կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 17:55
Իրավական

Արթուրը գիտի՞` ես գիշերը քանի երգ եմ երգում. վկա` կառավարության կեղծ աշխատակցի գործով

Արթուրը գիտի՞` ես գիշերը քանի երգ եմ երգում. վկա` կառավարության կեղծ աշխատակցի գործով

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության «իրավաբանական վարչության պետ» ներկայացած` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով այսօր վերջին վկան հարցաքննվեց դատարանում:

 

Մի քանի ծանուցումներից հետո Էդգար Հովհաննիսյանը վերջապես ներկայացավ դատարան: Կարելի է ասել սա հենց այն վկան է, ում միջոցով Արթուրի հետ ծանոթացել են գործով անցնող երեք տուժողները:

 

Էդգարը երգիչ է, գիշերային ակումբում է աշխատում, ժամանակին աշխատել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող` Արթուրի ռեստորանում, այդ ժամանակներից էլ ընկերացել են: Իսկ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին`իր ծննդյան օրը, Էդգարը ծանոթացրել է Արթուրին ու դերասան Արմեն Միրզախանյանին: Հետագայում Արմեն Միրզախանյանն էլ Արթուրին ծանոթացրել է իր ընկեր Հակոբի հետ, Հակոբն էլ` իր սանիկ Արամայիս Բեգլարյանի հետ:

 

Համաձայն գործի նյութերի` տարբեր պայմանավորվածությունների համաձայն` Արթուրն Արմենից վերցրել է 19 հազար դոլար, Հակոբից` 85 հազար դոլար, Արամայիսից` 4000 դոլար:

 

Էդգար Հովհաննիսյանը հարցերին ավելի հաճախ պատասխանում էր` չեմ հիշում: Եվ դա այնքան հաճախ, որ դատավարությունը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հարցրեց. «Երգերի բառերն էլ ե՞ս մոռանում»:

 

Թե ինչո՞ւ է Արթուրը գումարներ վերցրել Արմենից և Հակոբից, վկան պատասխանեց, թե համատեղ բիզնեսում ներդրման համար է եղել: Նա իմացել է նաև, որ Արթուրը երկաթի ներմուծմամբ է զբաղվում և դարբնեգործական արտադրամաս ունի Բանգլադեշում: Սակայն Արթուրի գործերից հիմնականում տեղյակ չի եղել, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց. «Հիմա Արթուրը գիտի՞` ես գիշերը քանի երգ եմ երգում»:

 

Էդգարը պատմեց, որ Արթուրը մի անգամ իրեն խնդրել է իր հետ մեկնել Իրան:  Այնտեղ Էդգարն ընկեր է ունեցել, նրանց դիմավորել է, հյուրընկալել, նույնիսկ օգնել է Արթուրին` գնալ համապատասխան մետաղի բիզնեսով զբաղվող ընկերություն, զրուցել ընկերության ներկայացուցիչների հետ: 2009-ի ձմռանը Արթուրը երկրորդ անգամ է խնդրել իր հետ Իրան մեկնել, սակայն ձյան պատճառով թռիչքը հետաձգվել է, դրանից հետո այլևս Արթուրին չեն տեսել: Դատարանում նա հայտենց, որ Արթուրն իրեն տուն է տարել, իսկ հետո արդեն անհետացել է, իսկ ահա նախաքննական ցուցմունքներում նա նշել է, թե հենց «Զվարթնոց» օդանավակայանից է անհետացել:

 

Դատարանում և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում սա միակ հակասությունը չէր: Օրինակ` նախաքննության ժամանակ Էդգարն ասել էր, թե 85 հազար դոլար է Արթուրը վերցրել Հակոբից, իսկ ահա դատարանում Հակոբի մասով դժվարանում էր հիշել որևէ բան:

 

Տարօրինակ էր նաև այն, որ նախաքննության ժամանակ պնդել էր, որ համոզված է եղել, որ Արթուրը կառավարության իրավաբանական վարչության կամ բաժնի պետ է ու տեսել է նրա վկայականը: Իսկ ահա դատարանում հայտարարեց, որ չի տեսել, թե այդ վկայականի մեջ ինչ է գրված եղել: Միայն իմացել է, որ կառավարությունում «ինչ-որ պետ» է եղել:

 

«Ճիշտն ասած` ես մինչև հիմա էլ Արթուրին ճանաչում եմ որպես կրթված պաշտոնյա, միշտ կոկիկ հագած-կապած լուրջ մարդ»,- այսպես նկարագրեց վկան իր ընկերոջը: Նա ասաց նաև, որ Արթուրն իրեն շատ հարազատ մարդ է եղել. երբ իր մայրը վատացել է ու տեղափոխել են հիվանդանոց, Արթուրն իրենից շուտ է մոր մոտ հասել:

 

Էդգարին փորձեց հարցեր ուղղել նաև ամբաստանյալը: Երբ նա հարցրեց, թե ընդհանրապես հավատո՞ւմ է, որ ինքը կարող էր անհետանալ Արմենի ու Հակոբի համար` անկախ նրանց պարտք եղած գումարի չափից, և երբ Էդգարը պատասխանեց, որ նման բան չէր պատկերացնում, դահլիճում կրքերը թեժացան: Տուժողներից մեկը վիրավորական ռեպլիկ արեց ամբաստանյալի հասցեին, նա էլ փորձեց վիրավորական ժեստերով պատասխան տալ: Դատարանը հորդորեց երկուսին էլ զուսպ լինել, չխանգարել դատավարությանը:

 

Վերջին վկայի հարցաքննությունից հետո դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը: