Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև 2008 թվականը, երբ Հայաստանը դեռ չէր վարակվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի «վիրուսով», մեր տնտեսության առաջատար ճյուղը շինարարությունն էր՝ ՀՆԱ-ի մեջ մեծ տեսակարար կշիռ, աշխատատեղեր, շինարարության` ականջները խլացնող աղմուկ: Այսօր պատկերն այլ է` կանգնած կռունկներ, կիսակառույց շենքեր, կիսադատարկ բնակարաններ, իսկ շինարարական աղմուկին էլ փոխարինել է քամու սուլոցը` դատարկ պատերի մեջ:
Ճգնաժամի հետևանքն էր շինարարության, հետևաբար` տնտեսության անկումը, ինչն էլ մեր տնտեսության ոչ դիվերսիֆիկացված լինելու մասին է խոսում: Տարիների ընթացքում շինարարության տեղը եկավ զբաղեցնելու արդյունաբերությունը: Կառավարությունը հայտարարեց արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության իրականացման մասին: Արդեն մոտավորապես 4 տարի է` արդյունաբերությունը, հատկապես` հանքարդյունաբերությունը, ամուր «կանգնած է գետնին»` տարեկան ապահովելով 5-7 տոկոս աճ, սակայն այստեղ էլ հիմնական խնդիրը հանքարդյունաբերության ոլորտում վերամշակող ճյուղի գրեթե բացակայությունն է: Պղինձը բահերով հանում են երկրի ընդերքից և արտահանում, բայց, դե, պղինձն էլ անսպառ չէ ու հնարավոր է, որ մի օր էլ վերջանա ու այդ ընթացքում պետք է նոր բան մտածենք` արդյունաբերությանը փոխարինող:
Մտածելու ժամանակը գուցե արդեն եկել է, որովհետև արդյունաբերության, հատկապես` հանքարդյունաբերության վերջին ցուցանիշները մտահոգվելու առիթ են տալիս: Երբեմնի 7 տոկոսանոց աճն այսօր, կարծես, երազանք է դարձել, ինչ մասին խոսում են նաև թվերը: Արդյունաբերության ոլորտի առաջին 8 ամիսներին գրանցվել է ոչ թե 7 կամ 5 տոկոս, կամ էլ 3 կամ 2, այլ հազիվ 1 տոկոս աճ: Իհարկե, պետք է նշել, որ այս աճը հաշվարկված է համադրելի գներով: Սա ընդհանուր արդյունաբերությունն է: Հանքարդյունաբերության վիճակն ավելի տխուր է, քանի որ այստեղ աճի մասին խոսելն այս պարագայում ծիծաղելի է: Մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 10 տոկոսվ, իսկ հանքաքարերի արդյունահանման ծավալը` 12 տոկոսով:
Տեղեկացնենք, որ այստեղ արտադրանքը հաշվարկված է գումարով, այսինքն` հնարավոր է, նախորդ տարվա համեմատ, պղինձ ավելի շատ ենք արդյունահանել, սակայն պղնձի շուկայում գները նվազել են, հետևաբար` անկում ենք արձանագրել: Դա նույնն է, եթե նախկինում դուք արտադրում էիք մեկ վարունգ և վաճառում այն 100 դրամով, հիմա արտադրում եք երկու վարունգ և վաճառում 1 հատը, ասենք, 70 դրամով: Այն, որ արդյունահանած մետաղի քանակը չի նվազել, կարելի է ենթադրել իրացման ծավալից, որն աճել է 0,7 տոկոսով, այսինքն` այս տարվա առաջին 8 ամիսներին մենք ավելի շատ պղինձ ու մոլիբդեն ենք վաճառել, քան նախորդ տարի:
Հիմա հայացքներս ուղղենք միջազգային շուկա և հասկանանք, թե ինչ գնային փոփոխությունների է ենթարկվել պղինձը: Պատկերը միանգամից պարզ է դառնում, և ևս մեկ անգամ համոզվում ենք, որ գների նվազում միջազգային շուկայում, իրոք, տեղի է ունեցել: Այսպես` 2014թ. հունվարին պղնձի մեկ տոննան արժեր 7200 դոլար, իսկ արդեն ապրիլ- մայիսին 6600-6800 դոլար. գների նվազումը մոտավորապես 8 տոկոս է կազմել: Այս 8 տոկոս անկումը, բնականաբար, թողել է իր հետևանքը Հայաստանի ընդհանուր արդյունաբերության վրա, եթե հաշվի ենք առնում, որ, օրինակ, սննդի արդյունաբերությունում արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում ավելացել 7 տոկոսով, իսկ ծխախոտի արտադրությունը` ուղիղ 28 տոկոսով:
Հետևաբար, պարզ է դառնում , որ ուտելու և ծխելու հետ մենք դեռևս որևէ խնդիր չունենք, և արդյունաբերության արտադրանքի ծավալի ընդամենը 1 տոկոս աճը պայմանավորված է առավելապես մետաղական հանքերի արդյունաբերության հետ: Կառավարությունը, եթե չի ցանկանում նույն օրը ընկնել, ինչպես, օրինակ, 2008-ին էր, երբ մեր ՀՆԱ-ն կրճատվեց 14 տոկոսով, պետք է քայլեր ձեռնարկի` դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու համար, որպեսզի, ասենք, եթե չլինի հանքարդյունաբերությունը, փոխարենը լինի գյուղատնտեսությունը կամ գուցե շինարարությունը:
Գևորգ Խաչատրյան