Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
35-ամյա Արթուր Սարգսյանը, ով ամբաստանյալի աթոռին է հայտնվել խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու համար, մարդկանց տարբեր կերպ է ներկայացել` մեկ կառավարության իրավաբանության վարչության պետ, մեկ վերահսկողության վարչության պետ, մեկ Արցախյան ազատամարտիկ, խոշոր բիզնեսմեն Արտյոմ Առուստամյան և այլն:
Կառավարության այս կեղծ աշխատակցի գործով տուժողները շարունակում են ցուցմունքներ տալ դատարանում: Նրանցից Մանուկ Բաբայանը պատմեց, որ 4000 դոլար գումար է տվել Արթուրին` իր տան մոտ գտնվող հողակտորը ձեռք բերելու և իր անունով սեփականության վկայական վերցնելու համար:
Տուժողը պատմեց, որ ինքը ցանկացել է սեփականաշնորհել այդ հողամասը, որն անտիրության է մատնված եղել, սակայն դրանով զբաղվելու ժամանակ չի կարողացել գտնել: Եվ այդ ժամանակ էլ իմացել է Արթուրի` «կառավարության իրավաբանական վարչության պետի» մասին:
Արթուրի հետ ծանոթացել է իր ընկեր` այս գործով տուժող Արմեն Միրզախանյանի միջոցով: Արթուրը թեև Արմենին արդեն իսկ ցույց է տված եղել իր` կառավարության աշխատակից լինելու վկայականը, սակայն մեկ անգամ էլ Մանուկին է ցույց տվել:
«Ես ու Արմենը ոսկու շուկայի մոտ կանգնած էինք: Ինքն ասաց` դե ես հո ուրիշ մարդ չեմ, ցույց տվեց վկայականը, վրան գրված էր «կառավարությանն առընթեր…» մնացածը չեմ հիշում»,- պատմեց տուժողը:
Հենց առաջին հայացքից Արթուրը լավ տպավորություն է թողել Մանուկի վրա: Հետագայում Արթուրի կողմից «հողի հարցերով զբաղվելը» երևացել է այն ժամանակ, երբ չափագրողներ են եղել, չափումներ արել: Սակայն վերջնական արդյունքում Մանուկը ո'չ սեփականաշնորհման վկայական է ստացել, ո'չ էլ իր տրված գումարները հետ ստացել:
Սակայն նախաքննության ընթացքում (նախաքննությունը կատարվել է ԱԱԾ-ի կողմից) Մանուկ Բաբայանն իր ցուցմունքներում նշել է, թե Արթուրը վերադարձրել է այդ գումարները: Թե ինչո՞ւ է սուտ ասել նախաքննական մարմնին, տուժողը բացատրեց այսպես. «Ճնշված եմ եղել, չեմ ուզել քաշքշուկների մեջ ընկնել: КГБ հենց մտնում ես, արդեն ճնշված ես քեզ զգում»:
Գործով անցնող տուժող է ճանաչվել նաև «Վալենսիա» ընկերությունը, որի ներկայացուցիչ Խաչիկ Դանիելյանը պատմեց, որ ի սկզբանե «Վալենսիա» և «Մետալլես» ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել 84 միլիոն դրամի ամրաններ գնելու վերաբերյալ: «Մետալլես» ընկերության կողմից պայմանագիրը ստորագրել է գործով տուժող Բ.Ա-ն, ով եղել է «Մետալլեսի» տնօրենը:
Սակայն Խ. Դանիելյանը շեշտեց, որ բոլոր գործողությունները կատարվել են ոչ թե տուժող Բ.Ա-ի նախաձեռնությամբ, այլ ամբաստանյալ Արթուր Սարգսյանի հրահանգով: Ի դեպ, ամբաստանյալն այդ ժամանակ հայտնի է եղել որպես Արտյոմ Առուստամյան:
Խ. Դանիելյանը նշեց նաև, որ ամբաստանյալն անձամբ է գնացել «Վիլաշին» ընկերություն (պատկանում է նույն սեփականատիրոջը, ինչ «Վալենսիա» ՍՊԸ-ն), այնտեղ տեսել է գնվելիք ապրանքը: Ծանոթացել է «Վիլաշին»-ի տնօրենի հետ, ներկայացել որպես Եվրոպայում մեծ գործարաններ ունեցող անձ:
84 միլիոն դրամի ապրանքի գնման պայմանագիրը կնքվել է, քանի որ երաշխավորողները հարգված անձինք են եղել: Ի սկզբանե հայտնել են, որ ապրանքն առնում են «Շուշի» ՍՊԸ-ին վերավաճառելու նպատակով: Իսկ «Շուշի» ընկերությունը Կասկադի մոտ շենք է կառուցելիս եղել, որն իբր պատկանելու էր Դավիթ Սարգսյանին (այդ ժամանակ նա կառավարության աշխատակազմի ղեկավարն էր):
Սակայն, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի դիմաց վճարումները սկսել են չկատարել, «Վալենսիա»-ի ներկայացուցիչները պարզել են, որ ապրանքի մի մասն է «Շուշի» ընկերությանը վաճառվել, իսկ մյուս մասը` 50 միլիոն դրամի չափով, պարտքի դիմաց տվել են «…» շինանյութերի խանութին:
Դրանից հետո «Վալենսիա» ընկերությունն առաջարկել է, որպես պարտքի մարման երաշխիք, «Մետալլես»-ի ղեկավարների անձնական գույքը գրավ դնել: Այդպիսով` տուժող Բ.Ա-ի հողամասը` 2 միլիոն դրամով գնել է «Վիլաշին»-ի ղեկավարը` պայմանով, որ եթե պարտքը վերադարձվի, ապա հողակտրոը նորից հետ կվաճառվի տուժողին:
Սակայն քանի որ պարտքն այդպես էլ չի վերադարձվել, հողակատորը նույնպես անցել է «Վիլաշին»-ի ղեկավարին: Այնուհետև «Մետալլես»-ի հիմնադիրներից Գայանե Մաթևոսյանի բնակարանը` 2.5 միլիոն դրամով վաճառվել է և ստացված գումարը փոխանցվել է «Վիլաշինին»: Մինչ այժմ, Խ. Դանիելյանի խոսքով, «Վալենսիա» ընկերությանը «Մետալլես»-ը պարտք է մնացել 40 միլիոն դրամ:
Հարցին, թե արդյո՞ք այլ լծակներ կային` գումարը հետ վերադարձնելու համար, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ կարող էին քաղաքացիական հայցով դատարան մտնել, սակայն դրանից օգուտ չէր լինի, քանի որ «Մետալլես»-ը սեփական գույք գրեթե չուներ:
Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: ՀՀ Սահմանադրություն, հոդված 21