Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 22-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջապես հայտնեցին այն, ինչին լարված, ինչ-որ իմաստով խոցված արժանապատվությամբ սպասում էր ամբողջ հայությունը:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացված հայկական մարտական ուղղաթիռի անկման վայրից տարհանվել են երեք հայ օդաչուների դիերը, ուղաթիռի որոշ կարևոր մասեր, ինչը հաջողվել է իրականացված հատուկ գործողության արդյունքում: Տեղեկացվեց նաև, որ այդ գործողության ժամանակ հակառակորդն առնվազն երկու զոհ է տվել (որոշ տեղեկությունների համաձայն էլ` զոհերի թիվը 7-ն է):
Մարդկային կորստի ցավն, իհարկե, անդարմանելի է: Սակայն երեք երիտասարդ հայ օդաչուների մարմինները վերադարձնելու խնդիրը պատվի հարց էր ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև ողջ պետականության համար: Եվ բանակը հերթական անգամ, բառի իսկական իմաստով, փրկեց հայկական երկու պետությունների դեմքը, հերթական անգամ հպարտության և պատկառանքի խորը զգացում հարուցեց, հերթական անգամ ապացուցեց իր` մեզանում թերևս ամենակայացած համակարգը լինելու իրողությունը: Հենց այս հանգամանքն է, որ բարձրացնում է հայկական բանակի վստահության մակարդակը, այն հիրավի դարձնում տարածաշրջանային գործոն:
Ադրբեջանի ռազմական հեղինակությանը հասցված ավելի մեծ հարված, քան այս գործողությունն էր, դժվար է պատկերացնել: Խնդիրը միայն հայ օդաչուների մարմինները և ուղղաթիռի «սև արկղերը» վերցնելու ու շահարկելու, «առևտրի առարկա դարձնելու» հնարավորությունից Բաքվին զրկելը կամ էլ հասցված մարդկային կորուստները չեն: Գործնականում հայկական բանակն առավել քան առարկայորեն հասկացրեց հակառակորդին, որ եթե կարողանում է նրա քթի տակից, հենակետերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա նման գործողություն իրականացնել, ապա նրան հասու է նմանատիպ պրոֆեսիոնալ գործողությունների իրականացումը նաև Ադրբեջանի թիկունքում: Այս իմաստով` իրականացված գործողությունն անուղղակի հարված էր Ադրբեջանի` սեփական անվտանգության նկատմամբ վստահությանը: Թերևս հենց այս իրողության կամ վտանգի գիտակցումն է Բաքվին շոկային վիճակի մեջ գցել, ստիպել սեփական հանրությանը ենթարկել տեղեկատվական բացարձակ բլոկադայի:
Հայկական ԶՈւ իրականացրած այս օպերացիան աննախադեպ էր ոչ միայն իր հանդգնությամբ կամ համարձակությամբ, այլև գործարկման մասշտաբայնությամբ և տևողությամբ: Սովորաբար մարդկային ավելի մեծ կորուստներից և ձախողումից խուսափելու համար նման գործողություններն իրագործվում են կայծակնային արագությամբ` օգտագործելով անսպասելիության էֆեկտը: Սակայն այս դեպքում գործ ունենք ոչ միայն երկարատև և մանրամասն մշակման, այլև, դատելով պաշտոնական տեղեկատվական հոսքերից, առնվազն 2 օր տևած գործողության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Բաքվի հերքումների, նոյեմբերի 22-ին տեղեկացրեց, որ հատուկ գործողությունն իրականացվել է այն օրը, երբ Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացրեց առաջնագծում մեկ զինվորի կորուստ ունենալու մասին: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին: Հետևաբար, պարզ տրամաբանությունը հուշում է, որ գործողությունն առնվազն հենց այդ օրն է սկսվել: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ հատուկ ջոկատայիններն առնվազն երկու օր ուղղաթիռի անկման վայրում հետախուզական գործողություններ են իրականացրել` տեղորոշելու համար օդաչուների մարմինները և ուղղաթիռի` տարհանման ենթակա անհրաժեշտ սարքավորումները: Թե ինչպիսի բարդության օպերացիայի մասին է խոսքը, կարելի է պատկերացնել` թեկուզ հաշվի առնելով այն փաստը, որ գործողությունների վայրը գտնվում է ադրբեջանական դիրքերից ընդամենը 100-120 մետր հեռու:
Բայց ամենաուշագրավն այն է, որ կազմակերպվել է մի գործողություն, որի ընթացքում թերևս առաջին անգամ կիրառվել են քարոզչական, մանիպուլյացիոն, նույնիսկ դիվանագիտական որոշակի հնարքներ` հակառակորդի ուշադրությունը շեղելու, զգնությունը թուլացնելու համար: Նոյեմբերի 20-ին, երբ, փաստորեն, օպերացիան արդեն սկսվել էր, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում հայտարարում էր, թե առայժմ իրենք փորձում են օդաչուներին հասնելու և նրանց մարմինները բերելու հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Իսկ դրա նախօրեին, երբ արդեն առնվազն որոշված է եղել, թե ինչ սցենարով է ծավալվելու գործողությունը, ԼՂՀ-ն պաշտոնապես երկրորդ անգամ դիմեց Կարմիր խաչին` օդաչուների ճակատագիրը պարզելու հնարավորություն ստեղծելու և մարդասիրական միջանցք բացելու հարցով:
Նման բաները պատահական չեն լինում: Այդ գործողությունում, կամա, թե ակամա, առանցքային դեր է կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, որն այդ օրերին ուղղաթիռի անկման վայրին մոտենալու համաձայնությունն Ադրբեջանից ստանալու նպատակով ակտիվ բանակցությունների մեջ էր: Իսկ նոյեմբերի 21-ին, այսինքն` գործողության` արդեն ընթացքի մեջ լինելու ժամանակ նա մեկնեց Բաքու` ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու նպատակով: Այլ կերպ ասած` Կասպրշիկի առաքելությունն օգտագործվել է դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը հասնելու` հայկական կողմի տրամադրվածությունը Բաքվի մոտ ավելի համոզիչ ներկայացնելու նպատակով, ինչը, փաստորեն, որպես ուշադրություն շեղելու միջոց, հիանալի կերպով աշխատել է:
Սա ռազմական, քարոզչական և դիվանագիտական ռեսուրսների համադրման փայլուն դրսևորում էր, ինչը ցույց է տալիս համակարգված և բազմաբևեռ գործելու կարողության մասին, ինչը զինված ուժերի համար իսկապես լուրջ ձեռքբերում պետք է համարել: Սակայն որքան էլ այս առումով իրավիճակը հուսադրող է, միևնույն է` հնարավոր չէ դրա քողածածկույթի տակ մոռանալ ուղղաթիռի ոչնչացման պատճառների վերաբերյալ դեռևս պատասխանների կարոտ հարցերը: Եթե մինչ այսօր տարրական բարոյականությունը, առանց այն էլ լարված և ողբացող հանրությանը հուսահատության չհասցնելու մղումները, ինչպես նաև հակառակորդի քարոզչությանն ակամա չծառայելու գիտակցումը թույլ չէին տալիս սրելու, բարձրացնելու այդ հարցադրումները, ապա հիմա տղաների մարմինները մեզ մոտ են: Եվ թերևս ժամանակն է, որ ՀՀ ՊՆ-ն կամ ԼՂՀ ՊԲ-ն կամ էլ երկուսը միասին բացատրեն, թե ինչպե՞ս ուղղաթիռները հայտնվեցին մի գոտում, որտեղ, ըստ տրամաբանության, չպետք է լինեին, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու դրա համար:
Սա կարևոր է ոչ այնքան հանրության համար, որքան հենց բանակի, շարքային հայ զինվորի: Որովհետև միայն պատասխանատու կեցվածք դրսևորելու միջոցով կարելի է հավատացնել նրան գոնե հրամանատարական կազմի, պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կայացվող որոշումների մակարդակում իր անվտանգությունը հնարավորինս երաշխավորված լինելու, առնվազն հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցված լինելու մեջ:
Ի վերջո, բանակի, զինվորի մարտունակությունը միայն ռազմական հմտություններին տիրապետելով չի սահմանափակվում: Այն նաև փոխադարձ հավատն է զինակցի, հրամանատարի, հրամանատարական շտաբի և պետության նկատմամբ: Զինվորն իր պարտքն այս իմաստով կատարել է, մնում է պետությունն անի այն, ինչ կախված է իրենից:
Գևորգ Դարբինյան