կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 14:39
Մշակույթ

Մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում. Ռուբեն Բաբայան

Մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում. Ռուբեն Բաբայան

«Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնությունն իր ստեղծման օրից հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն աշխուժացնելու, տեղի երեխաներին, բնակիչներին մշակութային անցուդարձին տեղյակ պահելու համար:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք քանիցս այցելել են Այգեպար, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր և տեղի խնդիրների մասին տեղեկացրել ՀՀ վարչապետին, այժմ աշխատանքներ են տարվում դրանք լուծելու ուղղությամբ: Ըստ նրա` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն այնքան էլ լավ վիճակում չէ, և իրենք փորձել են հենց այս բացը լրացնել:

 

«Տավուշի մարզում մի քանի մշակութային միջոցառումներ իրականացնելուց հետո որոշեցինք նամակով դիմել մշակույթի նախարարությանը, որպեսզի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր թատրոնների պետբյուջեից տրամադրվեն միջոցներ` ճանապարհածախս, գիշերելու տեղ, սնունդի հետ կապված հարցերը լուծելու և սահմանամերձ գյուղերում ներկայացումներ իրականացնելու համար»,- ասաց Հովսեփյանը` հավելելով, որ իրենց նպատակը միջոցառումներին համակարգված բնույթ տալն է: «Այսինքն` մենք շարունակելու ենք մեր անելիքը, ուղղակի կուզեինք, որ նախարարությունը պետական մակարդակով այս հարցը լուծեր, այսինքն` հատուկ ծրագիր ունենար, որտեղ հստակ կնշվեր` որ թատրոնը երբ է մեկնելու սահմանամերձ գյուղ և ներկայացում ցուցադրելու»:

 

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ նոյեմբերի 16-ին Մովսես և Այգեպար գյուղերի երեխաների համար ցուցադրել են «Անխելք մարդը» ներկայացումը: Նա տեղեկացրեց նաև, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են դեկտեմբերի 20-21-ը Ամանորի ներկայացում ցուցադրել Բաղանիս և Դովեղ գյուղերում:

 

«Այս ծրագիրն իրականում ուղղված է հայրենիքի պաշտպանությանը, քանի որ, հայրենիքի պաշտպանություն ասելով, առաջին հերթին մարդկանց ենք պատկերացնում, որոնք ապրում են այդ տարածքում, և մեր պարտականությունն է նրանց կյանքը լիարժեք դարձնել: Հասկանո՞ւմ եք` խումբը ծրագիրն իրականացնելու համար ոչ թե հոնորար կամ վարձատրություն է ուզում, այլ մինիմալ ծախսերը հոգալու համար սիմվոլիկ գումար, ինչպես նաև պետական համակարգված մոտեցում` հարցի հետ կապված»,- ասաց Բաբայանը:

 

Նա նշեց, որ սա ընդամենը սկիզբ կհանդիսանա, որպեսզի սահմանամերձ գյուղերում հետագայում լինեն նաև շրջիկ ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն… Բաբայանի համոզմամբ` մենք մեր մշակութային կյանքը կենտրոնացրել ենք միայն Երևանում, այնինչ` ամբողջ աշխարհում մշակույթը մայրաքաղաքից ապակենտրոնացնելու քաղաքականություն է տարվում:

 

«Մշակույթը մեր երկրինն է, և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա առնչվելու մշակույթի հետ: Տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակի անտեսում են մշակութային կյանքը: Գիտե՞ք` Ճամբարակում վերջերս մի փոքրիկ տիկնիկային թատրոն-ստուդիա է բացվել, և նրանք սեփական միջոցներով մի հրաշալի ներկայացում են բեմադրել, բայց տեղական մարմինների կողմից բացարձակ անտարբերության են արժանացել, և հիմա այդ ստուդիան ուզում են փակել: Ուղղակի պետք է հասկանալ, որ մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ, անկախ նախարարության արձագանքից, իրենք շարունակելու են համագործակցել կազմակերպության հետ և ներկայացումներով այցելել սահմանամերձ գյուղեր: