կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-08 12:42
Տնտեսական

Պատգամավորները կուսումնասիրեն «Նաիրիտ»-ի մութ էջերը

Պատգամավորները կուսումնասիրեն «Նաիրիտ»-ի մութ էջերը

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց «Նաիրիտ»-ի հարցով ստեղծել ժամանակավոր ենթահանձնաժողով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծելու այդ ենթահանձնաժողովը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` որոշման նախագծի հեղինակը, նշեց, որ ենթահանձնաժողովը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ի գործունեության հետ կապված բոլոր մութ էջերը և դրա վերագործարկման հնարավորությունները:

 

Արծվիկ Մինասյանի խոսքով` արդեն երկրորդ անգամ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, մերժում է այդ մոտեցումը, բայց, կարծես, սառույցը շարժվել է, և առաջարկվում է, որպեսզի խորհրդարանի մասնակցությունը լինի նախևառաջ տնտեսական հարցերի հանձնաժողովում` ենթահանձնաժողով կազմելու մասով, ինչը, ըստ պատգամավորի, գնահատելի քայլ է:



«Սա այն դեպքն է, երբ համատեղ ուժերով հնարավոր է ապահովել այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք մեր առջև դրել ենք: Պետք է ուսումնասիրվի «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորությունը, որից բխում են բազմաթիվ այլ հարցեր»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 


Նա հավելեց, որ կարևոր պայմանը «Նաիրիտ»-ի պաշտպանությունն է, որովհետև, շրջանառվող լուրերի համաձայն, փորձ է արվում «Նաիրիտ»-ը մաս-մաս բաժանել ակտիվների և այլն: Եվ ստեղծվող ենթահանձնաժողովի նպատակը պետք է լինի ակտիվների պաշտպանությամբ հանդես գալը ու համապատասխան ուսումնասիրության հիման վրա վերագործարկման հնարավորության ուսումնասիրությունը, նաև գործողությունների հաջորդականության մշակումը, «Նաիրիտ»-ի ու դրա աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

 

«Պետք է պարզել «Նաիրիտ»-ի սեփականատիրոջ հարցը: Մեր գնահատմամբ` ՀՀ-ն պետք է լինի «Նաիրիտ»-ի սեփականատերը, համենայն դեպս, դա են վկայում բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք ունենք մեր ձեռքի տակ: Մենք վստահ ենք, որ եթե հանձնաժողովը հետևողականորեն աշխատի, անպայման կունենա արդյունք»,- ասաց պատգամավորը:

 

 Քանի որ, ըստ օրենքի, ենթահանձնաժողովը ձևավորվում է տվյալ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների կազմից, կարևոր է, որ անդամները հավասարաչափ ներկայացված լինեն իշխանությունից, ընդդիմությունից ու այլընտրանքից: Արծվիկ Մինասյանը նշեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն գիտական և հասարակական կազմակերպություններ, տեղական ու միջազգային փորձագետներ:

 

«Ենթահանձնաժողովի հիմնական նպատակը պետք է լինի «Նաիրիտ»-ի վերագործարկումն իրականություն դարձնելը: Այսինքն` ենթահանձնաժողովի աշխատանքներից կախված է լինելու շատ բան, ուստի անդամներին անհրաժեշտ է լինելու հետևողականություն, նպաստակասլացություն, ակտիվ աշխատանք թե' «Նաիրիտ»-ի կոլեկտիվի, թե' կառավարության հետ: Ապագայում անհրաժեշտ է լինելու ընդունել օրենք «Նաիրիտ»-ի վերաբերյալ` թե' «Նաիրիտ»-ի ակտիվների պաշտպանության, թե' հնարավոր ներդրողներին անհրաժեշտ երաշխիքներ տալու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: