կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 12:37
Հասարակություն

Մեզ համար կարևոր է հայրենիքը չդարձնել տարածք. Ռուբեն Բաբայան

Մեզ համար կարևոր է հայրենիքը չդարձնել տարածք. Ռուբեն Բաբայան

Հաճախ թվում է, որ անկախության հռչակագրով մեր գործն ավարտվում է, բայց այն միայն սկսվում է. այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` շնորհավորելով ներկաներին Արցախի անկախության 25-ամյակի առիթվ:

Ըստ նրա` յուրաքանչյուր փաստաթուղթ արժևորվում է, երբ լցվում է համապատասխան բովանդակությամբ:

«Աստված մարդուն ազատ է ստեղծել, և սա նշանակում է` ժողովուրդները կարող են կայանալ լիակատար ազատության ժամանակ, և յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է տնօրինում իր ճակատագիրը: Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, շատ կարևոր է: Այո, այս ընթացքում ունեցել ենք ձեռքբերումներ, բայց անելիքներն ավելի շատ են: Նախ` իրական ազատությունն ապացուցելու խնդիր ունենք, ինքներս մեզ ապացուցելու խնդիր, որպեսզի դադարեն տարբեր խոսակցությունները»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ հիմա եկել է ամենակարևոր պահը` արտաքին աշխարհին համապատասխան ձևով ներկայանալը: Սա, Բաբայանի կարծիքով, անտեսել ենք` այսրոպեական խնդիրներից ելնելով, բայց կյանքը ցույց է տալիս, որ երբ այսրոպեական խնդիրների հետևից ես ընկնում, կարևոր մի շարք բաներ բաց ես թողնում:

«Տարածքների հարցը շատ է քննարկվում հիմա, և դրա հետ կապված` կուզեի ընդամենը մեկ բան ասել` տարածքը կարելի է տալ, ձեռք բերել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, բայց բոլոր այս գործողությունները չես կարող անել հայրենիքի հետ: Իսկ տարածքը դառնում է հայրենիք, երբ այնտեղ մարդիկ են ապրում, ու հակառակը: Փաստաթղթերով շատ բան կարելի է ֆիքսել, բայց եթե այնտեղ մարդիկ են ապրում, ոչ ոք չի կարող քեզնից խլել քո հայրենիքը»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ մեզ համար կարևոր է հայրենիքը չդարձնել տարածք, իսկ, այ, տարածքը դարձնել հայրենիք:

Ըստ նրա` մենք մի կարևոր խնդիր էլ ունենք` պետք է դադարենք թշնամիներ և դավաճաններ փնտրել, քանի որ, ըստ Բաբայանի, զարգանում են այն ժողովուրդները, որոնք բարեկամներ են փնտրում: «Մենք շատ հարցերում մնացինք որպես ՍՍՀՄ, որի կենտրոնը հիմա մեր երկրի տարածքից դուրս է գտնվում: Պետք է հստակ գիտակցենք` անկախություն ասելով` անկախ չեն դառնում: Երեխայի ծնունդը նշում են այն օրը, երբ  նա մոր արգանդում 9 ամիս մնալուց հետո լույս աշխարհ է գալիս` կտրելով նրա հետ պորտալարը: Ինքնուրույն կյանքը կտրած լարն է, մեր ժամկետը լրացել է, պետք է հիմա ազատ ապրենք»,- ասաց Բաբայանը: