տղաներից մեկին, որը հիմա ձերբակալված է՝ այդ գնդապետի որդուն: Դրա հայրը հենց ռազմական ինստիտուտի պետի տեղակալն է՝ թիկունքի գծով»:
Արկադի Բարսեղյանի խոսքերով՝ որդին երբեք չի գանգատվել, որովհետեւ ոչ մի անգամ պրոբլեմներ չի ունեցել: «Կարող է թեթեւակի բաներ եղել են, բայց ինքը ուշադրություն չի դարձրել. Հավանաբար իր ուժերի վրա ինքը վստահ է եղել: Ինքը ստեղից ամսի 7-ին է գնացել, անտրամադիր չի գնացել. Հակառակը ուրախ է գնացել: Այդ օրն էլ համերգից են եկած եղել, պատմում են, որ ինքը ուրախ տրամադրությամբ է եղել:
Որդիս համերգի մասնակցել է, ասում են՝այդ գնդապետի տղան չի գնացել համերգի: Թե որտե՞ղ է եղել, դա պիտի ճշտեն. Նա ինչու՞ չի գնացել եւ ի՞նչ է արել այն համերգի ժամանակ, եթե բանակի տոնին նվիրված համերգ է, եւ բոլորը պարտադիր գնում են: Դրանք բացթողումներն են, ի՞նչ է իրա ծնողը պաշտոն ունի, ուրեմն իրա երեխան ինչ ուզի՝ կանի՞: Ասում են՝ մեկն էլ ոստիկանական զորքերի բարձրաստիճան պաշտոնյայի որդի է»:
Արկադի Բարսեղյանի խոսքերով՝ որդու մահը շատ անսպասելի էր եւ անբացատրելի: Դա ավելի է խորացնում հարազատների վիշտը: «Պատկերացնու՞մ եք՝ այդ օրը սահմանին զինվոր չզոհվեց, բայց իմ որդին ինստիտուտում զոհվեց: Մենք սովոր ենք, որ ամեն օր զոհ ենք տալիս, այդ օրը ուրախացել էինք, որ զոհեր չկային: Կինս անգամ ուրախ-ուրախ ասում էր՝ փա՛ռք Աստծո, այսօր զոհ չեղավ սահմանին, հետո կանչում ասում են՝ սենց-ընենց»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: