Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք լրագրող Ֆերդա Չեթինը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանի մասին հոդված է հրապարակել:
Ստորև ներկայացնում ենք «Ինչո՞ւ Էթիեն Մահչուփյանին խորհրդական նշանակեցին» հոդվածը:
«Դավութօղլուի նոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը Aksam թերթի երեկվա հոդվածում զգուշացնում և սպառնում էր ՔԲԿ-ին (Քրդական բանվորական կուսակցություն): Նշելով, որ ՔԲԿ-ն իր երազանքներից վեր քայլեր է իրականացնում, նա հրապարակայնորեն հայտարարում էր, թե ՔԲԿ-ն ժողովրդից ու քաղաքապետարանից «փամփուշտի փող»-ի համար տուրք է հավաքում: Նկատի ունենալով Քուրդիստանը՝ ասում էր՝ «այդ տարածքները ձեզ չեն թողնի»:
Այս խոսքերը տարիներ շարունակ թուրքական պաշտոնական գաղափարախոսության մամլո խոսնակներ Օքթայ Էքշին, Էրթուղրուլ Օզքոն, Էմին Չոլաշանը, Ալի Սիրմենը, Յալչըն Դողանն ու այս անձնակազմից շատերն են ասել: Տեսնելով, որ դա այդքան էլ արդյունավետ չէ, պետությունը սկսեց «ներսի մյուսներից» նոր «պայքարող» բուծել: Էթիեն Մահչուփյանն էլ այդ նոր պայքարողներից է:
Մահչուփյանը երկար տարիներ «Զաման» թերթում լրագրող է եղել: «Զաման»-ը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության սիրելի թերթն էր: Մի կողմ թողնենք այդ թերթում լրագրող լինելու հանգամանքը, անգամ այդ թերթին բաժանորդագրվելն արդեն կառավարությունը համարում է կարևոր ռեւերանս գյուլենականներին: Մահչուփյանն առանց անհարմար զգալու «Զաման» թերթում տարիներ շարունակ ծառայել է թուրքամոլ-իսլամական հատվածին:
Մահչուփյանը բացարձակապես անհարմար չի զգացել աշխատել հայի դեմ համակարգված թշնամանք տածող, Հայոց ցեղասպանությունը հերքող, ավելին` Հայկական հարցում պետության պաշտոնական գաղափարախոսությունը խորացնող «Զաման»-ում, ակտիվորեն աջակցել է Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությանը: Հենց Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ու «Արդարություն և զարգացում» (Էրդողանի) կուսակցության միջև պայքարը թեժացավ, Էթիեն Մահչուփյանը լռակյաց ապաստանեց «Աքշամ»-ում: Այնուհետև` Էրդողանի կառավարության օրոք , դարձավ Դավութօղլուի խորհրդականը: Այս «բարեփոխումից» զարմացողներին Մահչուփյանն ասաց՝ «խորհրդական լինելու առաջարկը չէի կարող մերժել»:
Մահչուփյանի անձի մասին կարելի է ծավալուն հոդվածներ գրել՝ մտավորականի կերպարի և Թուրքիայում մտավորական-իշխանություն հարաբերությունների թեմայով:
Մահչուփյանի՝ ՔԲԿ-ին զգուշացնելը, իրականին չհամապատասխանող խեղճ տեսքը, խորը ամոթանք զգալու չափ` Ֆրանց Ֆանոնի հայտնի «Սև մաշկ, սպիտակ դիմակ» հենգնանքը հիշելով, ժպիտ կարող է առաջացնել:
Իսպանական գաղութատիրության տարիներին Լատինական Ամերիկայի բնիկների դիմադրությունը կոտրելու համար նրանցից գործակալներ էին ընտրում: Այդ «սև» պաշտոնյաներին սպիտակամորթների հետ անվնաս աշխատելու համար տալիս էին թագավորի կնիքը կրող «սպիտակության վկայական»: Այդպիսով` սպիտակության վկայական ունեցող սևը մեկ ստորագրությամբ «սպիտակում էր» (!):
Թուրքիայի պետությունն էլ հիմնադրումից ի վեր մշտապես, «ներսից» տարր հավաքելով, գործակալ դարձած քրդերին, հայերին, հույներին, չերքեզներին, իրենց ինքնությունը հերքելու դիմաց, տալիս է «թուրք լինելու վկայական»:
Էթիեն Մահչուփյանին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնին հասցնելն էլ այս շրջանակներում արված նշանակում է:
Մի կողմից` Մեհմեդ Մեթիների, Մուհսին Քըզըլքայայի, Օրհան Միրօղլուի, Ումիթ Ֆըրաթի պես` կառավորության սիրելի քրդերն ուժեղացվում են մեկ հայ գրողով: Մյուս կողմից եւ ամենակարևորը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, Երբ Հայկական հարցը դարձյալ ու ավելի ազդեցիկ է հայտնվում օրակարգում, Թուրքիայի կառավարությունը պաշտոնական թեզեր հրապարակելիս հաճախ օգտագործելու է Էթիեն Մահչուփյանին: Ասելու է՝ «տեսեք` հայ խորհրդական անգամ ունենք»: Մահչուփյանն էլ այս դերն իր ցանկությամբ և սիրով է խաղալու: Նման իրավիճակներում մարդն, անկախ կամքից, հիշում է Օրհան Վելիի «լյարդ սիրող կատվին» (փոխաբերաբար՝ կեղծավոր, «քսմսվող» մարդ):
«Քեզ համար էլ հեշտ չէ, եղբա'յր,
Իրո'ք, հեշտ չէ,
Ամեն Աստծո օր այսպես պոչ խաղացնել»
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի