Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ` քննարկելու համար երկրում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակը, դրամի արժեզրկումն ու գնաճը: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են նիստը փակ ռեժիմով անցկացնել:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն միացել է արտահերթ նիստի ստորագրահավաքին: «Բնականաբար, մենք էլ ենք մտահոգ` ստեղծված վիճակի հետ կապված: Ինչ վերաբերում է նիստի փակ ռեժիմին, ապա դա որոշվել է պայմանավորվածությունների արդյունքում, այնպես որ` մեղադրեք նրանց, ովքեր համաձայնել են փակ ռեժիմով քննարկմանը: Պայմանավորվածության արդյունքում` համաձայնել են նույն իշխանությունների հետ, որպեսզի փակ ռեժիմով տեղի ունենա: Այսինքն` բոլորին կարելի է, Դաշնակցությանը չի՞ կարելի»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀԿ-ն մասնակցել է ստորագրահավաքին` միաժամանակ պայման դնելով, որ նիստը պետք է փակ ռեժիմով անցնի, ինչին նիստը նախաձեռնող քաղաքական ուժերը համաձայնել են: «Ասել են` եկեք` փակ անենք և որևէ որոշում չկայացնենք»,- ասաց Ռուստամյանը:
Yerkir.am-ի հարցին, որ լռել է կառավարությունը, լռում է նախագահը, այնինչ` հանրապետության ֆինանսատնտեսական վիճակի անկայունությունը հասել է գագաթնակետին, իսկ խուճապը հասարակության շրջանում աճում է, պատգամավորը պատասխանեց. «Իրավիճակը միայն ներազգային չէ, համաշխարհային վիճակով է պայմանավորված: Հասկանալի է` ինչ է կատարվում, այս ամենը աշխարհաքաղաքական պայքարի արդյունք է, մեծ գերտերությունների շահերի բախման արդյունք: Ուրեմն մեր խնդիրն է իսկապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, և կհրավիրվեն այն պաշտոնատար աձինք, ովքեր պարտավոր են լուծումներ գտնել: Եթե այս իրավիճակը վերահսկողության տակ չդրվեց, եթե այս վիճակը փլվեց, սա փլվելու է բոլորիս գլխին, և այստեղ չենք կարող տարանջատել իշխանություն և ընդդիմություն, որովհետև գտնվում ենք մեկ ֆինանսատնտեսական նավի մեջ: Աստված մի արասցե, եթե երկիրը հայտնվի դեֆոլտի մեջ, այն հարվածելու է բոլորին»: