կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 23:02
Հասարակություն

Մենք քիչ ենք, սակայն մեզ լավ չենք պահում

Մենք քիչ ենք, սակայն մեզ լավ չենք պահում

Իմ խորհրդային մանկությունից հիշում եմ, որ հայերի ու մեր մյուս հարեւանների մասին, որպես ազգային առանձնահատկություն, օտարներն ասում էին` հյուրասեր են: Վիրավորական էր մի քիչ, որովհետեւ նշանակում էր, որ ուրիշ աչքի ընկնող, ավելի հոգեւոր ու մտավոր առանձնահատկություն չունենք: Չնայած հյուրընկալությունն էլ, երեւի, մեծ սիրտ ու բարություն է ենթադրում:

Հետո հասկացվեց, որ հյուրընկալությունը նախ եւ առաջ ենթադրում էր առատ սեղան եւ համարյա բռնի կերակրման գործընթաց: Սրանով ցուցադրվում էր նախ` սեփական բարեկեցությունը, հետո` առատաձեռնությունը, եւ առանձնապես հյուրին չէր ուղղված` սա հյուրին «ընկալողի» բենեֆիսն է:

Արդյոք հյուրասիրությո՞ւն է, երբ շուկայում այլազգի տեսնելիս բղավում են՝ էստի համեցեք, ու սկսում համոզել, որ փորձի, հետո ստիպում, որ առնի: Իհարկե` ոչ: Հայրենասիրության հետ աղերս չունի նաեւ, երբ հյուրի առաջ ծառայակամ պտտվում են, նրա ամեն ասածի վրա ժպտում, անտեղի մեծարում:

Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին Երեւանը նմանվել էր մեծ քաղաքի, որովհետև, բացի սեփական դեմքերից, փողոցում զբոսնում էին այլազգի մարդիկ ու լսվում էր ուրիշ լեզու: Պարսիկներն եկան ավելի վաղ` նշելու Նովրուզը, հետո եկան ռուսաստանցիները` Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղը նայելու: Առավոտ շուտ պատուհանից երեւացին ռուսական նոր ֆիլմերից ծանոթ ռուս դերասաններ, որոնք ուսումնասիրում էին քաղաքը: Երեւանում կարելի էր հանդիպել մարդկանց, որոնց սովոր ենք տեսնել հեռուստացույցով:

Սրանք բարեկիրթ, գրագետ, հետաքրքիր մարդիկ էին: Նրանց հանդեպ, ճանաչելով ու առանց ճանաչելու, այլ հյուրընկալություն էր կիրառվում. հայերը գործի էին դրել ծառայակամ հյուրընկալությունը` ժպտում էին, խոնարհվում, հետո փսփսում իրար ականջի:

Հյուրերի մյուս տեսակին` պարսիկներին, հայերը ցուցադրում էին իրենց դեֆորմացված արժանապատվությունը, որը հետեւյալն էր. կինոթատրոնում պարսիկները հարցնում են երեւանցի «տղեքին», թե ինչո՞ւ չեն խոսում անգլերեն, ինչին ի պատասխան «տղեքը» հայհոյում ու հռհռում էին՝ կարծելով, թե հյուրերը չեն հասկանում, ու մտքներով չէր էլ անցնում, որ հայհոյանքների մեծ մասը հասկանալի էր նրանց: Տաքսու վարորդները խաբում էին, իսկ «հայրենասեր» հայերը տհաճություն արտահայտող բնաձայնականներ էին հնչեցնում, երբ պարսիկների խումբ էր անցնում:

Իսկ պարսիկները հիմնականում գալիս են ընտանիքներով, շատ բարեկիրթ են ու որեւէ վատ բան չեն անում: Հյուրընկալությունը ոչ մի կերպ չի հանդուրժում «յախք» արտահայտությունը քո երկիր եկած որեւէ մեկի հանդեպ: Եթե մեր հայրենակիցներին դուր չի գալիս նրանց արտաքինը, ապա մերոնց մեծ մասի հաբիթուսը նման է մեր այդ հյուրերի արտաքին տեսքին: Եթե զայրացնում է, որ այլ կրոն ունեն` սա լուրջ թեմա է, բայց հայերի 99 տոկոսը քայլելիս հաստատ չի հիշում, որ ինքը քրիստոնյա է, իսկ մարդ սպանելու, խաբելու, անարդար դատելու, գողանալու, մանկապղծության ու այլ բաների քրիստոնեական ու մահմեդական մեթոդները չեմ կարծում, որ էապես տարբերվում են, այնպես որ առանձնապես ստերիլ չենք, որ ուրիշներից ցնցումների մեջ ենք ընկնում:

Հաստատ Վիեննայի օդանավակայանի սպասասրահի շատրվանի մեջ ոտքերն իջեցրած ու թուղթ խաղացող հայ տղամարդկանց հանդեպ նույնպիսի զզվանք էին տածում մյուսները, ինչպիսի անհարկի արհամարհանք են ցուցադրում հայերը մեր հյուրերի նկատմամբ: Ի դեպ, այդ շատրվանի մեջ սառեցվում էին նաեւ գարեջրի շշերը:

Հյուրասիրությունը նախ եւ առաջ հյուրի հանդեպ բարեհամբույր լինելն է (չշփոթել բնազդային ծառայակամության հետ): Հյուրընկալ լինելը հարգանքն է հյուրի սովորությունների, արտաքին եւ այլ տարբերությունների նկատմամբ: Հյուրընկալ լինել նշանակում է ուրախ լինել հյուրի ներկայությունից ու ապահովել բարի մթնոլորտ: Եթե բոլոր պարսիկները քիչ թե շատ խոսում են անգլերեն, իսկ հայ աղջիկներն ու տղաները քանի դեռ երկու տարի կրկնուսույցի մոտ չեն պարապել չեն կարողանում պատասխանել օտարերկրացու որեւէ հարցի ու նման դեպքերում դիմում են «արա, էս ով էր, արա» ամենափրկիչ արտահայտությանը` սա պարսիկների առավելությունն է ու մեր թերությունը, միանշանակ:

Հյուրասիրությունն ու հյուրընկալությունը նույնպես արժանապատիվ պետք է լինեն: Տհաճ բնաձայնականներից առաջ վնաս չէր լինի հիշել, որ այդ նույն պարսիկները մի շարք ոլորտներում մեզանից շատ առաջ են: Օրինակ` մեր «Ոսկե ծիրանի» օրերին բոլորս վազում ենք պարսիկ Աբաս Քիարոսթամիի ու թուրք Ֆաթիհ Աքինի ֆիլմերին, որովհետեւ առաջինը կինոյի նոր ալիքի ներկայացուցիչ է Կաննի կինոփառատոնում իր հաղթանակներով, մյուսը` ծնված, կրթված ու կայացած լինելով Համբուրգում` ֆիլմերը նկարում է թուրքերի մասին, որոնք չեն գտնում իրենց տեղը հայրենիքից դուրս ու դժվար են ապրում, այնինչ «Ոսկե ծիրանի» մեր փառատոնի գեղարվեստական ֆիլմը, չգիտես ինչու, միշտ ունայնության մասին է, ու ոչ մի գրամ ավելի փոքր թեմա մեզ չի հուզում: Ասենք՝ կոնկրետ հայի թեման, որը անգլերեն չգիտի ու մոլորվել է Վիեննայի օդանավակայանում, որտեղ հայտնվել է որպես տրանզիտ ուղեւոր, որ գնում է աշխատանք գտնելու: Բայց ոչ, մենք մարդու ունայնության մասնագետ ենք: Ու երբեք Կաննի կամ Բեռլինի փառատոնում մրցանակներ չենք շահում: Այնպես որ, ճանաչենք չափներս, սիրելի' հայրենակիցներ:

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ