կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 17:48
Հասարակություն

Հաց են թխում, որ դեղ առնեն, ի՞նչ Նոր տարի

Հաց են թխում, որ դեղ առնեն, ի՞նչ Նոր տարի

Մի ժամանակ գյուղում Ամանորից առաջ հարևաններով հավաքվում էին մեկի թոնրատանն ու լավաշ թխում: Այդպես թե’ մարդկանց գործն էր հեշտանում, թե' առիթ էր ստեղծվում նոր տարուց առաջ մի լավ զրուցելու դեսից դենից, պատմելու, թե ով ինչ է դնելու սեղանին, ով ինչ նոր թխվածքի բաղադրատոմս է իմացել, թե ումից են միսն առել, ինչքան ծախս են արել և այլն… Հիմա էլ են այդպես անում, բայց …

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, օրինակ, բոլորն իրենց թոնրատունն ունեն, բայց քչերն են լավաշ թխում, դե, իսկական տանջանք է, նախօրոք մեկին կպատվիրեն` կթխի կամ էլ կգնեն: Հաշված օրեր են մնացել Ամանորին, և Սոլակում լավաշի պահանջարկը մեծացել է…

 

Հացթուխ Լիլիթն էլ մի քանի պատվեր արդեն ստացել է: Հատկապես այս օրերին նրան շատ է գումար անհրաժեշտ, բայց ոչ թե այն բանի համար, որ մյուսների նման Նոր տարին նշի, այլ որ 12-ամյա դստեր համար դեղեր գնի: Լիլիթենց` Խաչատրյանների ընտանիքում  չեն էլ հիշում, թե երբ են վերջին անգամ Ամանորը նշել: Լիլիթը 4 անչափահաս երեխաների մայր է, հիվանդ ամուսնու և երեխաների հետ բնակվում է Սոլակի` խրճիթ հիշեցնող մի տանը, որն անգամ իրենցը չէ, այլ բարեկամներից մեկինը, ով լավության կարգով տրամադրել է այն երիտասարդ ընտանիքին:

 

Տան առաջին հարկում փոքրիկ և մութ անասնագոմն ու թոնրատունն են, որոնց պատուհաններին ապակիների փոխարեն մաշված պարկեր են քաշված: Երկրորդ հարկի պատուհանների մի մասին ապակիներ կան, իսկ մյուս մասը փակված է տախտակներով ու ցելոֆանով: Ընտանիքը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից. ջուրը կրում են դրսից, վերևում տաքացնում` ամանները լվանում, լողանում:

 

«Էն օրը երկրորդ հարկից ջուրը թափելիս ոտքս սղղաց, մեջքի վրա ընկա, երկու օր է` չէի կարողանում իրար գալ»,- մեզ հետ զրույցում պատմեց կինը:

 

Մեր այցելության ժամանակ Լիլիթը խմորի գունդ էր անում, պատմում զրկանքներով լի կյանքի, հազար ու մի հոգսերի և երազանքների մասին: Ամեն մի գունդն անելիս մի դարդից էր խոսում… Լիլիթի ավագ դուստրը` Անժելան, 7-րդ դասարանում է սովորում, բայց հաճախակի է բացակայում դասերից` լսողության և աղիքների հետ կապված խնդիրներ ունի: Շաբաթը մի քանի անգամ մայրը նրան տանում է Երևան` բժշկի: Խաչատրյանների ապրուստի միջոցը բազմազավակության համար տրվող նպաստն է և կովը, որից ստացված կաթը, ինչպես ասում է Լիլիթը, երեխաների բերանից կտրում, վաճառում են, որ դեղեր գնեն: Երբեմն էլ լավաշ են թխում ու վաճառում:

 

«Գոյացած պարտքերին թիվ-սահման չկա»,- պատմեց կինը և հավելեց, որ այլևս չեն էլ կարող վարկ վերցել. «Շատ ենք հիվանդացել: Տարի է եղել` մեր տան անդամներից 3-ին վիրահատել են, դրա համար էլ պարտքեր են գոյացել»:

 

Ի դեպ` մեկ ամիս առաջ էլ ամբողջությամբ այրվել էր Խաչատրյանների անասնակերը, և միայն գյուղապետարանի օգնությամբ են կարողացել միակ անասունի համար խոտ գնել:

 

Խաչատրյանների տունը գտնվում է Սոլակի միջնակարգ դպրոցի հարևանությամբ: Մեր այցելության ժամանակ երեխաներից 2-ը` 5-րդ դասարանի աշակերտուհի Վերոնիկան և 2-րդ դասարանցի Հայկը դպրոցում էին: Հենց այնտեղ էլ հանդիպեցինք և զրուցեցինք նրանց հետ: 7-ամյա Հայկը շատ երազանքներ ուներ, բայց ամենակարևոր մաղթանքը մեկն է. «Թող բոլոր մայրիկներն առողջ լինեն»: Մայրը գոհ է դպրոցից, ասում է`  երեխաների գրքերի համար գումար չեն վերցնում: Երեխաների հագուկապից էլ դժգոհ չէր, ասում է`  արդեն սովորել են ուրիշի հին հագուստներն ու կոշիկները հագնել:

«Որքան կարողանում են` բարեկամներն օգնում են, ես շորի փող չեմ տալիս, ես շոր չեմ առնում»,- ասաց մայրը: Բայց, օրինակ, Վերոնիկան այդպես չի մտածում. «Ես էլ կուզեի իմ ընկերուհիների նման առանձին սենյակ ու գեղեցիկ հագուստներ ունենայի»,- սրտնեղեց աղջիկը:

 

Մեզ չհաջողվեց տեսնել ընտանիքի մյուս անդամներին` մեկամյա Նարեին և հաշմանդամություն ունեցող Անժելային: Նրանք հոր հետ մյուս սենյակում էին: «Ամուսինս վատ է զգում մեր վիճակից, չէր ուզենա, որ նկարեիք»,- ասաց կինը: Ընտանիքի հայրը երկու վիրահատություն է տարել, ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել, այդ պատճառով էլ չի աշխատում, միայն ամռանը կնոջն օգնում է այգին մշակել:

 

Ամանորը մոտենում է, իսկ Խաչատրյանների վառելիքը` փայտի մի քանի կտորներն ու ճյուղերի խուրձը,  հազիվ թե բավականացնի 2 օր, իսկ դրանից հետո... «Հո չենք սառի, պետք է թանկուկրակ գազ վառենք, երեխեքին տաքացնենք, հետո էլ ոնց ենք էդ փողերը տալու, Աստված գիտի»,- ասաց Լիլիթը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Լուսանկարները` հեղինակի