Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին` հետևո՞ւմ է, արդյոք, թե ինչ է կատարվում ճարտարագիտական համալսարանում, որտեղ մի խումբ դասախոսներ ահազանգում են բուհի աշխատակազմի ղեկավարի ճնշումների մասին, պատասխանեց. «Ես հետևում եմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Ցավում եմ, որ բուհում ստեղծվել է մի մթնոլորտ, որը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա: Հասկանալի պատճառներով զերծ եմ մնում հրապարակային ելույթներից: Եվ պատճառը միայն հարուցված քրեական գործը չէ, որի բացահայտման մեջ ես շատ շահագրգռված եմ և' որպես նախարար, և' որպես Արմեն Աշոտյան»:
Նա նշեց, որ պատճառներից մեկն էլ այն է, որ բուհի կադրային համալրման հարցը բուհի ինքնավարության հարցն է, որը չպետք է հանգեցնի կամայականությունների ու ամենաթողության: «Բուհում մթնոլորտը ստեղծում են դասախոսները, և ես ցավում եմ, որ այդ բուհը պարբերաբար հայտնվում է սկանդալների ու տեղեկատվական հոսքերում բացասական լրահոսի կենտրոնում: Ես փորձում եմ չմտնել այդ ամենի մեջ, որովհետև ես, որպես նախարար, այնտեղ մեկ մարդ եմ նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտանակատարի պաշտոնում, մնացած հարցերը իրենց հարցերն են: Ուզում եմ հասկանալ` ինչով է ավարտվելու այդ հետաքննությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ բուհում վերջերս
խնդիրներ են առաջացել
ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի և աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանի միջև, ով, Խոեցյանի ձևակերպմամբ, փորձում է ճնշել բուհի աշխատակիցներին: Բացի այդ` օրերս բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը, ով Խոեցյանի քեռին է, ազատվեց բուհի` ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից: