կարևոր
2251 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-26 15:09
Քաղաքական

Ցավում եմ և դատապարտում շրջափակումը․ Մակրոնը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

Ցավում եմ և դատապարտում շրջափակումը․ Մակրոնը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ Լեռնային Ղարաբաղի հարցում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը, որը ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար։

Ստորև ներկայացված է հարցազրույցից մի հատված․

- Դուք խոսեցիք ավելի լայն Եվրոպայի մասին՝ ընդհուպ մինչև Կովկաս… 2020 թվականին դուք հայտարարում էիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է։ Ութ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում այս տարածաշրջանի նկատմամբ։ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը որակում է որպես ցեղասպանություն սովի միջոցով: Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։

- Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա  տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

- Չնայած նրան, որ միջազգային փորձագետները փաստում են ցեղասպանական գործընթացի առկայությունը․․․

- Ես ձեռնպահ կմնայի այդքան արագ այդ ձևակերպումն օգտագործելուց։ Մենք գործ ունենք անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝ մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ  պահպանվի։ Բացի այդ, այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։