կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 18:56
Իրավական

Կառավարության «կեղծ» աշխատակցի ծուղակն է ընկել նաև դերասան Արմեն Միրզախանյանը

Կառավարության «կեղծ» աշխատակցի ծուղակն է ընկել նաև դերասան Արմեն Միրզախանյանը

35-ամյա Արթուր Սարգսյանը տարբեր անձանցից, խարդախությամբ և վստահությունը չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու մեղադրանքով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

 

Գործը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Նախորդ նիստին ավարտվել է 9 տուժողներից Հակոբ Գրիգորյանի հարցաքննությունը, իսկ այսօրվա նիստում դատարան մուտք է արվել վերջինիս հայցապահանջը` ամբաստանյալից բռնագանձել 85 հազար դոլար, որն ավելի վաղ ամբաստանյալն իրենից խարդախությամբ հափշտակել է:

 

Արթուր Սարգսյանի ծուղակն է ընկել նաև դերասան Արմեն Միրզախանյանը: Գործով տուժող դերասանն այսօր ցուցմունք տվեց դատարանում: Նա պատմեց, որ 2008-ի սեպտեմբերին ընկերոջ ծննդյան օրը ծանոթացել է ամբաստանյալի հետ, ով ներկայացել է որպես բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ: Բանն այն է, որ նույն ժամանակահատվածում կառավարության իրավաբանական վարչության պետ է եղել Արթուր Սարգսյան անունով մեկ այլ անձ:

 

«Հետաքրքիր էր շփվելը, նա «վկայական» ցույց տվեց: Կարմիր գույնի էր կազմը, ներսի մասը` կապույտ: Հետո շփման ընթացքում բիզնեսի մասին պատմեց»,- պատմեց դերասանը: Մի քանի օր հետո նորից են հանդիպում, ամբաստանյալը ամսագրեր-բուկլետներ է ցույց տալիս, ասում, թե պայմանագիր ունի իրանական կազմակերպության հետ` պետք է հումք ներկրեն և դարպասներ պատրաստեն: Եվ առաջարկում է համատեղ բիզնես սկսել:

 

Դերասան Ա. Միրզախանյանը  ընդունում է առաջարկը: Այդ ժամանակ տուն գնելու համար բանկից վարկ են վերցրած լինում: Եվ առաջին անգամ 2008-ի հոկտեմբերի 14-ին հանդիպում են HSBC բանկում, որտեղ 9 հազար դոլար գումար Արմենի կնոջ բանկային հաշվից կանխիկացնում են և տալիս Արթուրին: Երկրորդ անգամ` նոյեմբերի սկզբին, Արթուրին 10 հազար դոլար է վճարում Արմենի կինը` էլի նույն բանկում:

 

Սակայն մինչ այս գումարները վճարելը Արմեն Միրզախանյանն Արթուրի բիզնեսի մասին պատմում է ընկերոջը` Հակոբ Գրիգորյանին, ով էլ հետաքրքրվում է այդ բիզնես-նախաձեռնությամբ և ցանկանում մասնակցել: Համաձայն Ա. Միրզախանյանի` դատարանում տված ցուցմունքների` Հ. Գրիգորյանը այդ հանդիպումից հետո իր ներկայությամբ 47 հազար դոլար է փոխանցում Արթուրին և տալիս համապատասխան ստացական: Հետագայում Հակոբից իմացել է, որ նա Արթուրին 85 հազար դոլար է տվել:

 

Այնուհետև Արթուրը Ավան թաղամասում «օֆիս» է վարձակալում  և Արմենին հրավիրում աշխատանքի` որպես դիզայներ, նույնիսկ աշխատանքային պայմանագիր է կնքվում, սակայն դրա բովանդակությանը տուժողը առանձնապես տեղեկացված չէր: Գրասենյակը կահավորելուց հետո, սակայն, գործը տեղից չի շարժվում:

 

«Ինքը միշտ զբաղված էր, տեղում չէր լինում, ասում էր` կառավարության նիստի եմ»,- պատմեց Միրզախանյանը: Նա նշեց նաև, որ, իր կարծիքով, Արթուրի համար կառավարություն ելումուտը «խաղուպար» է եղել: Մի քանի անգամ նույնիսկ ինքն է նրան կառավարության շենքի մոտ տարել, տեսել է, որ նա ներս է մտնում, դուրս գալիս շենքից: Արթուրը նույնիսկ տուժողի մոտ ասել է, թե իրեն աջակցում է ինչ-որ Դավիթ, ով իր բարեկամն է (ենթադրվում է, որ խոսքը Դավիթ Սարգսյանի մասին է):

 

Մի որոշ ժամանակ անց Արթուրն ասում է, թե տասն օրով գործերով Մոսկվա պիտի գնա: Սակայն այդ տասն օրը երկարում է, և Արմենի մոտ կասկածներ են առաջանում: Ընկերոջը, ում միջոցով ծանոթացել էր Արթուրի հետ, խնդրում է, որ միասին գնան Արթուրի հոր` Օնիկի մոտ, սակայն ընկերն ասում է, որ Արթուրի հոր անունը Օնիկ չէ, Մարատ է:

 

«Սկսեցի կասկածել, մտա կառավարության կայք, տեսա, որ Արթուր Սարգսյանի հայրանունը Օնիկ է: Հետո իրավաբանական վարչության պետի տան համարն իմացա, զանգեցի, կինը վերցրեց, ասաց, որ Արթուրը մեկ ամսով Ճապոնիայում է` գործուղման»,- պատմեց տուժողը: Այս դեպքից հետո արդեն ամեն ինչ բացահայտվում է: 2009 թվականի հունվարի 26-ից հետո Արթուր Սարգսյանին այլևս գտնել չեն կարողանում:

 

Հարցին, թե ինչո՞ւ է վստահել մարդուն, ում հետ շատ կարճ ժամանակ է ծանոթ եղել, Ա. Միրզախանյանը պատասխանեց, որ նախ` վստահություն է ներշնչել այն, որ ընկերը` Հակոբը, բավականին մեծ գումար է ներդրել այդ «բիզնեսում», երկրորդ` «բիզնես ունի, կառավարության աշխատող, ինչի՞ պիտի խաբեր»:

 

Տուժողը նշեց նաև, որ ամբաստնյալն իրեն ցույց է տվել «Մելաթ» բանկի կողմից տրված մի կտրոնի պատճեն, որիցղ երևում է, որ իրանական կազմակերպության հաշվին 60 հազար դոլար է փոխանցել, այսինքն` որպես «ապացույց», որ համատեղ սկսած բիզնեսում ներդրումները կատարվում են: Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց այդ փաստաթուղթը կցել գործին, որն էլ դատարանի կողմից բավարարվեց:

 

Տուժողը մի դրվագ ևս պատմեց. մի անգամ իրենց գրասենյակում տեսել է Հակոբի որդուն, ով ՀՀ գերբով ինչ-որ անցաթուղթ է ցույց տվել, և ասել, որ Արթուրն իրեն կառավարությունում գործի է ընդունել և հիմա «փորձաշրջան» պիտի անցնի, դա կառավարություն մտնելու անցաթուղթն է:

 

Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: ՀՀ Սահմանադրություն, հոդված 21