կարևոր
784 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-26 11:18
Հասարակություն

Հեռո՛ւ մնացեք պաշտոնական դիրքի չարաշահումներից. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչով դիմում է ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին

Հեռո՛ւ մնացեք պաշտոնական դիրքի չարաշահումներից. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչով դիմում է ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի հունիս 27-ին, ողջ աշխարն ականատես եղավ, թե ինչպես են հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ներխուժում համայն հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի քննչական կոմիտե ուղեկցեն 1 հոգևորականի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։

Հոկտեմբերի 20-ին, նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև Գյումրիում, որտեղ ևս հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ էին հավաքվել, բերման ենթարկելու համար քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ևս ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։ Բերման ենթարկելու համար ոստիկանները կոտրեցին քաղաքապետարանի ետնամուտքի դուռը, որի անհրաժեշտությունը չկար։

Ինչպես այս երկու դեպքերը, այդպես էլ նաև վերջին տարիներին տեղ գտած մի քանի տասնյակ նման միջադեպեր, աչքի են ընկնում, ՀՀ Ներքին գործերի նախարարության, և ուժային կառույցների կողմից, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիների նկատմամբ աննախադեպ անհամաչափ ֆիզիկական և հոգեբանական ճնշման, վախի ազդեցություն գործելու միտումով։

Հայտնի է նաև, որ նման ամեն մի անհարկի միջոցառում, դառնում է միլիոնավոր դրամների հավելավճարների և պարգևավճարների աղբյուր։ Այս ամենը լի է ՀՀ պետական գումարների վատնման և պաշտոնական դիրքի չարաշահումների դրվագներով։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում էր, որ հետևողական է լինելու, որպեսզի ուշ թե շուտ այս ամենի հետևում կանգնած ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ղեկավարները ենթարկվեն պատասխանատվության։

Տեղեկացված ենք նաև, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արագածոտնի մարզի Օհանավան, գյուղ, որպեսզի Հովհանավանքում մասնակցի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանայի՝ Ստեփան (Տեր Արամ) Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։

Պարզ է, որ այս օրը ևս լեցուն է լինելու, որպես վախի և ճնշման մթնոլորտ ստեղծելու գործիք, ոստիկաններին ու ուժայիններին օգտագործելու դրվագներով։

Այնինչ սա ոչ թե հասարակ պատարագի օր է, այլ օր, որը հիմք է դնելու Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը։

Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհրդի դիմումն ու հորդորն է ՆԳՆ և այլ ուժային համակարգերում ծառայող մեր հայորդիներին, որպեսզի զերծ մնան այս և նման ազգակործան, սրբապիղծ և պառակտիչ միջոցառումներին մասնակցելուց ու բարձր պահեն համազգեստի պատիվը։

Վստա՛հ ենք, որ մոտ ապագայում պատասխանատվության կենթարկվեն նաև նման միջոցառումներին ծառայած և իշխանության դրածո «հոգևորականների անվտանգությունը վերահսկելուն» հնազանդված ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները, սակայն դա բավարար չի լինի հատուցելու համար այն վնասը, որը դա կհասցնի Հայաստանի վարկին, Եկեղեցու հեղինակությանն ու Հայաստանի հոգևրր-բարոյական մթնոլորիտին։

Հեռու՛ մնացեք պաշտոնական դիրքի չարաշահումներից ու օրինապահի տեղն ու դերը, խաղաղ բնակչության դեմ, հավատավորների դեմ, որպես վախեցնելու, ահաբեկելու բութ գործիք օգտագործելու դրսևորումներից»։