կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 13:21
Հասարակություն

Շառլ և Նիկոլա Ազնավուրները հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման և ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին

Շառլ և Նիկոլա Ազնավուրները հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման և ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ 

 Հունիսի 1-ին Երևանում երգչի` Կասկադի հարեւանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից«Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց այս շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագծի գործընկերները։ Նախագահ Սարգսյանը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին։

Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին: 2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ  մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքու մստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeAհիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- ասել է Շառլ Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը։

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելն ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդին հանդիպած բոլոր մարտահրավերներին՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին», - նշել է Նիկոլա Ազնավուրը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ՝ ինտերակտիվ թանգարանի ստեղծման նախագծում։ Ծրագրին աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Moonlightproduction», «AraratBrandycompany», «Doping», «Marog», «Ծիրանի» ընկերությունները։

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում ու ողջունում է բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ միանալու այս նախագծին։

Երևանում Ազնավուրի կեցավայրի մասին

Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։

Հինգհարկանի շենքը գտնվում է Երեւանի Կասկադի հարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու ավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։ 

«Ազնավուր» հիմնադրամ