Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօրվա դատական նիստում լրացուցիչ հարցաքննության էր կանչվել տուժող ճանաչված` գովազդային վահակների բվիզնեսով զբաղվող «ԷԳԱ» ՍՊԸ-ի ղեկավար Էդուարդ Գասպարյանը: Նա դատարանին պատմեց, որ ամբաստանյալի հետ անպտուղ գործարքներ է արել նաև 2006-2007 թվականներին: Մասնավորապես` նրա միջոցով անհատ ձեռնարկատեր Գեղամ Օհանյանի հետ ծառայությունների պայմանագիր է ստորագրել, վճարել նրան 4 միլիոն դրամ, սակայն ո'չ գումարն է հետ ստացել, ո'չ էլ ծառայություններն են մատուցվել: Սակայն նախորդ նիստում Գեղամ Օհանյանը հարցաքննության ժամանակ փաստաթղթերով ապացուցել է, որ գումարը վերադարձվել է «ԷԳԱ» ՍՊԸ-ին:
Է. Գասպարյանը պատմեց, որ այդ ժամանակ, երբ ծառայությունները Գեղամ Օհանյանը չի կարողացել մատուցել, դիմել են դատարան: Դրանից հետո Գեղամն իր փաստաբանի հետ հանդիպել է իրեն, ասել, որ ոչինչ չունի, և այդ գումարը վճարելու համար պիտի տունը վաճառի: Իրենք էլ մարդկայնորեն փորձել են խնդիրը հարթել: Որպեսզի ընկերության փաստաթղթերում ամեն ինչ մաքուր լինի, ինքն է ընկերության հաշվին այդ 4 միլիոն դրամը մուտք արել և պարտքը մարված համարել: Այնուհետև ստացական է տվել նաև Գեղամ Օհանյանին:
«Եթե Գեղամն ազնիվ քաղաքացի լիներ, պիտի պատմեր էն ամեն ինչը, ինչը ես պատմեցի: … Եթե նա նորմալ բան ասեր, 4 միլիոն էլ նվեր կտայի»,- ասաց տուժողը և հայտնեց` քանի որ փաստաթղթային ապացույցներ չունի այդ 4 միլիոնի մասով, ապա հրաժարվում է քաղհայցով ներկայացված այդ պահանջից:
Նա պատմեց նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ցանկացել է արհեստագործական տարածք գնել, գտել է Կոմիտասի մոտ գտնվող նախկին կաթսայատան տարածքը, և Արթուր Սարգսյանն առաջարկել է կազմակերպել դրա առքուվաճառքը: Դրա համար ստացել է 25-30 հազար դոլար, սակայն գործարքն այդպես էլ չի կայացել:
Էդուարդ Գասպարյանը պատմեց, որ ցանկացել է նաև Թբիլիսյան խճուղու մոտ գտնվող մոտ 3000 քմ հողամաս գնել, բանակցել է տեղի բնակիչների հետ, ովքեր խարխուլ տներում են ապրելիս եղել, նախնական պայմանավորվածության համար նրանց 1500-2000 դոլար է վճարել: Եվ այս դեպքում էլ Արթուր Սարգսյանն առաջարկել է կազմակերպել առքուվաճառքը: Էդուարդ Գասպարյանը նրան վճարել է 36 հազար դոլար, սակայն այսօր այդ հողամասերը «Ազնավուր» հիմնադրամին են հատկացված:
Ի դեպ, մի հետաքրքիր դրվագ ևս ներկայացրեց Է. Գասպարյանը: Ֆրանսիայի հրապարակում նա ցանկացել է 8 գովազդային վահանակ տեղադրել, և այս դեպքում էլ Արթուր Սարգսյանն առաջարկել է կազմակերպել այդ գործընթացը: Նա ոմն Էդգար Առուստամյանի ծանոթացրել է իր հետ` ասելով, որ նա «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրենն է և կարող է բարեխոսել Ֆրանսիայի դեսպանատանը, որ նրանք էլ բարեխոսեն Երևանի քաղաքապետարանում` գործը գլուխ բերելու համար: Այնուհետև այս փոխտնօրենն իր վարորդին է ուղարկել և 10 հազար դոլար ստացել` ծառայությունը մատուցելու համար: Սակայն այդպես էլ ոչինչ չի արվել:
Տուժողը դատարանին լուսանկար ցույց տվեց, որում պատկերված էին Արթուր Սարգսյանն ու Էդգար Առուստամյան ներկայացած անձը: Տուժողի պաշտպան Աշոտ Սաֆարյանը հայտնեց, որ Էդգար Առուստամյանը հենց նույն Էդգար Հովհաննիսյանն է, որն այս գործով վկա է անցնում:
Գործի նյութերի համաձայն`Էդգարն է Արթուրին ծանոթացրել տուժող ճանաչված դերասան Արմեն Միրզախանյանի հետ, իսկ վերջինս էլ Արթուրին ծանոթացրել է մյուս տուժողի` Հակոբ Գրիգորյանի հետ, Հակոբն էլ մեկ այլ տուժողի` Արամայիս Բեգլարյանի հետ:
Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց հավելյալ հարցաքննելու համար կրկին դատարան կանչել վկա Էդգար Հովհաննիսյանին: Այս միջնորդությանը միացան նաև ամբաստանյալն ու նրա պաշտպանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը մյուս տարվա հունվարի 22-ին է լինելու: