կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-25 14:21
Քաղաքական

Ինչքան էլ մնացել` որակով ենք մնացել, մնացողները սահման պահողներն են. Մովսեսի գյուղապետ

Ինչքան էլ մնացել` որակով ենք մնացել, մնացողները սահման պահողներն են. Մովսեսի գյուղապետ

Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, այո, 100 տոկոսանոց չէ, բայց մի շարք խնդիրներ կլուծի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

 

Ըստ նրա` լավ կլիներ նաև, որ կառավարությունը նպաստ հատկացներ մայրերին, առողջապահական ոլորտում նույնպես առավելություններ լինեին, օրինակ` միայն թշնամու կողմից վիրավոր լինելու դեպքում բուժօգնությունն անվճար չլիներ, ինչպես նաև ուսանողների վարձավճարները փոխհատուցեին /30 տոկոսով փոխհատուցում կա/, քանի որ այս տարի կային մի շարք ուսանողներ, ովքեր դուրս մնացին բուհից ուսման վարձի պատճառով:

 

«Այնուամենայնիվ, մենք մենակ չենք, իշխանությունը մեր թիկունքին կանգնած է` սերմնացուներով ապահովում են, գյուղտեխնիկա ստացանք: Կամաց-կամաց առաջ ենք գնում»,- ասաց Սաղոյանը:

 

Ըստ նրա` Տավուշի անտառները շատ բերքառատ են և հատապտղի ու մրգի վրա էլ կարելի է շեշտը դնել եւ ինչ-որ արտադրամաս բացել:

 

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշեց, որ արդեն ունեն հրշեջ, շտապօգնության մենքենաներ, հացահատիկահավաք կոմբայն, և հիմա միակ խնդիրը ջրագծերի նորոգումն է: «Ոռոգման ջրագծերը 50-ականներից են մնացել, փչացած և ավերված են: 2004-ին սկսել էինք նորոգումը, բայց կիսատ մնաց: Ոռոգման ջուրը շատերին չի հասնում»,- ասաց նա:

 

Խոսելով գյուղից մեկնածների մասին` գյուղապետը նշեց, որ վերջին տարիներին դա այնքան էլ մեծ թիվ չի կազմում. «Ինչքան էլ մնացել` որակով ենք մնացել, մնացողները սահման պահողներն են»:

 

Սողոյանն էլ, իր հերթին, նշեց, որ սահման պահելը բնածին պարտավորություն է: