կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 16:20
Առանց Կատեգորիա

Գնալով խրվում ենք վարկերի ու պարտքերի մեջ. տխուր թվեր

Գնալով խրվում ենք վարկերի ու պարտքերի մեջ. տխուր թվեր

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության վերաբերյալ հերթական վերլուծությունը: Այն ուշագրավ է նրանով, որ ԿԲ-ն մի քանի հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել, մասնավորապես` տնային տնտեսությունների եկամուտների, պարտքի բեռի և ստացած տրանսֆերտների վերաբերյալ:

 

Տրանսֆերտների մասով Կենտրոնական բանկը որևէ բացահայտում չի անում, իսկ բոլոր խնդիրների հիմնական պատճառը դարձյալ Ռուսաստանի Դաշնությունն է: Տրանսֆերտների մոտավորապես 82 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանում բնակվող հայերին: Խնդիրն այն է, որ նախորդ տարիներին, եթե տրանսֆերտներն աճում էին տարեկան միջինը 9-10 տոկոսով, ապա այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, տրանսֆերտներն աճել են ընդամենը 3 տոկոսով: Աճի տեմպի դանդաղումն ակնհայտ է: Որպես խնդրի հիմնավորում` բերված է Ռուսաստանում աշխատող հայերի աշխատավարձերի աճի տեմպը, որը նույնպես նվազել է:

 

Այսպես` 2014-ի կեսին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հայերի աշխատավարձերն աճել են մոտավորապես 7 տոկոսով, ինչը, նախորդ տարիների համեմատ, ուղիղ երկու անգամ քիչ է: Իսկ աշխատավարձերի աճի տեմպի դանդաղումն էլ, իր հերթին, պայմանավորված է Ռուսաստանում շինարարության ճյուղի` 2.6 տոկոս անկմամբ և ռուբլու` 11 տոկոս արժեզրկմամբ:

 

Ըստ անցկացված հարցումների՝ Հայաստանում տրանսֆերտների հույսին է բնակչության մոտ 16 տոկոսը, այսինքն` հենց այդքան մարդ Ռուսաստանի պատճառով Հայաստանում կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ: Ֆինանսական խնդիրներն էլ, իրենց հերթին, հանգեցրել են տնային տնտեսությունների պարտքի բեռի ավելացմանը: Մեր քաղաքացիները գնալով ավելի են խրվում վարկերի մեջ: Ուշադրություն` ֆինանսական հաստատությունների նկատմամբ տնային տնտեսությունների պարտավորություններն ավելացել են մոտավորապես 20 տոկոսով, այսինքն` մեր հայրենակիցները իրենց ֆինանսական խնդիրների լուծման հիմնական ճանապարհը տեսնում են վարկերի մեջ: Մեր քաղաքացիների կողմից ամենասիրված վարկատեսակը մինչև 26-27 տոկոսով տրամադրվող սպառողական վարկերն են:

 

Ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի տնային տնտեսությունների եկամուտների մակարդակը, քանի որ այն ոչ միայն կարող է ուղղակիորեն անդրադառնալ տնային տնտեսությունների վարկային պարտավորությունների պատշաճ կատարման վրա, այլև համարվում է բանկային խնայողությունների հիմնական աղբյուրներից մեկը: Բայց այստեղ էլ մխիթարվելու պատճառ չունենք, քանի որ բավական չէ` մեր քաղաքացիների պարտքերն ավելանում են, աճում է նաեւ այն քաղաքացիների թիվը, որոնք չեն կարողանում վճարել իրենց պարտքերը: Վարկային ներդրումների ռիսկայնության առումով` չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում, տարեվերջի համեմատ, աճել է 1.3 տոկոսով և կազմել 5.6 տոկոս:

 

Տխուր է պատկերը նաև գործազրկության առումով: Դիտարկվող ժամանակահատվածում պաշտոնական գործազրկությունը Հայաստանում ավելացել է մոտավորապես 1 տոկոսով՝ կազմելով 17 տոկոս: Աշխատանքի շուկայում շարունակում է խնդրահարույց մնալ հատկապես 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 31-50 տարեկան անձանց զբաղվածության հարցը: Նշված տարիքային խմբի աշխատուժի երկարաժամկետ անաշխատ մնալու դեպքում կարող են սահմանափակվել հետագայում համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները` կապված մասնագիտական հմտությունների կորստի և այլ պատճառների հետ:

 

Կենտրոնական բանկի այս վերլուծությունն ամփոփելով` նկատում ենք, որ Հայաստանում նախ` նվազել են տնային տնտեսությունների եկամուտները, ավելացել են պարտքերը` 20 տոկոսով,  պարտքերը չվճարող քաղաքացիների թիվը, գործազրկությունը, և ի՞նչն է հետաքրքիր` այս ամենի հիմնական «մեղավորը» ոչ թե կառավարությունն է, այլ Ռուսաստանը:

 

Գևորգ Խաչատրյան