Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված` Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման ֆինասնավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, թե ե՞րբ է ավարտվելու ծրագիրը, որքա՞ն է ծրագիրը հետ ընկել ժամանակացույցից:
Պատգամավորը նաև հարցրեց` արդյո՞ք որևէ մեկը պատժվել է Հյուսիս-հարավ ծրագրի չարաշահումների մասին` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից տվյալների հրապարակումից հետո: Նաև` թե ինչո՞ւ Հայաստանը ընդգրկված չէ Մետաքսի ճանապարհ կառուցելու աշխատանքներում:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2019-ին, ժամանակացույցից ետ չեն ընկել և ժամանակին կավարտեն: Նրա խոսքով` ՀՀ-ն առաջինն է եղել նախագահի` Չինաստան այցի ժամանակ, որ ներկայացրել է ծրագիր, որը վերաբերում էր երկաթուղուն: Նա նշեց, որ երկաթուղու մասին ՀՀ նախագահը խոսել է Չինաստանի իշխանությունների հետ, և կառավարությունը հույս ունի, որ այդ բարդագույն ծրագիրը Հայաստանը կկարողանա ի կատար ածել: Փոխնախարարի խոսքով՝ Մետաքսի ծրագիր կոորդինատներով գոյություն չունի, այն ամորֆ գաղափար է դեռևս, և խոսքը միայն ճանապարհային կապի մասին չէ, այլև բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու մասին:
Ավելի ուշ իր ելույթում Արամ Մանուկյանը նշեց, որ իր ելույթները ոչ թե ընդդիմադիրի ելույթներ են, այլ պատասխանատու ելույթներ, և այն, ինչ ասում է Հայաստանի մեկուսացման վերաբերյալ, դա ճշմարտություն է, որ Հայաստանը տրանսպորտային, երկաթուղային, գազային, օդային` բոլոր պրոյեկտներից դուրս է: Բավական է` իշխանությունները մեղադրեն թուրքին ու օտարին, թե Բիբինն է մեղավոր, որ հոսանքը թանկացնում են, թե թուրքն է մեղավոր և այլն: Մինչդեռ` Հայաստանը մրցունակ չէ, և քայլեր էլ չի անում` հզորանալու համար:
«Ադրբեջանը ինչքան վատ, ոչ դեմոկրատական երկիր է, բայց աշխարհը նրա հետ հաշվի է նստում, Ադրբեջանը Եվրոպական խաղեր է կազմակերպում: Դե գնացեք, դուք էլ նման պրոյեկտներ բերեք: Ո՞րն է մեր մրցունակությունը, միջազգային հանրությունը որտե՞ղ է մեզ լսում: Տղայական է իշխանությունների մոտեցումը, այսպես չի կարելի, որ ինչքան մեղավոր գտնեք, էնքան հերոս եք, սա մոտեցում չի»,- ասաց Արամ Մանուկյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, որ իր ասածը հետևյալն է, որ ՀԱԿ-ն ուներ ժամանակ՝ 1993-96 թթ., Հայաստանը մրցունակ դարձնելու համար: «Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»,- ասաց նա: