կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 19:05
Առանց Կատեգորիա

Մտորումներ եւ վարկածներ Գյումրու սպանդի վերաբերյալ

Մտորումներ եւ վարկածներ Գյումրու սպանդի վերաբերյալ

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդը և դրան հաջորդած անսպասելի զարգացումները լրջորեն խորհելու և  սառը դատելու  պահանջ են ներկայացնում:

 

Ինչ խոսք, տեղի ունեցած աննկարագրելի ոճրագործությունը չէր կարող որևէ բանական արարածի մոտ  հույզեր չբորբոքել, բայց այն, ինչ տեղի ունեցավ ոճրագործությանը հաջորդող օրերին, ժողովրդական խոսքով ասած` կրակի վրա յուղ լցնել էր: Եվ որքան էլ տարօրինակ է, այս անգամ «գործի անցան» մեր պաշտոնյաները:

 

Ի՞նչ էր կատարվում Գյումիրում,  երբ հայտնի դարձավ, որ առավոտ ծեգին մի ամբողջ ընտանիք քնած ժամանակ գնդակահարվել է:

 

Լուրն ամպրոպի պես պայթեց Գյումրիում: Հաշված  րոպեների ընթացքում`  ողջ Հայաստանում: Բոլորի մտքում մի հարց էր` ինչո՞ւ:  Սկսեցին շրջանառվել տարբերակներ ժողովրդական բանահյուսության ժանրից, բայց, փառք Աստծո, ավելի չափավոր ենթադրություններով` մինչև պարզ դարձավ, որ դեպքից  մոտ 18 ժամ անց ենթադրյալ մարդասպանը` ռուսական ռազմակայանի զինվորը, «հայտնվել» և ցանկացել է հատել հայ-թուրքական սահմանը:

 

Ողջ օրը ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները «սանրում» էին Գյումրին, բայց` ապարդյուն: Ի դեպ, պետք է նշենք, որ, մեր տեղեկությունների համաձայն, այդ օրը՝ սպանդից մոտ 4 ժամ հետո, կասկածյալը / կամ` երրորդ անձ/ նույնիսկ հասցրել է մտնել Պերմյակովի՝ odnoklassniki.սոցիալական ցանցի էջը և գրառում կատարել այնտեղ, որը հետո արագ անհետացել է: Արդեն հետո, երբ հրապարակվեց, որ Պերմյակովին բռնել են, սոցիալական ցանցում հաճախ էին «ահազանգում», որ նրա էջ մուտք կա: Չի բացառվում, որ մի օբյեկտում էլ նա «մի փոր» խաշ վայելած լինի կամ քյալա: Ի՞նչ իմանաս... Բայց սա չէ էականը, այլ այն, որ մեր «փառապանծ ոստիկանությունը» մի ամբողջ օր նրան չգտավ, կամ գոնե այդպես հայտարարվեց, փոխարենը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Պերմյակովին հայտնաբերեցին ռուս սահմանապահները, իսկ բուն հանցագործության վայրից մինչև նրա կալանավորման վայրը՝ Երազգավորս,  մոտ 12 կիլոմետր է: Սա ինքնըստինքյան նշանակում է, որ փնտրվող կասկածյալը մի լավ զվռնել է ոստիկանների քթի տակ:

 

Ըստ երևույթին` մեր ոստիկանության համար ոչ թե կարևոր պայման է հետախուզվողին օպերատիվ կերպով հայտնաբերելն ու այդ գործում հմտանալը,  այլ ընդամենը սեփական քաղաքացիներին հանրահավաքներից, խաղաղ երթերից  բերման ենթարկելն ու պատեհ-անպատեհ առիթով ցուցադրաբար Աստծո ողորմածությանը դիմելն ու աղոթելը:  Բայց սա էլ դեռ էականը չէ:

 

Ամեն ինչ սկսվեց նրանից,  երբ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, խախտելով կարգը, հրապարակայնացրեց կասկածյալի առաջին հարցաքննությունը և հայտնեց,  որ կասկածյալը ցանկացել է մի բաժակ ջուր խմել, մտել է Ավետիսյանների տուն և, որպեսզի  Ավետիսյանների ընտանիքի անդամները  նրան չճանաչեն և չհայտնեն հրամանատարությանը նրա դասալքության մասին, որոշել է սպանել բոլորին: Հասկանալի է, որ Հունան Պողոսյանն այս պատմությունը հորինողը չէ, նա վերապատմել է ձերբակալված  զինվորի  առաջին ցուցմունքը: 

 

Նման բարձրաստիճան  և արհեստավարժ սպան, իր ծառայության փորձից  ելնելով,  ինքը նախ  պետք  է կասկածի տակ դներ ձերբակալվածի  առաջին ցուցմունքների արժանահավատությունը և այն բառացի չփոխանցեր  հուզախառն ցնցումների մեջ հայտնված հասարակությանը: Կամ  եթե դա շատ անհրաժեշտ էր, ապա փոխանցեր իր մեկնաբանությամբ:  Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել այս ինֆորմացիան, երբ սառը ցնցուղի պես ժողովրդի գլխին «թափվեց» ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, թե Վալերի Պերմյակովին քննելու և դատելու  է ռուսական կողմը՝ ՌԴ օրենսդրությամբ: Դատախազն այստեղ մի  մոլորեցնող, ճկուն հնարք  գործադրեց' ասելով, թե նա դատվելու է Հայաստանի տարածքում:   Ինչպես կասեր ոչ վաղ անցյալի հայտնի քաղաքական գործիչը` «хотели лучше, а получилось как всегда»:

 

Երկիրը ցնցվեց, և այդ ցնցումը միմիայն սեփական պետության արժանապատվության համար էր: Փաստորեն, ստացվեց այնպես, որ մեր տան հյուրը, որին պահում ենք, կերակրում, հագցնում մեր միջոցների հաշվին, իրավունք ունի մեզ թելադրելու, ուղղորդելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Դատախազը ռուսական ռազմակայանի` Հայաստանում տեղակայվելու վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրից բերված անհիմն օրինակներով ավելի սրեց իրավիճակը, իսկ երբ արդեն  ժողովրդական ցասումը հասավ գագաթնակետին, կատարեց հաջորդ անհասկանալի քայլը` ասելով, որ կդիմի ՌԴ իր գործընկերոջը` խնդրանքով, որ քրեական գործի վարույթը  փոխանցվի հայկական կողմին: Եթե հնարավոր էր նման խնդրանք-առաջարկով  դիմել ՌԴ դատախազին` ինչո՞ւ  ոչ ոք  ժամանակին չհուշեց նրան, որ այդ քայլը անի մեկ կամ երկու օր առաջ, թե՞ այս քայլը ևս դասենք  մոլորեցնող հնարքների շարքը:  Այս ողջ անցուդարձը գուցե չարժեր  ներկայացնել,   եթե  Ավետիսյանների հուղարկավորության օրը Գյումրիում վիճակը չդառնար անկառավարելի: Իսկ այդ վիճակի հիմնական «մեղավորները» հենց մեր իրավապահ մարմինների բարձրաստիճան այրերն էին:

 

Ի՞նչ էին ուզում  Հայաստանի`  բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիները, և ինչպե՞ս արձագանքեցին  իշխանությունները

 

Այն, ինչ կատարվեց հունվարի 15-ին Գյումրիում և Երևանում, բացառիկ  երևույթ էր: Հայաստանի քաղաքացին դուրս էր եկել փողոց` պաշտպանելու իր երկրի, սեփական պետության արժանապատվությունը: Հակառակ կողմում այդ նույն երկրի իրավապահ զորամիավորումներն էին: Նման բան նույնիսկ երազում հնարավոր չէ տեսնել: Պահանջը մեկն էր՝  արժանապատվություն: Ոչ թե հրաժարական կամ իշխանափոխություն, այլ միայն արժանապատվություն և հարգանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ չգիտես' ինչո՞ւ, այդ կոչերի պատճառով քաղաքացիներ վիրավորվեցին,   բերման ենթարկվեցին ոստիկանություն: Այսքանից հետո ինչպե՞ս չհիշես ռուսական հայտնի ասացվածքը` «сила есть, ума не надо»:

 

Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի քաղաքացիների թիրախը`  երկրի արժանապատվության, հարգանքի մասին պահանջով, ոչ թե ռուսական կողմն էր, այլ մեր իշխանությունները:  Նրանք` իշխանությունները, սիրահոժար համաձայնեցին հայտնվել նման կարգավիճակում' չհասկանալով մի պարզ ճշմարտություն` փոքր, թեկուզ աղքատ պետություն լինելը ամոթ չէ, արժանապատվություն չունենալն է ամոթ...

 

Զգացմունքների գերինե՞ր, թե՞ «աչոկ» հավաքողներ

 

Կարծում եմ` միայն մեզ մոտ՝ Հայաստանում  է  ընդունված  նման գործելաոճը` բերման ենթարկվածն  առաջին իսկ պահից հանցագործ է:  Սա մեր իրավաբանների  և հասարակության գերակշիռ մասի մոտեցումն է եղել երեկ, այսօր, և կարծում եմ' դեռ երկար ժամանակ այսպես կլինի:  Իսկ մինչ այդ պետք է սառը ուղեղով  դատել, հաշվարկել, գնահատել առկա իրավիճակն ու ձեռքի տակ եղած փաստերը:

 

Սփոփանք չեն այն որակումները, թե «մի հատ  ուռոդ,  հիմարի դեմքով ոչխար, վիժվածք  էր»,  կամ  «մի երկու րոպե նրա հետ շփվելուց կհասկանաք, թե ինչ  խղճուկ ոչնչություն է նա»: 

 

Վարկածներ տեղի ունեցած սպանության վերաբերյալ


Անկասկած, քննչական խմբում կլինեն քննիչներ, ովքեր կփորձեն քննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Չեմ ուզում կասկածել, բայց չեմ էլ կարող չկասկածել, որ կգտնվեն ուղղորդողներ: Ինչո՞ւ: Կան մի քանի պատճառներ, որ նման հիմքեր են տալիս: Նախ` այն, որ արդեն հայտարարվեց, թե մարդասպանը ձերբակալվածն է: Գուցե, բայց արդյո՞ք ճիշտ է առաջին իսկ օրը, առաջին իսկ ցուցմունքից հետո նման եզրահանգում անել: Սա ինձ հիշեցնում է ոչ վաղ անցյալի բազում հնչեղ գործեր, երբ քննիչները արագ-արագ, չմանրամասնելով, չխորանալով քրեական գործերի խորքերը, իրենց գործը համարել են ավարտած և անմեղ մարդկանց  գցել  ցմահների զնդանը: Զինվորական դատախազության  թեթև ձեռքով' նման՝ ցմահ ազատազրկված զինվորներ  այսօր իրենց պարտադրված պատիժն են կրում Նուբարաշենի` ցմահ դատապարտյալների քրեակատարողական հիմնարկում:  Եվ որպեսզի այս գործով միակ ձերբակալվածը չհայտնվի նման իրավիճակում, հասարակությունը, լրագրողական բանակը  պետք է կարողանան վեր կանգնել էմոցիաներից և  իրենց ուշադրության կենտրոնում պահեն  նախաքննության ամբողջ ընթացքը, ինչու չէ` նաև  հարկ եղած դեպքում ճնշում գործադրեն իրավապահների վրա:

 

Իսկ մինչ այդ փորձենք մտածել, թե ի՞նչ ուղղություններով  կարող է ընթանալ  քննությունը, և ի՞նչ  զարգացումներ կարող են լինել նախաքննության ընթացքում:

 

1.Ակնհայտ է, որ Գյումրին չէր կարող  չլինել  տարբեր երկրների հատուկ ծառայությունների՝ ՄԻԹ, ՄՈՍԱԴ, ադրբեջանական ԱԱԾ և այլն,   ուշադրության կենտրոնում:  Նրանց աշխատակիցների  համար ամենադյուրինը ռուս զինվորին գնելն է և զոմբիացնելը: Չի բացառվում, որ Պերմյակովը միայնակ չի գործել:  Այս ուղղությամբ կարիք կա լուրջ մասնագետների ներգրավել, քանի որ ոստիկանության սովորական քննիչը (մլիցեն) ի զորու չէ «մարտնչել» նման իրավիճակում, ավելին՝ անգրագետ է հատուկ ծառայությունների «ձեռագրերի»  հարցում:

 

Եթե, իրոք, պարզվի, որ նման հետք գոյություն ունի, կարծում եմ` ռուսական հատուկ ծառայություններն  ամեն ինչ կանեն, որ այս հարցը ջրի երես դուրս չգա: Նախ` դա իրենց խայտառակությունն է, երկրորդ՝ թեման կարող է դառնալ տվյալ երկրի հետ  առուծախի առարկա` հօգուտ ռուսական կողմի:

 

2. Առկա է անձնական վրեժխնդրության մոտիվ, որն էլ հանգեցրել է նման հանցագործության:

 

3. Սպանությունը  կատարվել է  համածառայակիցների դրդմամբ և ուղղորդմամբ:

 

4.Գաղտնիք չէ, որ ռուսական բանակում զորակոչիկների մասով առկա են լուրջ խնդիրներ: Չի բացառվում, որ այս պահի կասկածյալն անձամբ է կատարել հանցագործությունը, որովհետև հոգեկան խնդիր ունի: Այս վարկածը, կարծես, հերքվել է, բայց, այնուամենայնիվ, հավելյալ ստուգման կարիք կլինի:

 

Եզրակացություն` կարելի է ավելի շատ վարկածներ քննարկել, բայց մի բան հստակ է, համենայն դեպս` արդեն «տեսանելի»` ինչ-որ բան ուզում են թաքցնել կամ պարզապես խայտառակվելու մտահոգություն ունեն:

 

Կարծում եմ` հայկական կողմն ի զորու չի լինելու անկողմնակալ քննություն վարել, քանի որ մշտապես գտնվելու է ռուսական կողմի ուշադրության, ճնշումների և ուղղորդումների ներքո: Նաև` մեզ մոտ հատուկենտ արհեստավարժ քննիչներ կան, որոնց  այդ գործին նույնիսկ չեն թողնի մոտենալ: Արդարության համար նշենք, որ նրանք չեն էլ ցանկանա իրենց անցավ գլուխը ցավի տակ դնել: Այսպիսին է մեր իրականությունը: Հենց դրա համար էլ պետք է նախաքննական բոլոր գործողությունները վերահսկի  հասարակությունը: Պետք է գտնել այդ ճանապարհները, գուցե տուժող կողմը ներկայացնի հասարակությունը' վարձելով անկաշառ և արժանապատվություն ունեցող փաստաբանի:

 

Հ.Գ. Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար Ռուսաստանը պետք է վերանայի իր ռազմաբազայում  այլազգի  ժամկետային ծառայողներ ունենալու հարցը և առաջիկայում ռազմաբազայում ծառայության վերցնի Հայաստանի կամ Ռուսաստանում բնակվող ՌԴ քաղաքցիություն ընդունած հայազգի  զորակոչիկներին: Թող հրամկազմը լինի Ռուսաստանից, բայց պետք է իսպառ բացառել այլազգիների ներկայությունը ժամկետային ծառայության ընթացքում: Վերջապես, մեզանից լավ ոչ ոք չի պաշտպանի մեր երկրի սահմանները:

 

Հարություն Հարությունյան