կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 13:32
Քաղաքական

Աստված չանի, որ Հայաստանում նորից արտակարգ դրություն լինի. Հրայր Թովմասյան

Աստված չանի, որ Հայաստանում նորից արտակարգ դրություն լինի. Հրայր Թովմասյան

«Բանակի մասնակցությունը Սահմանադրությամբ նախատեսված է, եւ դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե կարող է ընդամենը հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է, եւ Աստված չանի, որ Հայաստանում երբեւէ նորից արտակարգ դրություն լինի»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ բանակի մասնակցությանը:

 

 

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին:

 

Այս նախաձեռնությամբ պատգամավորները նախ առաջարկում էին արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի օգտագործման միանգամայն այլ ռեժիմներ: Մասնավորապես` ըստ նախաձեռնության` առաջարկվում է բանակը որպես զուտ մարդկային ուժ օգտագործել, այն էլ` արտակարգ իրավիճակների պայմաններում: Այս դրույթի կապակցությամբ Հրայր Թովմասյանը նշեց, թե օրենքով նախատեսված դրույթն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 8.2 հոդվածից, համաձայն որի` մեր զինված ուժերը, բացի տարածքային ամբողջականությունից, ապահովում են նաեւ երկրի անվտանգությունը, որը ներառում է նաեւ ներքին անվտանգությունը:

 

Երկրորդ հարցը վերաբերում էր պարետատանը` որպես պետական մարմնի` դրա` Սահմանադրությամբ նախատեսված չլինելը, եւ պատգամավորները օրենքով նման մարմնի ձեւավորումը համարում են հակասահմանադրական: Այս դրույթի կապակցությամբ էլ Հրայր Թովմասյանը նշեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ սա մեկ առանձին մարմին չէ, այլ ընդամենը զբաղվում է արտակարգ դրության ռեժիմի ապահովման ուժերի համակարգմամբ»:

 

Նախաձեռնության մեջ երրորդ հարցով պատգամավորները անդրադառնում էին արտակարգ դրության ժամանակ վարչական ձերբակալումներին: Այստեղ միգուցե, նշեց արդարադատության նախարարը, նախագծի հեղինակներին շփոթության մեջ է գցել «ձերբակալում» տերմինը, բայց սա, ըստ նրա, ոչ թե ձերբակալում է քրեակատարողական իմաստով, այլ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: «Վարչական իրավախախտումների իմաստով, որ արտակարգ դրության ռեժիմի պայմանները խախտողներին այլ կերպ, այլ միջոց, այլ գործիք չկա, քան նրանց ազատությունը որոշակի սահմանափակելը, ինչն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 16-րդ հոդվածի երրորդ կետից, ըստ որի` անձի ազատությունները կարող են սահմանափակվել` օրենքով նրա վրա դրված պարտավորությունների ապահովման նպատակով»,- պարզաբանեց Հրայր Թովմասյանը:

 

Այսպիսով` կառավարությունը օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: