կարևոր
859 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-08 10:08
Հասարակություն

Այս կարգալույծի հարազատներն էլ են ՀԱԵ քահանաներ․ «Հրապարակ»

Այս կարգալույծի հարազատներն էլ են ՀԱԵ քահանաներ․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոյեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգեւոր սպասավոր Տարոն քահանա Հունանյանը: Նման որոշման համար հիմք են հանդիսացել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս 2024 թվականի մայիսից ինքնակամ լքել է իր ծառայության վայրը, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները եւ հարատեւել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսեւորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ եւ դրժել հնազանդության ուխտը։

Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանին հարցրինք կարգալույծ եղած քահանայի եւ Տավուշի թեմում նրա ծառայության մասին։ Առաջնորդական տեղապահը նրան կարճ բնութագրեց՝ անպատասխանատու։ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը հայտնեց նաեւ, որ կարգալույծ եղած Տեր Տարոնի՝ Վարդան Հունանյանի հարազատ եղբայրը՝ Տեր Հարությունը, ներկայում որպես քահանա ծառայում է Վարդենիսում, իսկ հորեղբայրները Հայ առաքելական եկեղեցու քահանաներ են Կրասնոդարում։