Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկ այլ սկանդալ է հասունացել: Համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության ու աշխատակազմի նորանշանակ ղեկավարի ջրերը մեկ առվով չեն հոսում:
Այսօր ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե համալսարանում լարված մթնոլորտ է` աշխատակազմի նորանշանակ ղեկավարը` Սամսոն Զատիկյանը, փորձում է ճնշումների միջոցով կապ հաստատել գործընկերների հետ: Խոեցյանի հավաստմամբ` Զատիկյանը 20 տարի աշխատել է ոստիկանական համակարգում և կրթական ոլորտի հետ որևէ առնչություն չունի, հիմա էլ փորձում է բուհում ծառայողական օրենքներով շարժվել:
«Աշխատասենյակներում չարտոնված խուզարկումներ են լինում, ի՞նչ իրավունքով է նա առանց իմ ներկայության մտել իմ սենյակը, երբ արտակարգ իրավիճակ չի եղել: Խնդրի հետ կապված` դիմել եմ դատախազություն, քանի որ մեր անվտանգության հարցն է այստեղ. եթե համակարգիչներից որևէ մեկով ինչ-որ բան արվի` պարզ է, չէ՞, որ հետո ես եմ մեղավոր դուրս գալու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ խուզարկումների կապակցությամբ սկսել եմ դժգոհել, զեկուցագիր է «հայտնվել», ըստ որի` ռեկտորն է հանձնարարել ստուգել՝ արդյոք հոսանքը միացրա՞ծ է մնացել»,- ասաց Խոեցյանը:
Ըստ նրա` աշխատակազմի ղեկավարը ՏՏ ոլորտի հետ բոլորովին կապ չունի, բայց փորձում է այդ վարչությունում վերակազմակերպել աշխատանքները: Խոեցյանի ձևակերպմամբ` Զատիկյանին թվում է, թե եկել է` գումարտակ կառավարելու:
«Ի դեպ, վերջին շրջանում ռեկտորի վերաբերմունքը նույնպես կտրուկ փոխվել է իմ նկատմամբ, այն դեպքում, երբ մենք հիանալի ենք համագործակցել իրար հետ: Ավելին` երբ պարոն Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի դեմ հարձակում էին գործել, ես էի նրա ներկայացուցիչը 6-րդ վարչությունում»,- ասաց Խոեցյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Թոքմաջյանն իրեն է կասկածում այդ դեպքի հետ կապ ունենալու մեջ, նա պատասխանեց, որ հույս ունի` ոչ. «Ես ռեկտորի IT անվտանգությունն ապահովողն եմ եւ առաջին շահագրգիռ անձը, որ նման բան տեղի չունենար»:
Ի դեպ, Խոեցյանը նշեց նաև, որ դիմել է նաեւ ՀՀ ԿԳ նախարարին` հարցին լուծում տալու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը նշեց, որ 20 օր է, ինչ աշխատում է բուհում, մինչ այդ Խոեցյանին չի ճանաչել, ուստի պետք է բացառել կատարվածը միջանձնային որևէ հարաբերության արդյունք համարելը: Զատիկյանի հավաստմամբ` բուհում փորձում է բարեփոխումներ իրականացնել, կարգավորել աշխատանքը, սակայն որոշ մարդկանց դա, կարծես, դուր չի գալիս, ինչն էլ բողոքելու տեղիք է տվել:
«Իրենից ընդամենը պահանջում եմ, որ ժամանակին աշխատանքի գա: Մարդիկ ուղղակի ցանկություն չունեն նորմալ աշխատելու: Ես նրանից ի՞նչ եմ պահանջել, ասե՞լ եմ` արի, իմ տան բոստանը փորի, ճիշտ ժամանակին աշխատանքի գալ եմ պարտադրել: Եթե վարչության պետը ժամը 9-ին չի գալիս աշխատանքի, աշխատողը ժամը 9-ին կլինի՞ տեղում: Ավելին` նրան 4-5 կետից բաղկացած հանձնարարություն կա տրված` աշխատակազմի` դեռ նախորդ ղեկավարի օրոք, բայց նա չի կատարել դրանք»,- ասում է Զատիկյանը և հավելում, որ նրանց աշխատանքի թերացումների պատճառով էլ կայքերը կոտրում են, տեսախցիկների կեսը չի աշխատում, չգիտեն` որտեղ ինչ համակարգիչ կա:
Անդրադառնալով հարցին, թե գիշերը խուզարկումներ են իրականացվել սենյակներում, նա նշեց, որ աշխատասենյակը պետական սեփականություն է, որտեղ ամեն օր անգամ հավաքարարն է մտնում մաքրելու, իսկ սենյակների բանալիները առաջին հարկում կախված են լինում:
«Ամբիոնի վարիչ կա` իր աշխատասենյակի դռները երկաթյա է դարձրել, ինչի՞ համար, ի՞նչ ծածուկ բան կա աշխատասենյակում: Ես անվտանգության աշխատակցի հետ մտել ենք Խոեցյանի սենյակը, որտեղ հոսանքը միացրած էին թողել, անջատել ու դուրս ենք եկել: Համակարգչի էկրանն էլ էր միացված, բայց անգամ դրան ձեռք չենք տվել, որ հետո խոսակցության թեմա չդառնա»,- ասաց Զատիկյանը:
Ուշագրավ մի պատմություն ևս` հոկտեմբերի 3-ին ամբիոնի վարիչների մեկի` Հենրիկ Կարապետյանի համակարգչի վրա հարձակում է տեղի ունեցել, բայց մինչև կեսօր, ըստ Զատիկյանի, Կարապետյանը չի կարողացել կապ հաստատել Խոեցյանի հետ: Կարապետյանը զանգահարել է տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչություն, նախ` չեն պատասխանել, իսկ որոշ ժամանակ անց բաժնի աշխատակիցներից մեկն ասել է, որ հարցի մասին կհաղորդի Խոեցյանին և շուտով քայլեր կձեռնարկեն:
Հարցի հետ կապված` Կարապետյանը «Ծառայողական գրություն» է ներկայացրել բուհի ռեկտորին, որին ի պատասխան` Խոեցյանը նշել է /մեջբերում ենք բացատրագրից/.«Որպես հավելում` ցանկանում եմ նշել, որ պարոն Հ. Կարապետյանի ծառայողական գրության մեջ զետեղված միտքն առ այն, որ նա հեռախոսազանգով է շփվել իմ աշխատակիցների հետ` չի համապատասխանում իրականությանը և ես տեսնում եմ 2 հնարավոր տարբերակ. կամ պարոն Կարապետյանը սխալմամբ կապվել է մեկ այլ հեռախոսահամարի հետ և այնտեղից պատասխանող անձը չար կատակ է արել` ներկայանալով որպես բաժնի աշխատակից, կամ պարոն Կարապետյանը, ինձ համար անհասկանալի նպատակով, փորձում է բացասական լույսի ներքո ներկայացնել ցանցային բաժնի աշխատանքները և դիտավորյալ զրպարտում է»:
ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ yerkir.am-ին տեղեկացրին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստացել է Վլադիմիր Խոեցյանի նամակը և հանձնարարական է տվել ուսումնասիրել ու արդյունքն անձամբ իրեն հայտնել, դեպքի մանրամասներն այժմ ուսումնասիրվում են:
Կարինե Հարությունյան