կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 12:57
Իրավական

Ձեռագրաբանն ու երկու նոր վկաներ կհարցաքննվեն կառավարության կեղծ աշխատակցի գործով

Ձեռագրաբանն ու երկու նոր վկաներ կհարցաքննվեն կառավարության կեղծ աշխատակցի գործով

Կառավարության իրավաբանական վարչության պետ և իտալահայ բիզնեսմեն ներկայացած և առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 

Դատարանն այս փուլում հրապարակեց գործում առկա բոլոր գրավոր ապացույցները, փաստաթղթերը, որից հետո ամբաստանյալի պաշտպան Հունան Բաբայանն ուշադրություն հրավիրեց մի քանի փաստաթղթերի, որոնք էական դեր կարող են ունենալ դատավճռի ընդունման համար: Մասնավորապես` այդ փաստաթղթերից մեկը դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունն է, որը, փաստաբանի կարծիքով, կատարվել է անփույթ կերպով, և դրա օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում:

 

Բանն այն է, որ փորձագետը ստորագրության նմուշը հետազոտելիս ուշադրություն է դարձրել միայն «Ա» և «Ս» տառերին և նշել, որ էական տարբերություններ չկան: «Չի նշվել, թե այդ տարբերությունները որոնք են և քանիսն են: Միգուցե դրանք նշելուց հետո պարզվի, որ տարբերությունները էական են»,- ասաց փաստաբան Հ. Բաբայանը:

 

Նա հավելեց նաև, որ խախտվել են իր պաշտպանյալի դատավարական իրավունքները` նախաքննության փուլում: Մասնավորապես` ստորագրության նմուշ վերցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել նախորդ տարվա հունիսին, սակայն այդ փաստաթղթում չկան իր և իր պաշպանյալի ստորագրությունները, ինչը վկայում է, որ նմուշառումը կատարվել է իր բացակայությամբ:

 

Իսկ դրանից առաջ, երբ նշանակված է եղել նմուշառման օրը, ամբաստանյալն իրեն վատ է զգացել: Ազգային անվտանգության ծառայության կողմից կա ռուսերեն պաշտոնական բժշկական փաստաթուղթ, որի համաձայն` այդ օրը Արթուր Սարգսյանի արյան ճնշումը նորմայից շատ բարձր է եղել`120/215, և ցուցված է եղել անկողնային ռեժիմ:

 

Փաստաբանի խոսքով` քննիչն անհասկանալի պատճառներով դատաձեռագրաբանական փորձաքննության է ուղարկել գործով տուժող Հ. Գրիգորյանից գումարներ վերցնելու վերաբերյալ չորս ստացականներից միայն երկուսը, այնինչ` գործում առկա են չորսը:

 

Ըստ Հունան Բաբայանի` տարօրինակ է, որ փորձաքննության ուղարկված այդ երկու ստացականները թե' բովանդակային, թե' արտաքին տեսքով միմյանցից գրեթե չեն տարբերվում: Եվ զարմանալի է նաև, թե ինչու են դրանք գրված տուժողի ձեռագրով, սակայն ստորագրել է իր պաշտպանյալը:

 

Այս ամենը նշելուց հետո փաստաբանը միջնորդեց դատարանին` նոր դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել և փորձաքննության ուղարկել բոլոր չորս ստացականները: Հայտնեց նաև, որ անհրաժեշտության դեպքում իր պաշտպանյալը պատրաստ է կրկին ստորագրության նմուշ հանձնել:

 

Դատարանը միջնորդության քննությունը և դրա վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգեց և հայտնեց, որ դա կարվի մինչև դատաքննության ավարտը: Որոշվեց, որ մինչ այդ հաջորդ դատական նիստում հարցաքննելու համար դատարան կկանչվի դատաձեռագրաբանական փորձագիտական եզրակացությունը տված փորձագետը:

 

Փաստաբան Հունանյանը միջնորդեց նաև դատարան կանչել մինչ այժմ չդատակոչված վկա Կիմիկ Հախյանին, քանի որ նրա նախաքննական ցուցմունքները դրված են մեղադրանքի հիմքում: Այս միջնորդությունից հետո, ինչպես արդեն հայտնել էինք, տուժողի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը միջնորդեց դատակոչել նաև  ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանին: Դատարանը բավարարեց միջնորդությունները: