կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 11:12
Հասարակություն

Այսօր մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է․ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի տոնը

Այսօր մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է․ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի տոնը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ․ 

«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ.

գեներալնե՛ր, սպանե՛ր,

տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ,  հարգարժա՛ն վետերաններ, հարգելի՛ հայրենակիցներ,

հայտնի պատճառներով այս տարի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի  մասնագիտական տոնը նշում ենք արտակարգ դրության պայմաններում:

Ինչպես բազմիցս եմ նշել` Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է:

Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում:

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

նախարարության ստեղծման պահից առ այսօր, իրոք, քիչ բան չի արվել համակարգի համար: Մեզ հաջողվել է հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում զրոյական կետից ստեղծել մի կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն  մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին: Մեր փրկարարները իրենց հմտություններով և փորձով չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին:

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով:

Արտակարգ իրավիճակների համակարգը կենդանի օրգանիզմ է և պարտավոր է քայլել օրեցօր փոփոխվող  ու գնալով բարդացող աշխարհին զուգահեռ: Տարեցտարի փոփոխվում է համակարգի մարտահրավերների որակն ու  դրանց աշխարհագրությունը: Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին,   միջազգային հանրությանը, փրկարա-րական մեծ ընտանիքին՝ բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ և աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար:

Աղետների հետևանքներ վերացնելը պետությունների և ժողովուրդների համար մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը:

Աշխարհն այս ճանապարհով առաջ է շարժվում, և դա է պատճառը, որ առաջադեմ պետությունները գերադասում են հնարավորինս շատ և նպատակային ներդրումներ կատարել կարևորագույն այս ոլորտում:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ՝ մենք ևս առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում:

Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին:

Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն  է՝ մեր ժողովրդի կողմից:

Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար:

Խիղճ և խաղաղություն բոլորիս….», - ասված է ուղերձում։