Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մովսես գյուղի միակ եկեղեցու քահանան` տեր Աբելը, մովսեսցիների համար միայն քահանա չէ, այլ լավագույն ընկեր ու աջակից: Անշուշտ, մովսեսցիները չէին կարող երկար դիմակայել հակառակորդի կողմից հրահրվող մշտական լարվածությանն ու գնդակոծությանը, եթե չլիներ հույսը վաղվա օրվա հանդեպ և հավատքն առ Աստված, որը նրանց ամեն օր հաղորդում է տեր Աբելը:
Նա թեև շատ ցավում է, որ խորհրդային տարիներին քանդվեցին շատ ու շատ եկեղեցիներ, բայց փառք է տալիս Աստծուն, որ գոնե մեկ գործող եկեղեցի Մովսեսում, այնուամենայնիվ, կա: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հին եկեղեցու տեղում, որ քանդվել էր ստալինյան ռեժիմի օրերին՝ 1937 թվականին: Միայն 2005 թվականին, մոսկվայաբնակ մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ, սկսվեց նոր եկեղեցու կառուցումը քանդվածի տեղում։ Ի դեպ, մովսեսցիները ցավով են հիշում, թե եկեղեցու բացման օրը ադրբեջանական դիրքերից ինչպես էին գնդակոծում եկեղեցու տարածքը: Սակայն տեր Աբելի հիշողություններում չամոքված սպիի պես մնացել է այն, երբ ժողովուրդն էր սովետական առաջնորդի ցուցումով, իսկ գուցեև հաճոյանալու համար քանդում Աստծո տաճարները:
«Ամոթխածությամբ եմ ասում, որ մենք ինքներս քանդեցինք մեր աղոթատեղիները, մեր փրկության նավը, բայց փառք Աստծո, երեք տարի է` գործում է Մովսեսի եկեղեցին, որը վերակառուցվել է հին եկեղեցու տեղում»,- ասում է տեր Աբելը:
Մովսեսը թեեւ ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների, բայց կյանքն այստեղ կանգ չի առնում` այստեղ մկրտվում են ու պսակադրվում: Ճիշտ է, վերջին շրջանում կրակոցները գրեթե դադարել են, բայց մովսեսցիները գիտեն, որ այդ դադարը ժամանակավոր է և ցանկացած պահի կարող է սկսվել, քանի դեռ վերջնական խաղաղություն չի հաստատվել:
Այդ օրն էլ, երբ Մովսեսում էինք, եկեղեցում մկրտության արարողություն էր: Մկրտության պատրաստվող մովսեսցի փոքրիկի լացը երկար չտևեց: Հմուտ մանկավարժի նման տեր Աբելը, գործի դնելով ձեռքի տակ եղածը, հանգստացրեց փոքրիկին: Հետո հնչեց տեր Աբելի աղոթքն առ Աստված… Եվ սկսվեց մկրտության արարողությունը:
Մովսեսի միակ եկեղեցին գտնվում է դիպուկահարների թիրախում: Բազմաթիվ կրակոցներ վնասել են եկեղեցու գմբեթը: «Մենք հիմա կանգնած ենք այն տեղում, որտեղից կարող է մեզ դիպուկահարները հարվածեն, բայց մենք չենք վախենում»,- ասում է տեր Աբելը և առաջնորդում մի քանի քայլ հեռու, դեպի այն կետը, որն առավել վտանագավոր է, երբ սկսում են կրակել հակառակորդի դիրքերից:
«Հնարավոր է` մի քիչ ըմբռնելի չէ այն, ինչ հիմա ասում եմ` մինչև կհնչեն առաջին կրակոցները: Անիրական է թվում հակառակորդը, քանի դեռ չի կրակում մեզ վրա»,- պատմում է քահանան` ամեն վայրկյան փառք տալով Աստծուն, ձեռքի խաչով խաչակնքելով հակառակորդի դիրքերը, հնչեցնելով օրհնանքը. «Քրիստոսի խաղաղությունը թող իջնի մեր հակառակորդ ժողովրդի վրա ևս, որպեսզի խաղաղությամբ կարողանանք դիմակայել ամեն ինչին»: Եվ հենց այս խոսքերին զուգահեռ, երկնքում սկսում են ճախրել խաղաղության ավետաբեր աղավնիները կամ, ինչպես եկեղեցու հարևանությամբ ապրող աղունիկներ պահող Ղուկասն է ասում, Աստծո 12 աղունիկները: Նա նրանց վերաբերվում է քնքշանքով ու հոգատարությամբ, այնպես, ինչպես սեփական երեխաներին կվերաբերվեր:
«Աղավնին աշխարհի ամենահրաշք թռչունն ա»,- ասում է Ղուկասը, ով տեր Աբելի հետ շփվելուց հետո է միայն սկսել իրապես ճանաչել Աստծուն, որովհետև, Ղուկասի խոսքով, Մովսեսի եկեղեցու քահանան այնպիսի մարդ է, ով կարող է ցանկացած մարդուն մոտեցնել Աստծուն` սովորեցնելով խաղաղ ապրել:
Իսկ ե՞րբ Մովսեսի երկնքում կիշխի երկար սպասված խաղաղությունը, ե՞րբ Աստծո աղավնիները կավետեն այդ մասին: Ղուկասը համոզված է` խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մարդն Աստծուն կմոտենա ու Աստծուն մի քիչ կճանաչի, երբ մարդն իր փառքըկմոռանա ու Աստծուն փառք կտա: Իսկ դրա համար մեծ բան պետք չէ, ընդամենը պետք է ապրել Աստծո պատվիրաններով, նաև`հոգում պահելով հայրենիքը, և միայն այդ ժամանակ կյանքը կդառնա հետաքրքիր ու քաղցր, իսկ տունդ՝ քո ամրոցը:
«Մարդ պետք է շատ սիրի իր հայրենիքը, դրանից վեհ բան գոյություն չունի, ես իմ տունը չեմ լքի: Էս շեն գյուղը էսօր դառել ա աուլ, դա վիշտ ա, էլի »,- խոր ափսոսանք է ապրում աղավնիներ պահող Ղուկասը:
Ղուկասի մտահոգությունն այն է, որ ղեկավարությունը սահմանի գյուղերին մատների արանքով չնայի, որովհետև առաջին զոհը հենց սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, տեղ տա նրանց, հոգի տա, որ շարունակեն ապրել իրենց գյուղերում:
Մելանյա Մելքումյան