Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հասարակական և գիտական գործունեությունը ներկայացնող, ինչպես նաև նրան բնութագրող շարադրանքը դեռ ստեղծվելու է:
Այսօր նրա ծննդյան 60-ամյակն է: Անձնվիրաբար ծառայելով հայրենական պատմագիտությանը՝ Աշոտ Մելքոնյանը նաև հայրենիքի զինվոր է: Ցավոք, վաստակաշատ պատմաբանը հոբելյանական այս օրը դիմավորում է՝ գտնվելով ծանրագույն մտորումների, ապրումների, հույզերի և հույսերի մեջ: Արցախը նրա համար գերագույն արժեք էր և է:
Լինելով ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրի մասնակից՝ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ականատեսն եմ Աշոտ Մելքոնյանի՝ Արցախի զորամասեր այցելություններին և դասախոսություններին: Դժվար է բառերով նկարագրել այն ոգին և ուժը, որոնք, շաղախված պատմական տեղեկանքներով ու փաստերով, Ա. Մելքոնյանը փոխանցում էր Պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին:
… Պատերազմին, կապիտուլյացիոն հայտարարությանը և Արցախի տարածքները թշնամուն հանձնելուն հաջորդող շրջանում Երևանում տեղի ունեցող բողոքի հանրահավաքներից մեկի ընթացքում, երբ երիտասարդը հնչեցրեց գուսան Հայկազունի «Հայե՛ր, միացե՛ք» հռչակավոր երգը, Աշոտ Մելքոնյանի արցունքները ներկաներին տարան շուրջ երեք տասնամյակ հետ:
1988 թ., Արցախյան շարժում, գոյապայքար, հաղթանակ, պետականաշինության և բազում խնդիրների ու մարտահրավերների 25-ամյակ, Արցախի հաղթական բանակի զինվորների և սպայակազմի հետ աշխատանքներ, Արցախյան գոյապայքարի հաղթական դրվագների մատուցում նորօրյա սերնդին, հայրենիքի ամբողջական ազատագրման երազանք և… հանկարծ մի իրականություն՝ դատարկ և ամայի մի հանգրվան: Ահա այն պատկերները, որոնք կինոժապավենի պես այդ պահին անցան նվիրյալ պատմաբանի աչքի առջևով: Դաժան մի իրողություն, իսկ նվիրյալ պատմաբանի համար՝ առավել քան ողբերգական:
Պատմաբանի կանխազգացո՞ւմ էր՝ կդժվարանամ ասել, սակայն՝ փաստ. Աշոտ Մելքոնյանն այս ողջ ընթացքում ներքին տագնապի մեջ էր: Դրա վկայությունն են նրա հետևյալ խոսքերը՝ ասված երեկոյան սեղանի շուրջ՝ 2019 թ. դեկտեմբերին, հերթական զորամասից Ստեփանակերտ վերադառնալուց հետո (հիշողության համար այդ խոսքերը ձայնագրել և պահում եմ անձնական արխիվումս). «Ցավոք սրտի, տեսակի խնդիր ունենք, որը վտանգված է այսօր: Ազգային նկարագիր չունեցող մոլախոտերի այս դաշտում երբ որ ծաղիկներ ես տեսնում, ուրախանում ես: Արդեն հարյուրերորդ անգամ գալիս ենք Արցախ, բայց նորից կարոտում ենք նրան, որովհետև մենք կարոտում ենք մեր արմատներին: Ես ուզում եմ այդ տեսակի կենացը խմել, այն տեսակի, որը ենթադրում է ազգային նկարագիր: Աստված մի արասցե, որ մենք կորցնենք այդ նկարագիրը»:
Լինելով պատվախնդիր ջավախքցի և իրերի բերումով զրկված լինելով այցելել իր հայրենիքը՝ Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանը վերջին շրջանում իր արմատների կարոտն առնում էր Արցախից: Նույն երեկո ասված նրա խոսքերն անհնար է լսել առանց հուզմունքի. «Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ, Արցախ գալով, ես Ջավախքն եմ կարոտում: Հիմա՝ առավել ևս, քանի որ Ջավախք ոտք դնելու իրավունքից զրկել են ինձ»:
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես պատմագիտության բնագավառում, այնպես էլ մտավորականի, գիտնականի ու ազգային-հասարակական գործչի իր տեսակով գտնվել է հաղթական դիրքերում, և հենց դա էլ այն մեծագույն պատճառն է, որ նվիրյալ գիտնականն այսօր չի կարողանում ըստ արժանվույն նշել իր ծննդյան 60-ամյակը: Մեզ համար էլ նույն կերպ՝ ծանր այս մտորումների մեջ, դժվար է ձևակերպել մաղթանքի և շնորհավորանքի խոսքեր: Դժվար է, քանզի այդ ամեն մի բառը ձևակերպելիս միտքդ հեռանում է դեպի Արցախ, դեպի այն զորամասերն ու վայրերը, որտեղ այժմ ասկյարներն են շնորհավորում իրար… Լինելով նրա սանը և ծանոթ լինելով Աշոտ Մելքոնյանի խառնվածքին՝ վստահ եմ, որ նա կների ինձ այն բանի համար, թե ինչու հնարավոր չեղավ ձևակերպել հոբելյարի 60-ամյակին ուղղված բարեմաղթանքների ու շնորհավորանքի խոսքեր:
Հ.Գ. Ուղիղ 10 տարի առաջ՝ 2011 թ., Իշխան Սաղաթելյանի, Էդուարդ Աբրահամյանի և տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, պատրաստեցինք և հրատարակեցինք Աշոտ Մելքոնյանի (այն ժամանակ՝ պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ) գիտական հոդվածների ժողովածուն՝ «Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր» վերտառությամբ՝ այն նվիրելով գիտնականի 50-ամյա հոբելյանին:
Ստորև ներկայացնում ենք նշյալ հոբելյանական հրատարակության առաջաբանը՝ անփոփոխ:
***
ԱՇՈՏ Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՏՄԱԲԱՆԸ
Ինչքան պատվաբեր, նույնքան և դժվարին ու պատասխանատու գործ է մարդու համար` կրել իր ուսերին հայ պատմաբանի կոչումը: Այդ կոչմանն արժանացած հայ մտավորականի ճանապարհը մշտապես եղել է քարքարոտ, իսկ հաղթահարման հնարավորությունները` ոչ մեծ: Հայ մարդու համար լինել «ճշմարտախոս» պատմաբան, նշանակել է անդուլ պայքար` օտար ու հայահալած կարգերի, օտար, շատ անգամներ նաև` կործանարար գաղափարախոսությունների դեմ: Պայքար, որը ոչ միշտ է ավարտվել առաջինի հաղթանակով. հայ պատմաբաններն այս կռվում շատ անգամներ իրենց կյանքն են զոհաբերել, կրել զրկանքներ ու բռնել աքսորի ճանապարհը, սակայն շատ քչերն են լռել կամ տեղի տվել: Այդ պայքարի շնորհիվ էր, որ մերօրյա նորանկախ Հայաստանի Հանրապետությանը ժառանգվեց այնպիսի պատմագիտական դպրոց, որը թեև կիսատ էր, ուներ բազմաթիվ մութ ու խմբագրելիք խորշեր, իր վրա կրում էր խորհրդային գաղափարախոսության դաջվածքը, սակայն այս դպրոցում ուրվագծված էր ամենակարևորը` հետագա ճշմարիտ ընթացքի տեսլականը, որը և դարձավ հետխորհրդային հայ պատմագիտության զարգացման ուղենիշը:
Հայ պատմաբանը անցում կատարեց նախորդ հասարակարգից ներկային` այն բարձր գիտակցությամբ, որ այսուհետ ինքն է տնօրինելու և նախանշելու հայրենական երկրի պատմական ընթացքը, որ, չոչնչացնելով և սրբագրելով եղածը, հարկավոր էր արագորեն ու համաշխարհային պատմության ընթացքին համահունչ կազմավորել Հայոց պատմության շղթայի նոր օղակը: Մեկ անգամ ևս շեշտենք. հայ նորօրյա պատմագիտությունը թունոտ ու վայրենաբարո կերպով չվերաբերվեց խորհրդային պատմաբանների ստեղծած գործերին, ինչպես դա կատարվեց հետխորհրդային որոշ երկրներում, օրինակ` Վրաստանում: Միանգամայն ըմբռնումով մոտենալով այս խնդրին` ներկա պատմաբաններն ավելի շատ շեշտը դրեցին այն պարտադրող միջավայրի ներկայացմանը, որում ստեղծագործել են իրենց նախորդները, շատ դեպքերում` նաև իրենք: Արդյունքում` չնսեմացվեց ոչ ոք և ոչինչ. ստեղծվեց պատմագիտության նորօրյա դպրոցը, որը, չնայած տնտեսական դժվարին պայմաններին, շարունակում է անցյալի գործերի խմբագրման, աղբյուրների նորովի քննման միջոցով սերունդներին փոխանցել Հայոց իրական պատմությունը, որն իրավամբ, հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության հիմնասյուներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:
Պատմական վերոնշյալ անցումային փուլում հայ երիտասարդ պատմաբանների շարքում իր վաստակած տեղն ուներ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տվյալ ժամանակ դեռ պ.գ.թ. Աշոտ Մելքոնյանը: ԽՍՀՄ փլուզման շեմին` 1991 թ., երրորդ տասնամյակը դեռ նոր բոլորած, վերջինս արդեն հեղինակ էր շուրջ հինգ տասնամյակ գիտական հոդվածների և հրապարակումների, որոնք տեղ են գտել մի շարք գիտական հանդեսներում, հանրագիտարաններում և այլուր: Իսկ մինչ այդ` 1989 թ., ազգային զարթոնքի և արցախյան շարժման այդ փոթորկուն ժամանակաշրջանում, Ա. Մելքոնյանն արդեն ստացել էր պատմական գիտությունների թեկնածուի կոչում` պաշտպանելով «Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակին» թեմայով ատենախոսությունը: Ա. Մելքոնյանի այս և հետագա գիտական վերելքի տարիները կապվում են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ (լաբորանտ, գիտաշխատող, գիտական քարտուղար, գիտական հարցերի գծով փոխտնօրեն, 2002 թ. հուլիսից` տնօրեն), ուր նա աշխատանքի էր անցել 1986 թվականից:
Դժվար է մատնանշել պատմական որևէ ժամանակահատված, որտեղ պրոֆ. Ա. Մելքոնյանը չունենա իր ծանրակշիռ մոտեցումը: Այդուհանդերձ` պատմաբանի առավել հիմնարար գործերն առնչվում են Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությանը (տես Ա. Ա. Մելքոնյան, Էրզրում. Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակին (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Ե., 1994), Հայկական հարցի ձևավորմանն ու հետագա զարգացման ընթացքին, Հայոց ցեղասպանության, վերջինիս միջազգային ճանաչման գործընթացներին, ի վերջո` Ջավախքի հիմնահարցի բազմակողմանի արծարծմանը, որն ամբողջացավ հեղինակի «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» (Երևան, 2003) ստվարածավալ մենագրության (նույն՝ «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» թեմայով դոկտորական թեզն Ա. Մելքոնյանը պաշտպանել է 2002 թ. ապրիլի 26-ին) մեջ:
Ա. Մելքոնյանի գիտական գործունեության տարիները հիմնականում համընկան Հայաստանի անկախ հանրապետության վերակազմավորման դժվարին տարիների հետ: Այս հանգամանքը որքան հեշտացնում էր պատմաբանի աշխատանքը, նույնքան և իր հետ բերում մի շարք ընդգրկուն հիմնահարցեր: Առաջին դեպքում այլևս չկար «հյուսիսային կենտրոնի» թելադրանքը. հայ պատմաբանն այլևս անկաշկանդ էր, սակայն չկար նաև կազմավորված «հայկական կենտրոնը», այսինքն` հայեցակարգային այն հիմնադրույթները, որոնցով առաջնորդվելու էր հետխորհրդային հայ պատմաբանը: Ահա այս վերջին բացը լրացնողներից էր Ա. Մելքոնյանը, որի հայրենանվեր, տքնաջան ու կազմակերպված գործունեությունն իր նպաստը բերեց հայ նորօրյա պատմագիտական հայացքների և ուղղությունների ձևավորման գործընթացին: Հայ պատմագիտությունն այսօր վստահելի հիմքերի վրա է, ունի զարգացման հետագա ուղին կերտելու հստակ տեսլական, և այդ գործում իր ծանրակշիռ ավանդն ունի պրոֆ. Ա. Մելքոնյանը: Նրա և մյուսների շնորհիվ այսօր ունենք հետխորհրդային պատմագիտության այնպիսի դպրոց, որն այսօր և ապագայում ի զորու է հայության նոր սերնդի մեջ ամրապնդելու մասնատված Հայաստանի և բեկորված հայության վերամիավորման ազգային մեծ գաղափարը: Պատահական չեն նրա կողմից մշտապես բերվում հետևյալ խոսքերը. «Հայ ազգի պատմության անիվը չի կարող այդքան երկար ժամանակ պտտվել հակառակ ընթացքով, և եթե անգամ մեր սերունդը չտեսնի Հայ դատի արդարացի լուծումը, մենք պիտի փոխանցենք պահանջատիրության այդ սրբազան գաղափարը հաջորդ սերնդին, որպեսզի վերջինս մի օր դառնա այդ իրողության ականատեսն ու մասնակիցը»: Վերոնշյալ դպրոցի ծիլերն արդեն վաղուց են երևացել. անձամբ Ա. Մելքոյնանի, ինչպես նաև նրա ղեկավարած գիտական հիմնարկի տքնաջան աշխատանքի և այլ պատմաբանների գիտական համագործակցության արդյունքում արդեն հրապարակի վրա են Հայոց պատմության ակադեմիական քառահատորյակի երկու հատորների երկու գրքերը, որոնք և հետագա հատորներն իրավամբ համարվում են հայ պատմագիտության վերջին խոսքը:
Ա. Մելքոնյանն այն պատմաբաններից է, ով հայ սերունդների սեփականությունը դարձրեց իր ծննդավայր Ջավախքի անցած պատմական ուղին: Ելնելով Ջավախքի շուրջ ստեղծված այսօրվա իրողություններից` փաստենք, որ պատմաբանի կատարած այս ներդրումը հեռու է սոսկ պատմագիտական արժեք համարվելուց: Պատմաբանի` Ջավախքի ուղղությամբ իրականացրած հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվել են աղբյուրագիտական և փաստական հարուստ հենքի վրա, կարճ ժամանակ անց դարձան մերօրյա շրջանում Ջավախքի հայկականության համար տարվող պայքարի հիմքը (բնավ պատահական և զարմանալի չէ, որ Ջավախքի հանրությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի դեպի Աշոտ Մելքոնյանը: Պատմաբան-պրոֆեսորի յուրաքանչյուր հրատարակություն, հրապարակում կամ հաղորդում անմիջապես ջերմ արձագանք է գտնում հայրենի Ջավախքում: Սա այն բանի ապացույցն է, որ այդ աշխատանքները բացում են ջավախահայի հոգում անթեղված սրբազան անկյունները, խոսում այնտեղ պահվող վեհ ու հայրենական զգացումների հետ: 2009 թ. օգոստոսին Ջավախքում Ա. Մելքոնյանին Ախալքալաքի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումն այս ամենի խոսուն ապացույցն է):
2004 թվականից` պրոֆեսոր, 2006 թ. դեկտեմբերի 15-ից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Աղասու Մելքոնյանն այսօր էլ, կյանքի հիսնամյակի եզրագծից այն կողմ, շարունակում է գիտամանկավարժական արգասաբեր ու հայրենաշեն գործունեությունը: Ելնելով այն հանգամանքից, որ տարիքային այս շրջանը համարվում է պատմաբանի համար ամենաբեղունը, ապա միանգամայն հասկանալի է, որ հայ հանրությունը դեռ իր սեղանին կտեսնի Ա. Մելքոնյանի հեղինակությամբ նորանոր գրքեր (մինչ օրս լույս են ընծայվել Ա. Մելքոնյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ շուրջ 12 անուն գրքեր), գիտական նորահայտ գործեր, հոդվածներ, հրապարակումներ ու ելույթներ, ինչու չէ` նաև հայրենակարոտ հեռուստառադիո հաղորդումներ ու ֆիլմեր (Ա. Մելքոնյանը դեպի Արևմտյան Հայաստան տարիներով իրականացրած ուխտագնացությունների նյութերի հիման վրա պատրաստել է «Կարոտի Էրգիր» (2006) ֆիլմը, իսկ 2007 թ. օգոստոսի 10-ին Արարատ լեռան գագաթը հաղթահարելուց հետո պատմաբանը հանրությանը ներկայացրեց իր հաջորդ` «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» (2008) ֆիլմը), որոնցով էլ ավելի է հարստանալու հանրության գիտակցությունն առ հայրենիք, նվիրական ու հարատև արժեքներ:
Սույն հոդվածների ժողովածուն միայն մասամբ է ամբողջացնում Ա. Մելքոնյանի տարիների պրպտումները: Այստեղ ընդգրկված են հեղինակի միայն գիտական հանդեսներում և ժողովածուներում տեղ գտած աշխատանքներից: Համոզված ենք, որ գիտնականի ծննդյան 50 ամյակի առիթով հրատարակվող այս գիրքը հոբելյարի հերթական նվերն է հայ աշխարհասփյուռ հանրությանը, հանրություն, որը մշտապես գրկաբաց է ընդունել նրան, և, որի հզորացման ու միասնականության սուրբ գործի մշակն է Աշոտ Մելքոնյանը:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու