կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 11:43
Իրավական

Պերմյակովի գործը կքննի հայկակա՞ն, թե՞ ռուսական դատարանը. Կոստանյանը խճճեց

Պերմյակովի գործը կքննի հայկակա՞ն, թե՞ ռուսական դատարանը. Կոստանյանը խճճեց

Ինչո՞վ է պայմանավորված այն, որ պետական տարբեր պաշտոնյաներ հակասական հայտարարություններ արեցին Գյումրիում վեց անձի դաժանաբար սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովին ՀՀ կամ ՌԴ իշխանությունների կողմից քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ: Մասնավորապես` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, որ նրան պետք է դատեն ՀՀ-ում` ՀՀ օրենքներով:

 

Այդ կապակցությամբ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ոչ բոլոր պաշտոնյաներն են իրավաբան և պարտավոր չեն իմանալ իրավական նորմերը: Եվ այդ պաշտոնյաների կողմից որևէ օրենքի մեկնաբանություն ընդամենը նրանց մեկնաբանությունն ու կարծիքն է և իրավական առումով լուծում չի կարող լինել:

 

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ո՞ւմ կողմից է քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվելու Պերմյակովը, դատախազը պատասխանեց. «Նախաքննությունն ու դատախաքննությունը կատարվելու է Հայաստանի տարածքում: Կարևորը պատասխանատվության ենթարկվելու, արդարադատության առջև կանգնելու փաստն է: Նախաքննությունը, դատաքննությունը ինքներդ կտեսնեք, հարուցել ենք քրեական գործ և իրականացնում ենք քրեական հետապնդում, ամեն ինչը ինքներդ կտեսնեք»:

 

Իսկ հետագայում պատիժը Պերմյակովն այստե՞ղ, թե՞ ՌԴ-ում է կրելու: Գ. Կոստանյանն ասաց, որ դեռևս վաղ է դրա մասին խոսելը, քանի որ պատիժը սահմանվելուց հետո միայն արդեն միջազգային կարգավորումների միջոցով պարզ կլինի:

 

Նշենք, որ ներկայումս ռուսական կողմը դասալքության, նաև սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցել, և արդեն իսկ մեղադրանք է առաջադրել: Գ. Կոստանյանի խոսքով` մեր քննչական մարմինն այսօր է մեղադրանք առաջադրելու:

 

Նա նշեց նաև, որ ինքը չի կարող պարզաբանել, թե ռուսական կողմն ինչու է նաև սպանության և սպանության փորձի մասով մեղադրանք առաջադրել Պերմյակովին, քանի որ դեպքի վայրի զննությունը կատարվել է միայն հայ իրավապահների կողմից, և դեպքի վայրից առգրավված բոլոր իրեղեն ապացույցները կցված են հայկական քննչական մարմնի կողմից հարուցված քրեական գործին:

 

Այն կոնկրետ հարցին` ռուսակա՞ն, թե՞ հայկական դատարանի կողմից է պատասխանատվության ենթարկվելու Պերմյակովը, Գ. Կոստանյանը հստակ պատասխան այդպես էլ չտվեց` նշելով, որ ամեն ինչ կախված է հետագայից: «Երբ երկու կողմերի իրականացրած քննչական գործողությունները կատարվեն, հետագայում կքննարկվի` արդյո՞ք պետք է դրանք մեկ վարույթում միացնել, թե՞ ոչ»,- ասաց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է ցուցարարների` այսօր մինչև ժամը 17:00-ը վերջնաժամկետին, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ դա որևէ կերպ չի օգնելու քրեական գործի քննությանը: