կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 23:58
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի մասին

Նոր մանրամասներ՝ ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի մասին

Երեկ երեկոյան  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում հրազենային վնասվածքից մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանը հունիսի 14-ին կդառնար 21 տարեկան:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Ս. Մովսիսյանը Վանաձոր քաղաքից էր, երեք եղբայրներից ավագը: Ի դեպ՝ նրա միջնեկ եղբայրը ծառայում է  ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, իսկ կրտսեր եղբայրը մարզիկ է:

 

Կուրսանտի դին այսօր բերվել է ռազմական ինստիտուտ, որտեղ կազմակերպվել է հրաժեշտի արարողություն, որից  հետո Սիփանի մարմինը տեղափոխել են Վանաձոր:

 

Համակուրսեցիները դեռ ուշքի չեն գալիս կատարվածից: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ ինստիտուտի պատմության մեջ նման միջադեպ չի եղել:  Կուրսանտները  Սիփանին բնորոշեցին որպես կենսախինդ, մարդամոտ, ասող-խոսող անձնավորություն: Ինստիտուտում տղան աչքի է ընկել լավ առաջադիմությամբ:   

 

Սիփանի հարազատներն էլ պատմում են, որ նա բացառիկ երիտասարդ էր, նրա դաստիարակությունն այնպիսին էր, որ ոչ ոքի չէր հայհոյի կամ նեղացնի: Իսկ սպանության նախնական վարկածին՝ հարազատները չեն հավատում: Նրանց խոսքով` Սիփանն այնպիսի տղա չէր, որ վիճաբանություն սարքեր:

 

Հիշեցնենք, որ  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Ս.Մովսիսյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ  ժամը 22:20-ի սահմաններում մահացել էր:

 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:  Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Դեպքից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը:  

 

Լուսանկարը՝ Սիփան Մովսիսյանի սոցցանցի էջից