Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Հիշեցնենք, որ, «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:
Ըստ Զաքարյանի` Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջև կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլ նաև սպառողին:
«Հատով դեղ գնել չի լինի, որովհետև այդպիսով կխախտվի դրոշմապիտակավորման օրենքը: Սակայն սա դեռ ամենը չէ, դեղերի գինը կբարձրանա և առողջապահության նախարարության հայտարարած 4-5 դրամից շատ ու շատ ավելի գումարով»,- ասաց բանախոսը:
Նա նշեց նաև, որ դեղերի ներմուծմամբ զբաղվողները նույնպես գլխացավանքի մեջ կհայտնվեն` փաստացի չեն հասցնի դրոշմապիտակավորել բոլոր դեղերը: Դրոշմապիտակներ ձեռք բերելու խնդիր նույնպես կա. մի շարք ձեռնարկություններ դեռ չունեն դրոշմապիտակներ:
Ըստ Զաքարյանի` ֆինանսների նախարարությունն ընդունել է օրենքի նախագիծ` առանց մասնավոր սեկտորի հետ քննարկելու:
«Ասում են` օրենքը ստվերի դեմ պայքարելու համար է, բայց ընդհակառակը` օրենքն ավելի հարմար պայմաններ կստեղծի ստվերային գործունեություն ծավալողների համար: Տեսեք` դրոշմապիտակը տուփի վրա պետք է փակցնեն, իսկ տուփի մեջ եղած դեղերը 12 հատով վաճառելուց հետո նույն տուփի մեջ կարող են դնել նաև կեղծ, չգրանցված դեղերը ու հանգիստ վաճառել: Եվ հետո` պարզ չէ` մեծ քանակությամբ դեղեր պարունակող տուփերի դեպքում ի՞նչ պետք է անեն` դրոշմապիտակը պետք է ընդհանո՞ւր տուփին փակցնեն, թե՞ դրանք մանրացնեն և յուրաքանչյուր դեղի վրա փակցնեն»,- ասաց Զաքարյանը` հավելելով, որ իր խորին համոզմամբ` օրենքն ընդունվել է ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով: