Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե գաղափարի իրականացումն արյան միջոցով պետք է լինի, գաղափարն արդեն սնանկանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով զինված խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման մասին, որի ընթացքում ոստիկան զոհվեց: Բաբայանի խոսքով՝ զինված խմբի պահանջների մի մասը ենթակա են բեկանման. «Այդ պահանջները դրված են, որ դրանցից մի մասից հնարավոր լինի հրաժարվել բանակցությունների ընթացքում: Կմնա միայն Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջը»:
Բաբայանն ընդգծեց, որ պետք է պայքարել հասարակության մեջ արմատացած ագրեսիվության դեմ: «Մենք հատել ենք կարմիր գիծը, արդեն հասել ենք մարդասպանության, դա անընդունելի է: Իհարկե, այստեղ մեծ անելիք ունի նաև իշխանությունը: Երբ կատվին անկյուն ես տանում, չպետք է զարմանաս, որ նա թռչում ու ճանկռում է, բայց անընդունելի է, որ այս պարագայում ինչ-որ մարդիկ արդարացնում են տեղի ունեցած մարդասպանությունը: Պետք է հանգստանալ, հիստերիկ վիճակից դուրս գալ: Այն ատելությունը, որը մենք սերմանում ենք մեր սրտերում, ծնում է ծայրահեղություն: Սրանով մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի քաղաքացիական պատերազմ»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ շատ բան է կախված հասարակությունից, և հասարակությունը չպետք է ծափերով ողջունի այն գործելաոճը, որը հանգեցնում է մարդկային կյանքի կորստի:
Բաբայանը նաև շեշտեց, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած դեպքը ու դրան հաջորդող ժամանակաշրջանը պետք է ճիշտ անվանենք: «Եթե պատանդ եք վերցնում, որ սպանեք, սա կոչվում է ահաբեկում, սա գործընթաց է, ոչ թե գաղափար, մենք պետք է նրանց կարողանանք բացատրել, որ չենք ուզում իրենց որպես ահաբեկիչ ընկալել: Վաղը սա կգայթակղի մյուսներին, կվերցնեն ավտոմատը ու կուզենան ազատություն տալ իրենց հարազատներին, որոնք հանցագործներ են»,- ասաց նա՝ մեջբերելով Հովհաննես Թումանյանի խոսքերից. «Մենք պետք է ներսից բուժվենք, մենք ներսից ենք փտած»:
Բաբայանի խոսքով՝ ինքը պատրաստ է գնալ որպես միջնորդ կողմերի հետ խոսել. «Եթե կարող եմ մի կաթիլով մեղմացնել վիճակը, միայն ուրախ կլինեմ»:
Ի դեպ, Բաբայանը չբացառեց, որ այս օրերի ընթացքում պատանդ վերցնողներն ու պատանդի կարգավիճակում գտնվողները հնարավոր է մտերմացած լինեն. «Կարող ա մի բաժակ էլ իրար ջուր տան»: