Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալահայ գործարար, կառավարության աշխատակից ներկայացած և խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ հափշտակած՝ 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Տուժողները հարցաքննվել են: Ներկայումս դատարանում ցուցմունքներ են տալիս գործով վկաները: Արման Սարգսյանը ամբաստանյալի բանակային ընկերն է եղել: 2008 թվականին Արթուրը նրան հրավիրել է աշխատանքի` գովազդային վահանակներ պատրաստելու:
Վկայի խոսքով՝ Արթուրի մոտ աշխատել է 1-1.5 ամիս, մյուս 3-4 աշխատողների հետ մոտ 10 գովազդային վահանակ են պատրաստել «Զեբրա»-ի («ԷԳԱ» ՍՊԸ) պատվերով: Իսկ այնուհետև Արթուրն անհետացել է: Վկան նշեց, որ ինքն աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի ու Արթուրի անհետանալուց հետո աշխատավարձ այդպես էլ չի ստացել:
Հարցաքննվեց նաև վկա Սերգեյ Ծատուրյանը, որի բարի համբավն էլ երաշխիք է եղել ժամանակին, որպեսզի ամբաստանյալին վստահեն ու մեծաքանակ ապրանք տան նրան` տարաժամկետ վճարվելիք գումարի դիմաց:
Տուժողներից Բ.Ա-ն, ով Արտյոմ Առուստամյան ներկայացած Արթուր Սարգսյանի հրավերով աշխատել է «Մետալլես» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, խնդրել է Սերգեյ Ծատուրյանին` ամրաններ բերել իրենց համար, որոնք պետք է մատակարարվեին «Շուշի» ընկերությանը` Կասկադի մոտ կառուցվող և, ցուցմունքների համաձայն, Դավիթ Սարգսյանին պատկանելիք շենքի համար:
Սերգեյ Ծատուրյանը երկար ժամանակ աշխատել է մետաղի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն և դեռևս 2008 թվականին «Վալենիսա» ընկերությանը մեծաքանակ ամրաններ ու ամրալարեր է վաճառել, որոնք, սակայն, ընկերության կողմից ամբողջությամբ չեն օգտագործվել:
Սերգեյ Ծատուրյանը կապվել է «Վալենիսա»-ի ղեկավարության հետ, հայտնել պոտենցիալ գնորդների մասին, այնուհետև՝ Բ.Ա-ի, և Արթուր Սարգսյանն ու «Վալենիսա»-ի ղեկավարությունը համաձայնության են եկել, որ 200 տոննա ամրաններ ու ամրալարերը կվաճառեն «Մետալլես» ընկերությանը (հիմնադիրը ամբաստանյալի հետ փաստացի ամուսնական կապերի մեջ գտնվող Գայանե Մաթևոսյանն է եղել):
Ավելի ուշ Սերգեյ Ծատուրյանն է միջնորդել, որպեսզի «Մետալլես»-ը փոխառության պայմանագրով գումար վերցնի գործով մեկ այլ տուժող Է.Գ-ից` պարտքերը որոշակիորեն մարելու համար:
Սերգեյ Ծատուրյանը նույնպես իր ցուցմունքում նշեց, որ իրեն ամբաստանյալը ներկայացրել է, որ իրենց բիզնեսի «մեջքին» Դավիթ Սարգսյանն է կանգնած: Նա նույնիսկ հիշեց, որ մի անգամ Արթուրն իր ներկայությամբ պատասխանել է «պարոն Սարգսյանի» զանգին, վերջինս էլ հանձնարարել է «Վալենիսա»-ից վերցրած ամրանների 120 տոննան պարտքի դիմաց տալ «Եվրոպա» ընկերությանը, իսկ իրենց շենքը դեռ կսպասի:
Վկան պատմեց, որ իրեն էլ է ամբաստանյալը պատմել, թե Եվրոպայից մեծ գումարներ է «Մետալլես»-ը ստանալու, սակայն ինքը դրան այնքան էլ լուրջ չի վերաբերվել և հիմնականում վստահել է այն տեղեկություններին, որ «Մետալլես»-ը տենդերներ է շահելու, վարկավորում է ստանալու:
Ս. Ծատուրյանին ամբաստանյալը ներկայացել է որպես «Մետալլես» ընկերության հիմնադրի ամուսին` Արտյոմ Առուստամյան: Որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ ինչ-որ վկայական է ցույց տվել, ասել, որ անձնագիր այդ պահին չունի, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործն ընթացքի մեջ է:
Ս. Ծատուրյանի հարցաքննության ժամանակ բուռն քննարկվեց «Վալենիսա»-ից «Մետալլես»-ի կողմից վերցված ամրանների ժանգոտ լինել-չլինելու հարցը: Վկան նախաքննական ցուցմունքներում նշել էր, թե ամրանները մի քիչ ժանգոտ են եղել, իսկ դատարանում բացատրեց, որ այդ չնչին ժանգոտությունը որևէ կերպ չէր կարող ազդել ապրանքի որակի վրա, և որ յուրաքանչյուր մետաղ, որի մեջ երկաթ կա, թեթև ժանգոտություն ունենում է:
Հարցաքննվեց նաև վկա Անդրանիկ Զարգարյանը, ով եղել է «Վիլաշին» ընկերության տնօրենը: «Վիլաշին»-ին է պահ տրված են եղել «Վալենիսա»-ին պատկանող ամրաններն ու ամրալարերը: Եվ հենց նրանց բազայից էլ «Մետալլես»-ի ղեկավարությունը ամբարձիչ է բերել և ապրանքը տեղափոխել:
Մինչ ցուցմունքներ տալը, երբ դատարանը հարցրեց նրան, թե արդյո՞ք ճանաչում է ամբաստանյալին, Ա. Զարգարյանը պատասխանեց. «Նման չի իրան, բայց` հա»: Իսկ հետո մանրամասնեց, որ իրենց հետ համագործակցելու ժամանակահատվածում, ամբաստանյալը երկար մազերով ու մորուքով է եղել:
Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: ՀՀ Սահմանադրություն, հոդված 21