Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին վերջերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ, երբ երիտասարդ կուրսանտին գտել էին սպանված ու կախված:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մոտ 20 օր առաջ կուրսանտի ծնողները հանդիպել են իր հետ և լրջագույն մտահոգություն ունեն, որ ռազմական ակադեմիայի փոխտնօրենը, որի տղան անմիջականորեն առնչվում է այդ սպանությանը, փորձում է գործի վրա ճնշումներ գործադրել` օգտագործելով իր ունեցած կապերը, որպեսզի տղան հնարավորինս մեղմ պատիժ կրի:
«Ծնողները ուղղակի հուսահատված էին, որ նախկին փոխտնօրենը գործադրում է իր ունեցած լծակներն ու կապերը` փորձելով ճնշում գործադրել նախաքննության վրա: Եթե Դուք ունեք համապարփակ տեղեկատվություն այդ գործի վերաբերյալ, մեզ ասեք, դա հետաքրքրում է հանրության շատ լայն շրջանակի, որովհետև ազդում է հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»,- ասաց պատգամավորը:
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ ինքն էլ է հանդիպել սպանված կուրսանտի ծնողների հետ և տեղեկացել նրանց հուզող հարցերին:
«Իհարկե, դա մեր լիազորությունից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ: Այդ ստորությունը, ոճիրը, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող արարքը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք հետամուտ ենք լինելու, որ արդար պատժի ենթարկվեն մեղավորները: Այդ դեպքը մեր զինված ուժերի հետ կապված լրջագույն խնդիր է, որը չենք կարող թողնել մի կողմ: Ես չգիտեմ՝ նրա հայրը ինչ լծակներ ունի, բայց նա չի կարող որևէ լծակ ունենալ, նա խիստ պատժվել է նախարարի կողմից, ահա` ինչու չեմ կարծում, որ նա ինչ-որ տեղ սողանցք գտնի ու ինչ-որ լծակ ունենա»,- ասաց Արա Նազարյանը:
Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, թե ինչ մտահոգություն ունեն սպանված կուրսանտի ծնողները և, լծակ ասելով, ինչ նկատի ունեն: «Այդ սենյակում, բացի հանցագործություն կատարած չորսից, այլ զինվորներ ևս եղել են, որոնք տեսել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այդ երիտասարդներն ուղղակի հրաժարվում են ցուցմունք տալ` ասելով, որ ոչինչ չեն տեսել, քնած են եղել: Եվ սպանվածի ծնողները կարծում են, որ հենց այդ զինվորների վրա է նախկին փոխտնօրենը փորձել ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ դեպքի օրն է եղել հենց այդ վայրում, և ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որ նման ազդեցությունների հնարավորություն ոչ ոք չունենա: «Ժամանակից առաջ չընկնեմ. պետք է որ ապացույցները բավարար լինեն»,- ասաց նա: