|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար ժամանակին ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, և այդ գնահատականի արդյունքում պետությունը տեղափոխեր ռազմական ռելսերի վրա` 44-օրյա պատերազմում պարտություն չէր լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀՀ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետը, անդրադառնալով նոյեմբերի 7–ին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն մեղադրանքներին, թե 44–օրյա պատերազմի ժամանակ այլ մարտավարության դեպքում կարելի էր խուսափել պարտությունից, ասել էր, թե «նախկինների» թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ է եղել, դրա համար էլ 44–օրյա պատերազմի հենց առաջին օրը խափանվել է։
Ըստ Սեյրան Օհանյանի` հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է Հայաստանի սպառազինությունը դարձել մետաղե ջարդոն` ոչ ճիշտ և ոչ արդյունավետ օգտագործման պատճառով։ Նա վստահ է` Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպիսի հայտարարություններով պարտության հիմնական մեղքը գցել «նախկինների» ու սպառազինության վրա։
«Իր խնդիրն է, իր պրոբլեմնն է, իր ղեկավարության ժամանակ են միջոցները պատերազմի հենց առաջին փուլում խոցվել։ Իհարկե, ամբողջությամբ չեն խոցվել, բայց խոցվել են»,– ասաց Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահեցնում է, որ զինված ուժերի զարգացման բոլոր փուլերում ՀՀ–ն սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիր է ունեցել և այդ ծրագրի շրջանակներում առաջին անհրաժեշտության դեպքում և՛ գնումներ է կատարել և՛ ռազմատեխնիկական համագործակցություն է ստեղծել Ռուսաստանի ու մի քանի այլ երկրների հետ։
Նա տեղեկացրեց, որ միայն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանը ձեռք է բերել ռազմական տեխնիկայով բեռնված 1500 ինքնաթիռ։ Հավելեց նաև, որ դա ամենևին չի նշանակում, թե ինչ–որ մեկը խանգարել է այդ տարիներին տեխնիկա ձեռք բերել տարբեր երկրներից, այդ թվում նաև Բելառուսից և Չինաստանից։
Սեյրան Օհանյանը նաև քննադատում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե նա կարող է ՀՀ 3 նախագահներին ու 50 քաղաքացու ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկայի ձեռքբերումներն ու կատարված ինժեներական աշխատանքները։
«ՊՆ-ում կա տեղեկատվական պլան, ու իրանք գիտեն դրա մասին, դրա միջոցով կարելի է հանրությանը տեղեկացնել ինչ-որ բաներ` չխախտելով գաղտնիությունը, բայց հիմա իրենք, խախտելով այդ գաղտնիության սկզբունքները, ինչ– որ բաներ են ուզում անել, ցույց տալ` միայն իրենց արդարացնելու համար», - պարզաբանեց Օհանյանը։
Ինչ վերաբերում է զինծառայողների աշխատավարձերին` ապա Օհանյանը վստահեցրեց, որ Փաշինյանը ստում է, քանի որ, ըստ նրա, պայմանագրային ծառայողների զգալի մասը, որոնք որ առաջին գծում են, ստանում են չնչին աշխատավարձ։